Ներքին 3 տարի առաջ - 18:12 01-09-2022

Նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ․ ՄԻՊ-ը՝ պետական դավաճաններին մահապատժի ենթարկելու մասին

Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշում է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկի կապակցությամբ։

«Արձագանքելով տարբեր հարցումներին, տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մտահոգիչ է համարում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առկայությունը, դրանց քանակը և իհարկե, ենթադրյալ հանցավոր արարքների դրսևորման եղանակները։ Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ է տանել առավել արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցավոր արարքների նախականխման և կանխման համապատասխան միջոցառումներ։ Այլ կերպ ասած՝ իրավապահ մարմինների, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական և հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու լուծումները չպետք է փնտրել Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների և սահմանադրական արժեքների նվազեցման մեջ։

Բացի դրանից՝ անհերքելի ճշմարտություն է նաև այն, որ քրեական քաղաքականության ընդհանուր կանխարգելիչ ֆունկցիայի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան հանցավոր արարքի համար նախատեսված պատժի խստությամբ, որքան հանցավոր արարքի համար պատժի անխուսափելիության ապահովմամբ։ Հետևաբար, Պաշտպանի գնահատմամբ, պետության քրեական քաղաքականությունը հատկապես պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով, այդ թվում՝ պետական դավաճանության պարագայում, պետք է գնա հնարավոր հանցավոր արարքների նախականխմանը, կանխմանը կամ խափանմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացման և կատարված հանցագործությունների դեպքում պատժի անխուսափելիությունն ապահովելու ճանապարհով։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում, քանի որ այն մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները»,- ասվում է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը