Կեցցե մաքառող ազատ Արցախը, կեցցե ոտքի կանգնող միասնական Հայաստանը. Չալաբյանի շնորհավորական ուղերձը
copy image url

Կեցցե մաքառող ազատ Արցախը, կեցցե ոտքի կանգնող միասնական Հայաստանը. Չալաբյանի շնորհավորական ուղերձը

Ներքին 2 տարի առաջ - 13:03 02-09-2022
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

Ուղերձում նշվում է․

«31 տարի առաջ այս օրը, ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը: Պայքարը Արցախի ազատության համար դարձավ հայության մի ամբողջ սերունդի ճակատագիրը՝ իր թռիչքներով և անկումներով, հաղթանակներով և պարտություններով, փառքով և անպատվությամբ՝ երեք տասնամյակների պատմություն, որ դարձել է մեր բոլորի կյանքի անբաժանելի մասը, մեր անանց հպարտությունն ու ցավը։

2020 թ․ պատերազմը, ցավոք շրջեց մեր նախորդ տարիների ձեռքբերումների զգալի մասը, չնայած մեր ազգի լավագույն որդիների հերոսական պայքարին, մաքառմանը և զանգվածային նահատակությանը: Սակայն պայքարը Արցախի ազատության համար չի ավարտվել, այնտեղ շարունակում են ապրել մեր խիզախ, համառ և իրենց հող ու ջրին նվիրված հայրենակիցները, շարունակում են պաշտպանել իրենց ու մեր բոլորի սրբությունները, ամեն օր դիմահար նայել թշնամու դիրքերին, որոնք այսօր սեղմել են պաշարման օղակը Արցախի շուրջը, պարբերաբար էլ դիմագրավել նրա նոր լկտի ոտնձգություններին, անհավասար կռիվ տալով մինչև ատամները զինված ոսոխի հետ։

Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է գիտակցենք, որ Արցախը լոկ տարածք չի, որը կարելի է հանձնել՝ պատրանքային "խաղաղության" դիմաց։ Արցախը այն հզոր ամրոցն էր, որ պաշտպանում էր մեր հարավն ու արևելքը, և քանի կար այդ ամրոցը, թշնամիները ստիպված են հաշվի նստել մեր հետ, մեր մնացած սահմանները անձեռնամխելի էին, մեր անվտանգությունը՝ ամուր, մեր պատիվը՝ բարձր։ Այսօր էլ մենք դեռ հնարավորություն ունենք շրջելու պատմության ընթացքը, նվիրումով և ամենօրյա աշխատանքով վերականգնենք մեր պատիվը, և վերանվաճենք որպես ազատ ու հզոր ազգ ապրելու մեր աստվածատուր իրավունքը: Դա նաև մեր պարտքն է երեք տասնամյակ չդադարող պատերազմի հերոս նահատակների հիշատակի առաջ, մեր բոլոր հերոս նախնիների առաջ, որոնք մեզ հրաշագեղ հայրենիք են ժառանգել, և որը մենք պետք է անխաթար փոխանցենք մեր սերունդներին՝ որպես ազատության և երջանության հիմնական աղբյուր:
Ուստի կեցցե մաքառող ազատ Արցախը, կեցցե ոտքի կանգնող միասնական Հայաստանը, կեցցեն բոլոր նրանք, ովքեր չեն ընկճվում և շարունակում են մեր պայքարը, և կեցցեն մեր երեխաները, որոնք ազատ և հոզոր հայրենիք են ժառանգելու, և շարունակելու են այն շենացնել։ Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր այս բոլոր երազանքների իրականացմանը, Աստված լուսավորի իրենց սուրբ հոգիները»։