Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:31 10-08-2022

ԵՊՀ-ն Բերձորում մի քանի հարյուր միլիոն է թողնում. նիկոլական ռեկտորը ոչինչ չի ձեռնարկում գոնե հուշարձանները փրկելու համար

«Քանդակաշարերի մի մասն արդեն տեղափոխված է․ մոտ մեկ շաբաթ առաջ էինք տեղափոխել»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՊՀ-ի ջանքերով Աղավնոյում տեղադրված քանդակաշարերը ինչ ճակատագրի են արժանանալու։

«Հուշաքարերը Ռոման Գրիգորյանի գործերն են, քանդակաշարերը արդեն տեղահանված են, մեկ շաբաթ առաջ էինք տեղափոխել, Մոնթեի քարն էլ ենք տեղափոխել, Ազգալդյանի հուշաքարն էլ ենք տեղափոխել, հիմա պետք է տեղափոխենք Ստեփան Ալաջաջյանի հուշաքարը՝ «Եղեգները չխոնարվեցին» անունով»,- ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Բերձորի և Աղավնոյի բնակչությանը մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել՝ գյուղերը լքելու համար։

Որոշվա՞ծ է, թե ուր են տեղադրվելու տեղահանված քանդակաշարերը՝ հարցրինք նախկին դեկանին։

«Առայժմ կգտնվեն Ստեփանակերտում, մինչև որոշենք՝ որտեղ պետք է լինեն»,- պատասխանեց Մելիքյանը։

Անդրադառնալով Արցախում ստեղծված ներկայիս վիճակին՝ Մելիքյանն ասաց. «Կորուստն ինչ բան է, այն էլ՝ հողի կորուստը, խաչքարերը և հուշաքարերը սիմվոլներ են պարզապես, բայց հողի կորուստն ամենադժվարն ու ամենածանրն է, ի՞նչ ասեմ, ավելի քան արդեն 30 տարի է՝ այդ ճանապարհին ենք, ազատագրվելուց հետո 29 տարի էլ այդ ճանապարհին ենք, ծանր է, շատ ծանր»։

Պատասխանելով հարցին, թե էլ ինչ քանդակներ են մնացել Աղավնոյում, որ պետք է տեղափոխվեն, Մելիքյանն ասաց. «Այնտեղ են դեռ Զավեն, Նարեկ Եկավյանների հուշաքարերը, Եղեռնի 100-ամյակին նվիրված պուրակի հուշաքարը և համալսարանի հիմնադրման 90-ամյակի հուշաքարը, պուրակի հուշաքարը և Ստեփան Ալաջաջյանի հուշաքարը»։

Հարցին, թե թվարկված բոլոր հուշաքարերը արդյոք գտնվում են հենց Աղավնոյում, Մելիքյանը պատասխանեց. «Այո՛, Աղավնոյի շրջակայքում էին՝ մինչև Աղավնո, մինչև կամուրջը և կամուրջից հետո»։

Հարցին, թե այդ տեղափոխման աշխատանքները համալսարա՞նն է անում, Մելիքյանը պատասխանեց. «Մի մասը մենք ենք տեղափոխել, համալսարանը չի կատարում, երեք հուշաքար մենք ենք տեղափոխել, մնացածը՝ իշխանությունները»։

Ի դեպ, Օragir.news-ը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից էլ փորձեց իմանալ, թե ինչ է անում տարիների ընթացքում ԵՊՀ-ի ֆինանսական միջոցներով տեղադրված հուշաքարերը տեղափոխելու համար, կամ գոնե հետաքրքրվո՞ւմ է դրանց ճակատագրով, սակայն Հովհաննիսյանը հարցերին պատասխանելու փոխարեն որոշեց դրանք շրջանցել՝ օգտագործելով իրենց համար փկօղակ դարձած արտահայտությունը․ «Գրավոր հարցում ուղարկեք»։