Ներքին 4 տարի առաջ - 10:20 01-09-2022

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։

Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության։ Արդարև, իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի և հասարակության համար ուսումն ու կրթությունը առաջնահերթ նպատակներ են։ Այդպես է դարերով ընկալել նաև մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը։ Այս համոզումը առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ մեր կյանքը խռովված է պատերազմի ծանր հետևանքներով, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով։ Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային և հոգևոր մեր արժեքների վրա, որպեսզի մեր զավակները հարազատ մնան իրենց ինքնությանը և աստվածային պատգամների կենսագործմամբ կառուցեն իրենց կյանքն ու ապագան մեր հայրենիքի։ «Տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում խոհեմությամբ, և գիտությամբ շտեմարանները լցվում են ամենայն հարստությամբ ու պատվական բարիքներով» (Առակ․24․ 3-4)։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված լուսավոր պահի մեր կրթօջախները, օրհնի մանկավարժներիդ աշխատանքը` կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ և պարգևի ձեզ ուժ ու եռանդ ձեր նվիրական առաքելության մեջ։ Սիրելի սաներ, զորացեք ջանասիրությամբ, քաջարթուն մտքով ու հոգով և ձեր ուսուցիչների առաջնորդությամբ ու միասնական ջանքերով ուսումնական տարին առատ դարձրեք արդյունքներով, որոնք պիտի լուսավորեն ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ ժողովրդի ճանապարհը ու ծառայեն աստվածպարգև մեր հայրենիքի զորացմանն ու առաջընթացին:
Թող Աստված Իր Ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ առատապես օրհնի ու հանապազ պահպանի մեր հայրենիքն ու ժողովրդին»:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց