Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:06 15-08-2022

«Երազ փրոջեքթս»-ը քննարկել է միջոցառումը չեղարկելու հնարավոր տարբերակները, սակայն չի չեղարկել

«Երազ» այգում երեկ՝ բացօթյա համերգային ծրագիր ժամանակ, ռուս աղջիկը հանկարծակի բեմ է բարձրացել, դիտողություն և ամոթանք տվել միջոցառման ներկաներին․ «Մի քանի կանգառ այն կողմ ձեր հայրենակիցներն են մահացել, չե՞ք ամաչում պարելու ու երգելու համար»։ Ի պատասխան՝ տեղում զվարճացողները նրան ծաղրել էին։ Միջադեպը լայն արձագանք էր ստացել սոցցանցերում։

Ավելի վաղ տեղի ունեցածի վերբերյալ Oragir.news-ը կապ էր հաստատել «Երազ» այգու մամուլի ծառայության աշխատակցի հետ, սակայն աշխատակիցը հրաժարվել էր պատասխանել մեր հարցերին և տեղեկացրել էր, որ իրենք «Երազ» այգու էջում մեկ ժամվա ընթացքում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։

Մոտ երկու ժամ անց «Երազ փրոջեքթսի» կողմից հաղորդագրություն տարածվեց, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Երեկ՝ օգոստոսի 14-ին, Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել։ Ցավոք, դժբախտ պատահարի հետևանքով նաև զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում տուժածների ընտանիքներին ու հարազատներին, ցանկանում ենք ուժ, կորով և տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Այս աղետալի իրավիճակում համացանցում դեռ շարունակվում են տարածվել ու շրջանառվել տարատեսակ հրապարակումներ և խեղաթյուրված մեկնաբանումներ «Երազ այգում» Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի՝ «Խաղողօրհնեքի» միջոցառման անցկացման և վերջինիս չչեղարկման վերաբերյալ։

Ի պատասխան այդ հայտարարությունների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից պարբերաբար արվող հարցադրումներին՝ նշենք.

• Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերի տարածումից անմիջապես հետո «Երազ փրոջեքթսի» թիմը քննարկել է միջոցառման անցկացման և չեղարկման հնարավոր տարբերակները։

• Հաշվի առնելով օրվա խորհուրդը, տոնի նշանակությունն ու մեր միջոցառման ձևաչափը՝ որոշում է կայացվել այնուամենայնիվ շարունակել միջոցառումը, սակայն ոչ նախատեսված օրակարգով, այլ ավելի կարճ ու միայն ավանդական ծիսակարգերն ու արարողություններն անցկացնելով։ Միջոցառումը մեկնարկել է խաղողի օրհնության եկեղեցական կարգով. քահանան աղոթել և բաժանել է օրհնված խաղողը հյուրերին։

• Համերգային ծրագիրը ևս տևել է նախատեսվածից շատ ավելի կարճ, ծրագրում չեն եղել ակտիվ երաժշտական համարներ և համերգն ավարտվել է երգ-աղոթքով։

• Ինչպես յուրաքանչյուր ազգային տոն, որ նշում ենք «Երազ այգում», «Խաղողօրհնեքի» միջոցառման կոնցեպտն ու ձևաչափը ևս եղել է բացառապես ազգայինը, նպատակն էլ՝ հայկական մշակույթի, ավանդական ծեսերի և արարողակարգերի վերհանումն ու տարածումը։ Եվ ստեղծված իրավիճակում մեզ համար որքան էլ բարդ, բայց և կարևոր էր քրիստոնեական այս տոնի խորհուրդը պահելն ու խաղողի օրհնության կարգն անցկացնելը։

«Երազ փրոջեքթսի» ամբողջ թիմի անունից ևս մեկ անգամ մեր զորակցությունն ենք հայտնում տուժածների ընտանիքներին։

Հարգելի՛ հայրենակիցներ, հորդորում և կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից ու ապատեղեկատվություն տարածելուց»։