copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:44 02-08-2022

Արցախից ժամկետային զինծառայողներին բերում են Հայաստան

Արցախից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ Ադրբեջանի սադրանքներին զուգահեռ Հայաստանից Արցախ մեկնած ժամկետային զինծառայողներին հեռացնում են Արցախից: Մասնավորապես, երկու օր է՝ զորամաս առ զորամաս տեղափոխում են Հայաստանի տարբեր շրջաններ, ընդ որում՝ տեղափոխվողների մի մասը ընդամենը օրեր անց` օգոստոսի 6-ին, ավարտելու է զինծառայությունը, բայց նրանց հրաժարվում են մի քանի օր շուտ զորացրել։

Oragir.news-ը տեղեկությունը փորձեց Արցախի տարբեր պաշտոնատար անձանցից ճշտել, սակայն մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան․ կա՛մ չէին պատասխանում, կա՛մ անջատում էին հեռախոսը, սակայն տարբեր փորձագետների կողմից այս տեղեկությունը հաստատվում է։

Oragir.news-ի հետ զրույցում լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը, որը պարբերաբար տեղեկություններ է ստանում Արցախում տիրող իրավիճակից, ասաց, որ ինքն էլ է այդպիսի տեղեկություններ ստացել․

«Ես ևս ստացել եմ նման տեղեկություններ, որ օգոստոսի 1-ին Արցախի առաջնագծում տեղի ունեցած տեղային մարտական գործողությունից հետո Ադրբեջանը պահանջել է Արցախից վերջնականապես հանել ՀՀ քաղաքացիություն ունեցող ժամկետային զինծառայողներին, ինչին գործնականում ընդառաջել են ՀՀ քաղաքական իշխանությունները»,- պատասխանեց Հոխիկյանը։

Հարցին, թե արդյոք սա ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարության հետևանքն է, ըստ որի՝ պատերազմի ժամանակվանից Հայաստանի զորքեր էին մնացել Արցախում, և այդ զորքերը դուրս են բերվում, Հոխիկյանը պատասխանեց․

«Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական իշխանությունները շարունակում են սինքրոն գործողությունները՝ միմյանց գնդակի փոխանցումներով։ Կասկածից վեր է, որ երբ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե ՀՀ-ն դեռևս չի հանել իր զորքը Արցախից ու շուտով կանի դա, ապա արդեն իսկ կար տեղեկություն և գուցե նաև պայմանավորվածություն, որ պետք է նոր ընթացք տալ ՀՀ զինված ուժերի տեղակայմանը և շահարկման թեմա դարձնել։ Ու որպեսզի ՀՀ-ն իրավական հիմք ունենար իր զորքը Արցախից հանելու, պետք է սադրանք լիներ Ադրբեջանի կողմից, ինչը եղավ օգոստոսի 1-ին։ Ճիշտ է, Ադրբեջանն այդ սադրանքի հետևանքով կորցրեց 3-5 զինծառայող, բայց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունների համար զինվորը որևէ արժեք չունի, որոնց կարելի է զոհել հանուն քաղաքական նեղ շահերի։ Պատահական չէր, որ օգոստոսի 1-ին մարտական տեղային գործողության ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարեց, թե իրենք պահանջում են ՀՀ զինված ուժերի դուրսբերումը Արցախից, ինչից ժամեր անց տեղի ունեցավ այդ պահանջի կատարումը»,- պատասխանեց Հոխիկյանը։

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ Արցախից զորք է դուրս բերվում։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն լուրերը, թե Հայաստանը պատրասվում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել զորքերը՝ դրանով ԼՂ-ն թողնելով անպաշտպան, Արմեն Գրիգորյանը պատասխանել էր․ «Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»։

Գրիգորյանի այս հայտարարությունը շատերը, այդ թվում՝ նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, համարեցին հակապետական՝ ասելով, որ Հայաստանից զինվորական ստորաբաժանումներ երբեք չեն եղել Արցախում, փոխարենը եղել են քաղաքացիներ, որոնք իրենց պարտադիր զինվորական ծառայությունը անցկացրել են Արցախում։