Երևան +15°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:39 08-08-2022

Ես այսքան ժամանակ չեմ լսել, որ այդ եռամսյա հավաքի մասնակիցները որևէ բժշկական քննություն անցնեն. ռազմական բժիշկ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Պատասխանատվություն է կրում Պաշտպանության նախարարությունը։ Կազմակերպում է եռամսյա հավաքներ, պատշաճորեն պետք է ստուգի մարդկանց առողջական վիճակը, նոր թույլ տա, որ նրանք մասնակցեն այդ հավաքներին, զորավարժություններին և այլն»։

Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ եղած ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային, շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանի մահվան դեպքին։

Ալեքսանյանն ասաց. «Փաստորեն, երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, բայց ներկայացրել են զինկոմիսարիատ․ այդ փաստաթղթերին ուշադրություն չեն դարձրել, և հետագա ճակատագիրը մենք տեսանք․ նա հանկարծամահ է եղել։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա, թե մահն ինչից է եղել։ Պատասխանատվությունը Պաշտպանության նախարարության վրա է, քանի որ նրանք պարտավոր են առողջական խնդիրներով մարդկանց լսել։ Նրանք պատասխանատվություն են կրում նրանց համար, ում որ հավաքներին կանչում են, և պարտավոր են պատշաճ բուժօգնություն, բուժզննություն ցուցաբերել և ոչ թե իմիջայլոց վերաբերմունք ցույց տալ, իսկ հետո մարդիկ մահանան, և այդ մահվան համար էլ են իրենք պատասխանատու»։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց նաև ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ, ով, պատասխանելով հարցին, թե ով է պատասխանատվություն կրում եռամսյա հավաքների ժամանակ հանկարծամահ եղած Ատոմ Հարությունյանի մահվան դեպքի համար, ասաց.

«Ճիշտն ասած՝ ես պատասխանատվության դաշտը չեմ կարող հստակեցնել, բայց իրականում թե՛ եռամսյա վարժանքներին, թե՛ մնացած բոլոր ծառայություններին, կապ չունի՝ զինվորական թե ոստիկանական, պետք է անցնեն բուժզննություն, և բուժզննող հիմնարկը ինքն է պատասխանատվությունն իր վրա վերցնում, թե հիմա եռամսյա վարժանքների հետ կապված ինչպիսի ընթացակարգ է եղել, դժվարանում եմ ասել»։

Պատասխանելով դիտարկմանը, որ հավաքների մասնակիցները հաճախ դժգոհում են հավաքների անցկացման պայմաններից և ասում, որ նույնիսկ կենցաղային մինիմալ պայմաններ ապահովված չեն, Հովհաննիսյանն ասաց.

«Կենցաղային պայմանների հարցը արդեն հարցի մյուս կողմն է, խնդիրը ամբողջական դարձնելու կամ ամբողջապես տեսանելի դարձնելու համար պետք է մենք հասկանանք, թե բանակում ինչ իրավիճակ է, և կենցաղային խնդիրները ինչ մակարդակի վրա են։ Հանուն ճշմարտության՝ մենք պետք է ասենք, որ այսօր բանակում կենցաղային հարցերի բարելավումը գոնե ընթացքի մեջ է, և չի կարելի հանկարծամահ լինելը կապել այդ պայմանների հետ, դա ընդհամենը ֆիզիկական ծանրաբեռնվածություն է այդ տարիքի մարդու մոտ, որը բերել է հանկարծամահության։ Դժգոհողներ միշտ էլ կլինեն, բայց այդ պայմաններում նաև 18-20 տարեկան զինվորներն են։ Ես չեմ կարծում, որ այդ եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին պետք է հատուկ հյուրանոցային պայմաններում պահեն»։

Ռազմական բժիշկ, դաշնակցական Տարոն Տոնոյանն էլ Օragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով բանակում հանկարծամահ լինելու դեպքին, ասաց.

«Հանկարծամահությունն այնպիսի բան է, որ կարող է բժշկական քննություն մարդ անցնի, բայց այնուամենայնիվ խնդիրը ակնհայտ չլինի, բայց շատ ճիշտ եք անդրադառնում խնդիրն, որ այս եռամսյա հավաքներին ում կանչում են, բացարձակ չեն հարցնում, թե ով ինչպիսի խնդիրներ ունի, ես այսքան ժամանակ չեմ լսել, որ իրենք որևէ բժշկական քննություն անցնեն, կամ նախկինում ունեցած հիվանդությունները հաշվի ատնեն։ Ես իհարկե ողջունում եմ այն, որ մեր հայ տղամարդիկ պետք է եռամսյա հավաքների մասնակցեն, պետք է բանակին զենքին տիրապետեն, բայց, գիտե՞ք ինչ, երբ որ դա ձևական բնույթ է կրում և երբեմն նույնիսկ քաղաքական հետապնդման առարկա է դառնում այդ եռամսյա հավաքը, ինչպես որ մեր շատ տղաների կանչել են եռամսյա հավաքների այն մարդկանց, ովքեր որ մեր դիմադրության շարժմանն են մասնակցել, դա, իհարկե կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում»։