Երևան +15°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:18 26-07-2022

Բացառել պետք չէ, որ Փաշինյանի նշած մինչև 2024թ․-ը ջրի սակագինը բաձրանա նաև երրորդ անգամ

Կառավարության վերջին նիստում որոշվեց ավելի քան 2 մլրդ դրամ հատկացնել հանրապետության 27 բնակավայրում խմելու ջրի ենթակառուցվածքի նորոգման և կառուցման համար։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց, որ նշված բնակավայրերը «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են և կան կարգավորման ենթակա խնդիրներ: Վարչապետն էլ «նկատեց», ջրի ամենամեծ պրոբլեմը համակարգում տեղի ունեցող կորուստներն են: «Դրանց մի մասը վարչարարության կորուստներ են՝ չֆիքսված գծեր կամ, տեղում ինչ-որ ստվերային գործարքներ, բայց հիմնական՝ մասն այն է, որ ջրի մատակարարման համակարգը մաշված, քայքայված է և սպառողներին չի հասնում»։ Նա անդրադարձավ նաև «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությանն ասելով, որ ունեն պայմանագիր, գործընկերային հարաբերություններ, փոխադարձաբար ունեն պարտավորություններ և համակարգն արդյունավետ կառավարելու պետք է երկուստեք պարտավորությունները հնարավորինս ժամանակին և ճշգրիտ կատարեն: Կառավարությունը խմելու ջրին անդրադարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ «Վեոլիան» պատրաստվում է ջրի սակագնի վերանայման հայտ ներկայացնել։ Նշենք, որ հայտը ներկայացվում է ամեն տարի օգոստոսին։ Ջրի սակագնի բարձրացման կամ իջեցման համար երեք հիմնական գործոն կա․ գնաճ, էլեկտրաէներգիայի գների փոփոխություն և օգտագործված ջրի ծավալ։ Հունիսի դրությամբ տարեկան գնաճը կազմել է ավելի քան 10%, էլեկտրաէներգիայի սակագինն աճել է մի քանի տոկոսով։ Ջրի սպառման ծավալը, որի աճին զուգընթաց գները պետք է նվազեն, ևս ավելացել է։ 2021թ․ հունվար-մայիսին այն կազմել է 52,5 մլն խմ, 2022-ի հունվար-մայիսին՝ 55,4 մլն խմ: Բացի այդ «Վեոլիայի» և կառավարության միջև կնքված ջրամատակարարման ցանցի շահագործման պայմանագրով 2023թ․-ից ջրի սակագները պետք է աստիճանաբար նվազի (եթե, իհարկե, էլեկտրաէներգիան չթանկանա, մեծ գնաճ չարձանագրվի)։ Ահավասիք․ մինչև 2025 թվականը մեկ խորանարդ մետրի դիմաց սակագինը պետք է 200,47 դրամից (անապահով ընտանիքների համար՝ 180,0) նվազի մինչև 164,4 դրամ։
Իրականում այս հարցերի լուծումները բոլորովին էլ նշյալ պարամետրերի շրջանակներում չեն, այլ հարթությունում են։ Շատ բան «երևում» է, վերջին տարիներին «Վեոլիա»–Փաշինյան հարաբերությունները դիտարկելիս։
Մինչև 2024 թ․-ը Հայաստանում խմելու ջուրը չպետք է թանկանար։ Այս մասին բազմիցս հայտարարել է Փաշինյանը, հատկապես 2018թ․-ի դեկտեմբերի նախընտրական պայքարի ընթացքում։ «Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը և հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասում էր նա։ Իր վարչապետության մեկ տարին ամփոփելիս «Նոր Հայաստանի» ձեռքբերումները ներկայացվեցին 100 փաստով, որոնցից մեկն էլ այն էր, որ խմելու ջուրը չի թանկանալու մինչև 2025 թ.-ը (և ոչ 2024թ): Նման հայտարարություններից ու հրապարակումից հետո, հանկարծ ու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարեց, որ պատրաստվում է ջրի սակագինը բարձրացնել 14 դրամով, ինչին անմիջապես հետևեց այս համակարգում բավականին խոշոր կոռուպցիոն բացահայտում ՀՀ իշխանությունների կողմից։ Սակագնի բարձրացման հայտարարությունն արվեց այն ժամանակահատվածում, երբ հանրապետությունը դեռ «թավշյա տրամադրության» մեջ էր և հասկանալիորեն նման բան թույլ տալ չէր կարելի։ 2018 թ. հունիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Վեոլիայի» Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Փաշինյանն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ և հավելել, որ դա կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը: Նա առաջարկել էր ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ: Նույն պահանջն ավելի ուշ կրկնել էր Ջրտնտպետկոմի այն օրերի նախագահ Ինեսսա Գաբայանը՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ հանդիպման ժամանակ, նշելով որ 80% կորուստը չափազանց մեծ է և անհավանական: Կոմիտեի նախագահն արդար չէր համարել առանց գործունեությունը բարելավելու, խոսել ջրի թանկացման մասին խնդրի լուծումից հետո միայն անդրադառնալ սակագինը բարձրացնելուն։ Հավանաբար ֆրանսիական ընկերությունում լավ չէին «ընկալել» նախազգուշացումները և 2018 թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրման հարցով։ Օգոստոսի 25-ին ոստիկանությունը հայտարարեց «Վեոլիա ջուր» ընկերությունում բացահայտված խոշոր չարաշահումների և ՀԾԿՀ-ի հետ կոռուպցիոն գործարքի մասին։
2018 թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որին ներկա գտնվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Պարզվեց, որ այդ գագաթաժողովի ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերությունում կատարված յուրացումների վերաբերյալ հարուցված քրեական գործի ճակատագիրն «հանգուցալուծվեց բարեկամական միջավայրում»:
Դրանից հետո «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրին սկսեց հաճախակի այցելել Հայաստան՝ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը խոստացավ սեպտեմբեր ամսին Ֆրանսիա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում հանդիպում ունենալ Հայաստանի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունը 15 տարով ստանձնած ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերության ղեկավարության հետ եւ նրանց փոխանցել հանրության դժգոհությունը՝ անարդյունավետ կառավարման վերաբերյալ։ Սակայն, Ֆրանսիայից վերադարձին, ժողովրդի հետ ուղիղ կապով հաղորդակցվող վարչապետը լռության մատնեց այդ մասը։ Հետո 2018 թ․ դեկտեմբերի 12-ին Մալիկա Գենդուրիին ընդունեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հանդիպման մասին պաշտոնական լրատվության մեջ նշվեց միայն տկն Գենդուրիի անունը, բայց հանդիպմանը ներկա էր նաեւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, որի անվան հետ էր կապված ոստիկանության բացահայտումը: Պաշտոնական հանդիպմանը նրա ներկայությունը հանրությանն ուղղված ուղերձ էր պարունակում: Հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, ըստ որի՝ 2019 թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025 թ.: Այդուհանդերձ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով ներկայացրեց խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման հայտ: Համաձայն դրա 2022 թվականի հունվարի 1-ից սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը մնաց անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Դա լուրջ հարված էր Փաշինյանի հեղինակությանը և մտածել, որ դա արվեց Վեոլիայի կողմից, առանց «ինչ որ ուժերի» գիտության, առնվազն միամտություն կլինի։ Եվ ահա տսարին չլրացած Վեոլիան նորից խոսում է սակագների վերանայման մասին։ Սա արդեն միտումնավորության տարրեր է պարունակում իր մեջ։ Դրան հաջորդում է կառավարության նիստում արված ինչ որ անատամ հայտարարություններ, որ հասկանալիորեն «ամբողջ պատասխանը չէ»։ Սրանում կարծես Փաշինյանը փորձում է ինչ որ բաներ հասկացնել գործընկեր կազմակերպությանը, որը հերթական անգամ առանց գործունեությունը բարելավելու, խոսում է ջրի թանկացման մասին։ Հասկանալի է, որ այդքանով ամեն ինչ չի վերջանում։ Ստացվում է, որ Փաշինյանի և ֆրանսիական ընկերության կամ գուցեր դրանից վերև էլ գտնվում ինչ որ ուժերի մեջ եղած ներքին հակասությունները վերջնականապես չեն հարթվել։ Հետևաբար սպասենք նոր զարգացումների։ Այդուհանդերձ, եթե չհաղթահարվեն, ապա բոլորովին բացառել պետք չէ, որ Փաշինյանի նշած մինչև 2024թ․-ը ջրի սակագինը բաձրանա նաև երրորդ անգամ։