Լաչինի միջանցքի 3 գյուղերի՝ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված՝ բնակավայրերը լքելու համար, գյուղերը պետք է հանձնվեն Ադրբեջանին։
Թեմայի առնչությամբ
Oragir.news-ը զրուցեց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ՝ հարցնելով, թե այս 3 գյուղերի հայաթափումը արդյոք Նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից է բխում, ինչպես դա ներկայացնում են ՀՀ իշխանությունները։
«Այդ հայտարարության մեջ Բերձորի, Աղավնոյի կամ Ներքին Սուսի վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Խոսակցություն կա այն մասին, որ Լաչինի մարդասիրական միջանցքը պետք է վերակառուցվի այնպես, որ շրջանցի Շուշիի հատվածը։ Այսքան բան, և այդ տեսանկյունից ես որևէ փաստաթղթավորված հիմնավորում չեմ տեսել, թե ինչու պիտի այդ բնակավայրերի բնակիչները տեղահանվեն և հեռանան, անգամ եթե այդ տարածքը, օրինակ, պետք է հանձնվի Ադրբեջանին։ Սա, ըստ էության, էթնիկ զտման օրինակ է, և այդ առումով մեր իշխանությունները անշուշտ թերացել են։ Ընդհանուր առմամբ՝ ես գտնում եմ, որ Հայաստանի իշխանությունները այս խնդրի շուրջ կուլուարային պայմանավորվածությունների են հանգել Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, և այս ամբողջ աղմուկը, որն այսօր ի ցույց է դրվում, թե Հայաստանի իշխանությունները դիմադրում են, ուզում են այնպես անել, որ իրականությունը համապատասխանի այդ փաստաթղթի տառին և ոգուն, ուշացած են, դրանք ծխածածկույթ են հանդիսանում՝ քողարկելու համար այն իրողությունը, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել և հավանաբար իրենց համաձայնությունը ժամանակին տվել են, իսկ հիմա դեմքը փրկելու համար փորձում են ցույց տալ, որ սա ապօրինություն է, որը թույլ է տրվել Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների թողտվությամբ»,- պատասխանեց Մելիքյան։
Այսինքն՝ կարո՞ղ էին Հայաստանի իշխանությունները փորձել այնպես անել, որ բնակավայրերը չհայաթափվեն՝ հարցրինք Մելիքյանին։
«Նրանք պարտավոր էին այդ մասին հոգ տանել նախապես, եթե պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, ապա ճանապարհը իրենց մասով պետք է արդեն կառուցված լիներ, բայց փաստորեն այնպես է ստացվում, որ Հայաստանի իշխանությունները իրազեկված են եղել նախապես, իրենց համաձայնությունը տվել են, և այն, ինչ տեղի է ունենում, այդ կուլուարային համաձայնությունների շրջանակներում է, և ըստ էության՝ ռուս խաղաղապահներն էլ մեզ լավություն են արել, որ 20 և ավելի օրով հետաձգել են այնտեղից արտագաղթը»։
Կառավարության վերջին նիստում Փաշինյանը ստեղծված իրավիճակի և լարվածության համար մեղադրեց ռուս խաղաղապահներին՝ ասելով, որ Արցախում տեղակայված խաղաղապահների գործունեության վերաբերյալ ճշգրտումների կարիք կա․ «2020թ․-ի նոյեմբերի 9-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, առաջ են բերել խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020-ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասել էր Փաշինյանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ արձագանքել էր Փաշինայնին՝ ասելով, որ Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։ «Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդես գալ լրացուցիչ նախաձեռնությունների առաջարկով։ Առայժմ մենք դրանք չենք տեսել»։
Մելիքյանին հարցրինք՝ իր կարծիքով՝ խաղաղապահներն իրո՞ք չեն կատարում այն պատրտավորությունները, որոնց համար ի սկզբանե եկել են Հայաստան, թե՞ Լավրովի ու Փաշինյանի միմյանց հակասող հայտարարություններն այլ բան են նշանակում․ «Ինձ թվում է, որ թե՛ Լավրովի, թե՛ Փաշինյանի գործողություններն ու ասածները շատ ներդաշնակ են և մի նպատակ ունեն․ մոլորության մեջ գցել Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացիներին, որովհետև իրական պայմանավորվածությունները փաստացի իրականացվել են մեզնից գաղտնի, փակ ռեժիմով, և դրանք քողազերծելու պահն է եկել, մեղքը բարդում են միմյանց վրա, և դա արվում է Հայաստանի իշխանության դեմքը փրկելու համար։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների գործողություններին, ապա նրանք անում են այն, ինչ իրենց հրահանգվում է իրենց քաղաքական ղեկավարության կողմից։ Այսինքն՝ եթե պետք է, որ մի գյուղ հանձնվի, հանձնվում է, պետք է ինչ-որ տեղ ադրբեջանցիներին զսպել, նրանք զսպում են, պետք է խոսել հայ-ռուսական բազմադարյան բարեկամության մասին, այդ մասին էլ է խոսվում։ Այնպես որ, այդ առումով այն, ինչ կատարվում է, իրականում գործող իշխանության քաղաքական կյանքը երկարաձգելուն է ուղղված մի կողմից, մյուս կողմից էլ դա տեղի է ունենում ռուսական ընթացիկ շահերի շրջանակներում և ադրբեջանական պահանջների տառին համահունչ» ,- պատասխանեց Մելիքյանը։
Արման Մելիքյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։