copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:07 20-08-2022

Ես այն մարդը չեմ, որին որևէ կողմ փորձի կամ կարիք ունենա ուղղորդելու․ Անահիտ Բախշյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Ես չէի ուզենա անդրադառնալ իմ նախաձեռնության արձագանքներին, թեև կային նաև այնպիսիք, որ անձնական վիրավորական բառապաշար էին օգտագործել, բայց կարծում եմ՝ այդպես յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի՝ ՀՀ կառավարությանն ուղղված բողոքին ի պատասխան նախաձեռնած ֆլեշմոբի վերաբերյալ քննադատություններին։

«Ես հավատում եմ՝ Հայաստանը ինքնիշխան է, որքան էլ այսօրվա վիճակը հավատ ներշնչող չէ ու ինձ հուսահատեցնում է, բայց ես ուզում եմ հավատալ, որ մենք պետք է պահենք մեր ինքնիշխանությունը և պետականությունը։ Ես ցավում եմ, որ մարդիկ ֆլեշմոբի ուղերձի այդ մասը չհասկացան կամ չգնահատեցին, կասկածներ հայտնեցին, թե արդյոք Հայաստանում ժողովրդավարություն կա, թե՝ ոչ։ Այո՛, ես էլ եմ համամիտ Հայաստանում շատ մտահոգությունների հետ՝ ժողովրդավարության հետ կապված, ես էլ մեծ դժգոհություններ ունեմ գործող իշխանության արածների ու հատկապես չարածների համար, բայց այնուամենայնիվ, այդ ֆլեշմոբի ուղերձը հստակ էր․ այն Ռուսաստանի ԱԳՆ-ի շատ կոշտ, կոպիտ միջամտության դեմ էր Հայաստանի ներքին գործերին»։

Անդրադառնալով հարցադրումներին, թե ինչու Թուրքիայի դեմ, Աղավնոյի ու Բերձորի հանձնման դեմ ֆլեշմոբ չի անում, Բախշյանը նշեց, որ նման բան ասողները չեն հետևում իր մեկնաբանություններին։

«Ես թե՛ Աղավնոյի, թե՛ Բերձորի հետ կապված իմ ցավը հայտնել եմ, բայց ես մասնագետ չեմ, որ ասեմ՝ ինչ անել, որ ավելի լավ լինի, կամ Թուրքիայի քաղաքականության հետ կապված։ Այս առումով՝ հարգարժան Դանիելյան Գևորգը մեկնաբանություն էր գրել, ես պատասխանել էի, թե դուք գրեք այդ տեքստը, ես կմիանամ Ձեր նախաձեռնած ֆլեշմոբին։ Կան բաներ, որի համար իմ մասնագիտական կարողությունները բավարար չեն, որպեսզի ես ճիշտ գնահատական տամ։ Ինչ վերաբերում է զգացական մասին, ես հավատում եմ ու ուզում եմ, որ մեր ժողովուրդը նույնպես հավատա մեր պետության հարատևությանը»։

Դիտարկումներին, թե ֆլեշմոբ նախաձեռնելու համար արդյոք իշխանություններն իրեն ուղորդել են, նա պատասխանեց, որ իրականում համացանցում տեսել է նախաձեռնությունը և միացել դրան, և որևէ մեկն իրեն չի ուղղորդել․ «Կարծում եմ՝ ինձ ուղղորդելու կարիք չկա։ Ես կերպարով այն մարդը չեմ, որին որևէ կողմ փորձի կամ կարիք ունենա ուղղորդելու, առավել ևս իշխանությունը, դա սխալ ընկալում է»։