copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:59 18-08-2022

Եթե ռուսները տեղից չեն շարժվելու, ինչո՞ւ են Աղավնոյում ջուրն անջատում, «վիշկաները» հավաքում․ հիմա ո՞վ է ցեղասպանություն անում

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Եթե ռուսներն ասում են՝ Աղավնոյից ու Բերձորից մի «սանտիմ» տեղից չեն շարժվելու, մինչև նոր ճանապարհը պատրաստ չլինի, ապա ուզում եմ հարցնել՝ այդ դեպքում ինչո՞ւ են ասում՝ մինչև 25-ը ժամանակ են տվել մարդկանց, հիմա էլ փոխել են ժամկետը, ասում են՝ 20-ին դուրս եկեք»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայոց ազգային գվարգիա» ՀԿ-ի ղեկավար Արշակ Զաքարյանը, ով այսօր էր վերադարձել Աղավնոյից։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։

«Եթե դա այդպես է՝ ինչո՞ւ են ջուրը անջատում, լույսի «վիշկաները» հավաքում, հիմա ո՞վ է ցեղասպանություն անում։ Դա ցեղասպանություն է, չէ՞, ստացվում է մեր իշխանությունն է անում։ Չեն մտածում, որ էդ մարդկանց կապից զրկում են, լույսից զրկում են, ձեռագիրը նույնն է, ինչ արեցին Քարվաճառում․ լույս, գազ, հեռախոս, ամբողջն անջատեցին, ու ի՞նչ՝ հիմա իրենք մասնակից չեղա՞ն այդ ցեղասպանությանը։ Ով մասնակցում է էդ ամենին, մասնակցում է ցեղասպանությանը»։

Նա ընդգծեց, որ սա նախատեսված էր Նոյեմբերի 9-ի համաձայնագրով։

«Նա, ով ստորագրել է այդ համաձայնագիրը, հիմա տեր է իր ստորագրությանը և կատարում է իր պարտավորություններն իր եղբոր մոտ»։

Անդրադառնալով Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևի այցին Աղավնո՝ Զաքարյանն ասաց, որ Աղավնոյում ոչ ոք չգիտեր, թե նա ով է։

«Եթե ճանաչեինք, նա էնտեղից ողջ դուրս չէր գա։ Ռուսները BTR-ով բերել են, BTR ով տարել են։ Նրան ներկայացրել են որպես Երևանից եկած անգլիացի լրագրող, ես էլ հետը խոսողներից մեկն եմ եղել, չենք էլ ճանաչել։ Անգլերեն էր խոսում, հետո նաև ռուսերեն սկսեց խոսել, բայց արտասահմանցու նման էր խոսում։ Հարցրեց՝ հայերը որ 1990 թ-ին եկել են էստեղ․․․ մենք էլ պատասխանեցինք, որ 1990-ից չեն եկել, 4-րդ դարի եկեղեցի ունենք, ավելի վաղ էլ ենք ապրել, պարզապես եկեղեցին 4-րդ դարի է, ու դա արդեն ապացույց է։ Բոլորս մեր գործերով խառն էինք, 2-3 հարց է տվել, բայց ասել ենք այն, ինչ ուզել ենք, իր նվագով էնտեղ ոչ մեկը չի պարել։ Ասել ենք, որ թուրքերը ուզում են էթնիկ զտումներ իրականացնել։ Հարցրեց՝ կարո՞ղ եք համերաշխ ապրել, մենք էլ հարցրինք, թե պանթուրքիզմի ծրագրով համերաշխություն կարո՞ղ է լինել։ Իրենք ուզում են մեզ վերացնել տարածքից, ինչպես դա արեցին Նախիջևանում։ Շուտով կերևա՝ ինչ է հրապարակելու ու որքանով ազնիվ կլինի։ Էնպես չի, ինչ ուզել՝ դա էլ արել է։ Ստում է, թե մտել է գյուղ, հանգիստ շրջել է գյուղում։ Էդքան համարձակ էր, թող ասեր Ֆաթուլաևն եմ, հիմա բիճ-բիճ խոսում է, բայց էնտեղ ոչ մեկը չի իմացել, որ ինքն ադրբեջանցի է։ Գնալուց միայն 5 ժամ հետո ենք իմացել՝ ով է։ Մի քանի բառ է խոսել։ Եթե ճանաչեինք, 2 քայլ էլ էնտեղ չէր կարող անել ու ռուսներն էլ իրեն չէին փրկի»։