Ներքին 4 տարի առաջ - 10:19 02-09-2022

Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական ու վճռորոշ օր: Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ հանրապետության կազմավորման մասին: Պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ, կամքը՝ անկոտրում, ոգին՝ անպարտելի:

Սակայն, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով:

2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդի համար դարձավ մի նոր արհավիրք՝ խլելով մեր հազարավոր քաջազուն որդիների կյանքը, խեղելով բազմաթիվ ճակատագրեր: Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի ու հպարտ հարազատների առջև:

Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է «Լաչինի միջանցքի» նոր երթուղին, որի անվտանգությունը մեր Հանրապետության համապատասխան կառույցների հետ ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Մենք խորապես շնորհակալ ենք մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ մշտապես ցուցաբերվող զորակցության համար, Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախում ստանձնած մեծ առաքելության համար, և բոլոր այն պետություններին, քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք այս բոլոր տարիներին եղել են մեր կողքին՝ հավատարիմ մնալով արդարության, մարդասիրության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին:

Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան:
Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո