Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:08 26-07-2022

Մենք ու մեր ուրվականը…

Երբևէ մտածած կա՞ք, թե ով է փինաչին... Եթե չէ, փորձեմ ներկայացնել իմ տեսակետը: Նա ուզած տիպի «էշի» մի կերպ ցեխից հանողն է: Սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե անկեղծ, ապա չգիտեմ: Նկատեմ միայն, որ այլընտրանք չունենալու դեպքում՝ վերջինիս մատուցած ծառայությունը կարող է նաև անգին լինել: Սա «փեշա՞կ» է, թե՞ ոչ: Դասական մոտեցման դեպքում, հարկավ, ոչ: Էքստրեմալ իրավիճակներում՝ թերևս, հակառակ դեպքում չէր ծնվի այս իրողությունը «վավերացնող», պլեբսի գիտակցության մեջ խոր արմատներ ձգած՝ «Չեղած տեղը քյալամն էլ ա միրգ» զավեշտական, բայց խիստ բնորոշ «պեռլը»: Նորանկախ Հայաստանի համար ճակատագրական՝ Արցախյան գոյամարտի տարիներին ստեղծված իրավիճակի ու հանգամանքների բերումով պարսկական և թուրքական արտադրության էժանագին սոյային վերապահվեց ճշմարիտ շոկոլադին փոխարինողի դերը: Բայց սոյան հո գիտեր, թե որն է ճշմարիտը: Իհարկե, գիտեր: Գիտեր նաև, որ իր՝ «ԺՊ» կարգավիճակը ժամանակավոր է, որ իրավիճակի փոփոխության դեպքում՝ ամենևին էլ ոչ ինքնանվաստացման հաշվին ինքը տեղը զիջելու է լիիրավ տիրոջը: Հստակ էր նաև մի բան. սա ամենևին էլ չէր ենթադրելու «առաքելության» ավարտ, այն պարզ պատճառով, քանի որ լեն օրերում անգամ «տպավորություն համտեսողների» թիվը շարունակելու է խիստ կայուն մնալ: Քանի որ նրանք եղել են, կան ու դեռ կլինեն...

Իսկ այժմ ավելի առարկայական: Ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե ինչպես է իրեն զգում, ասենք, ոստիկանապետի դերում հայտնված ջութակահարը, ազդեցության լծակի տեր դարձած, ծանոթներից մեկի հորդորով բարձրավոլտ հաճախականության «վերահսկումը» ստանձնած անասնաբույժը: Կամ ասենք՝ ինչ զգացողություն ունեն տեսակի պահպանման պատվիրանը մոռացած ու «բա ոնց ապրեմ» ալիբին դրոշ դարձրած, թեկուզև մեծ դժկամությամբ, այնուամենայնիվ, կյանքի այլ ակոսներում հայտնված մանկավարժն ու գիտաշխատողը... Ստացվում է, որ ամեն ինչ ճիշտ է, որ էն գլխից է «Ինչ որ տեղ, ինչ որ բան» սխալ եղել: Ստացվում է, որ մենք ենք սխալվել՝ հմուտ մսագործին՝ գիտնական, տանիք որոնողին՝ պատգամավոր, ընդամենը նպարավաճառի կրպակ երազողին՝ մտավորական կարծելով... Թեկուզ և դաժան, բայց ամեն ինչ առավել քան ճիշտ է՝ հասարակության անատոմիական մուտացիայի փաստի ճանաչման տեսանկյունից: Հիմա վերադառնանք դարձ ի շրջանս յուր և փորձենք մի պահ պատկերացնել «հնաբնակների» ցուցումով անհրաժեշտ կոճակը սեղմող և խորհրդարանական գործունեությունը բացառապես բուֆետի տիրույթում պատկերացնող «ազգընտիրին»: Գիտությունը «մաշկող» մսագործին... Աղբանոցի միջով՝ 90 քմ. տարածք ընդգրկող յոթերորդ հարկի իր «փայ» հայրենիք շտապող բարոյախոսին... Ֆիզիոլոգիական համեմատությամբ՝ օրգանիզմի բնականոն կենսագործունեության երաշխավոր սրտի դերակատարությունը ստանձնած «լեղապարկին», ստամոքսի տեղում հայտնված գլխուղեղին... Եթե սա է իրողությունը, ապա ստացվում է, որ ամեն ինչ ավարտվել է երեկ: Ստացվում է, որ մենք այդպես էլ գիտակցել չենք կարողանում կամ որ ավելի սարսափելի է, քամահրում ենք՝ «Վաղը՝ մեկ օր ուշացած այսօրն է» խիստ ընդգրկուն հուշումը... Մենք զլանում ենք անգամ մեզ նեղություն տալ ընկալելու, որ մեր զավակն ու թոռը, ամենևին էլ սոսկ «զավակ» ու «թոռ» չեն, այլ պարբերաբար մեզ պաշարող մղձավանջից փրկության ելքեր որոնող մեր իսկ ինքնության դարձդարձումները՝ ժամանակային կերպափոխումներում, իհարկե...