Ուղիղ եթեր
Կարևորվել է ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար հարկային առավել բարենպաստ և մրցունակ միջավայրի ձևավորումը
copy image url

Կարևորվել է ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար հարկային առավել բարենպաստ և մրցունակ միջավայրի ձևավորումը

Ներքին 2 տարի առաջ - 21:30 06-09-2022
Ներկայումս հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի այն տնտեսվարողների համար, որոնց աշխատողների քանակը չի գերազանցում 30-ը: Նրանք մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկը 10 տոկոս դրույքաչափով է նախատեսված:

Հաշվի առնելով, որ ՌԴ-ից ՏՏ ոլորտի մասնագետների հոսք կա՝ մեր երկրի մրցունակությունը պահպանելու համար պետք են նոր մեխանիզմներ և աջակցության նոր ուղղություններ: Հարկային հատուկ ռեժիմը, որը սահմանված է մինչեւ 30 աշխատակիցների համար, ուղղված է նորաստեղծ փոքր ընկերություններին, ինչը ստվերի առաջացմանն է նպաստում՝ կանխելով զարգանալու հնարավորությունը: Տնտեսվարողը, հարկային արտոնությունից օգտվելու համար, նախընտրում է մնալ փոքր չափերի մեջ: Մի շարք երկրներում ավելի լավ պայմաններ են, ու չի բացառվում, որ ՏՏ ոլորտի մասնագետները, որոնք եկել են ՀՀ, կարող են գնալ երրորդ երկիր: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Այժմ առաջարկում են հարկային բարենպաստ ռեժիմը տարածել ոչ միայն փոքր աշխատողների շրջանում, այլ՝ ամբողջ ՏՏ ոլորտի: Իսկ միկրոձեռնարկատիրական ընկերություններին առաջարկում են հարկերից ազատել:

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունների նպատակն է ստեղծել մրցունակ հարթակ: Ըստ նրա՝ հարկային բեռը պետք է նվազեցնել, որը կբերի ավելի մրցունակ հարթակ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ընդգծելով թեմայի կարևորությունը, նշել է, որ հարկային արտոնությունները կոնկրետ նպատակներին հասնելու արդյունավետ միջոց են:

«Կառավարությունը վերջին շրջանում գնում է հարկային արտոնություններից աստիճանաբար հրաժարվելու ճանապարհով, որ հարկային դաշտը չձևախեղվի: Բայց մյուս կողմից էլ, եթե ուզում ենք որևէ ոլորտ առանձնացվի, դա պետք է արվի հարկային համակարգով, որ գրավիչ լինի այլ երկրների հետ մրցակցելիս: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, արդեն հարցման արդյունքներն էլ են այդ մասին վկայում, Հայաստան գալու հիմնական գործոններից մեկը հասարակության վերաբերմունքն է իրենց նկատմամբ, հետո գալիս են մնացած բաները: Կան նաև խանգարող հանգամանքներ, բայց մենք չպետք է հույսներս դնենք միայն լավ վերաբերմունքի, համեղ սննդի կամ ռուսերենի իմացության վրա: Պիտի որպես բիզնես այդ մարդկանց համար ապահովենք այնպիսի պայմաններ, որ իրենք չմտածեն Հայաստանից տեղափոխվելու մասին: Եթե մենք այս ռեսուրսը ճիշտ չօգտագործենք, կնշանակի պահը բաց թողնել»,-նշել է Բաբկեն Թունյանը:

«Շուրջ մեկ տարի է օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմակերպությունների ներկայացուցիչների և ոլորտային իրավաբանների մասնակցությամբ: Հավաքագրվել են շահագրգիռ կողմերի տեսակետներն ու առաջարկությունները»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Օրենքի նախագծում ներառվել է «լիազորող նորմ» հասկացությունը, նախատեսում են մշակել լրացուցիչ պետական աջակցման ծրագրեր: Նախատեսվում է նաև 30 աշխատակցի շեմը դարձնել 50: Դավիթ Սահակյանը նշել է, որ 2018 թ. փետրվարի 1-ից արտոնագիր ստացած ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը, ըստ նախագծի, կերկարաձգվի 5 տարով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ Հայաստանն անդամակցում է միջազգային մի շարք կառույցների, և մեր պետության հարկային համակարգը պետք է խնդիրներ չստեղծի անդամակից երկրների համար:

Վաղարշակ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ունենալ մրցունակ օրենք՝ արձանագրելով ոլորտում մեծ ձեռքբերումներ: Նշվել է, որ առաջիկայում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կկազմակերպվեն նոր քննարկումներ:

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
23:44 ChatGPT-ն մեկնաբանել է Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը
17:13 Ով մեզ կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ. Արսեն Թորոսյան
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են