Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:47 29-07-2022

Արսեն Գասպարյանը՝ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը: Ընտրությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: Արսեն Գասպարյանը Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ-ի հունվարի վերջին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, Արսեն Գասպարյանը ներկայացրել է վեց ամսվա ընթացքում Բուսաբանության ինստիտուտում կատարած աշխատանքները: «Նա նշեց, որ վերանորոգվել է Հնէաբուսաբանության թանգարանի ֆասադային հատվածը, նորոգվել է Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի տարածքը: Մեկնարկել են Արմեն Թախտաջյանի կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքները: Մեկնարկել է թափոնների տեսակավորման գործընթացը. տեղադրվում են թափոնամաններ: Ստեղծվել է բուսաբանական արահետ՝ կահավորված անհրաժեշտ ցուցանակներով: Մեկնարկել է նոր փայտե կառուցվածքներով խաղահրապարակի ստեղծման ծրագիրը: «ԲՈՒՆ» հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծվում է բույսերի մասին պատմող հաղորդաշար: Հերբարիումում տեղադրվել է հակահրդեհային համակարգ: Ստեղծվել են արագ արձագանքման խումբ և տարհանման պլաններ: Իրականացվում են էկոկրթական միջոցառումներ, էքսկուրսիաներ: Բուսաբանության ինստիտուտը ներգրավվել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման, Քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարում կլիմայի փոփոխության ակնկալվող մարտահրավերների շրջանակում քաղաքապետարանների կարողությունների զարգացման ծրագրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արսեն Գասպարյանը նշել է, որ նախատեսվում է Երևանի բուսաբանական այգու սահմանների ճշգրտում, ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքների տպագրությունների ավելացում Scopus/Web of Science շտեմարաններում, երիտասարդ գիտնականների համար ծրագրերի և միջոցառումների իրականացում, նոր լաբորատորիաների հիմնում և սարքավորումներով լաբորատորիաների վերազինում: Բնապահպանական ծրագրերից և ծառայություններից նախատեսվում է Ex-situ պահպանություն, վտանգված տեսակների վերաբնակեցում, կենսաբազմազանության մոնիթորինգ, տնկարանային և ջերմոցային տնտեսության վերականգնում, կանաչապատում և բույսերի վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում:
Արսեն Գասպարյանը ծնվել է 1983թ-ին՝ Երևանում: 2001-2003թթ-ին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում: Եղել է նույն համալսարանի Բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:

Արսեն Գասպարյանը 2007-2012թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում, 2009-2016թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2016թ-ից ընդգրկված է եղել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation):

Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան