Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:29 25-07-2022

Փրկիչների փնտրտուքը շարունակվում է

Մենք՝ հայերս, անկեղծ լինելու դեպքում պարտավոր ենք խոստովանել, որ փրկվել, փակուղային իրավիճակներից դուրս գալ չենք ուզում… Չէ, չէ, մի քիչ այն չստացվեց: Փրկվել, իհարկե, ուզում ենք, բայց դրան ուզում ենք հասնել ոչ թե մեր, այլ ուրիշների «ներդրած» գործուն ջանքերի հաշվին: Մենք չենք սիրում ինքներս փնտրել, առավել ևս գտնել անելանելի իրավիճակներից դուրս գալու ելքը: Մենք ընտելացել կամ մեզ ընտելացրել են նրան, որ մեզ պարտավոր են փրկել… Այլ կերպ՝ մենք ոչ թե փրկվել, այլ փրկիչ ենք ուզում: Ավելին, ուզում ենք, որ ուրիշների ողորմածությամբ փրկված Հայաստանը տեղավորվի գերապահով «թևատակում» ու անշառ և անփորձանք իր կյանքը վայելի առհավետ:

Ի լրումն ասվածի հարկ է նկատել, որ բոլորը նախապատվությունը տալիս են իրենց պատկերացրած, իրենց հոգեհարազատ փրկիչներին: Գագիկ Ծառուկյանը յուրովի, Ռոբերտ Քոչարյանը յուրովի, հայ կոմունիստներն ու հայ անկախականները՝ յուրովի: Պիտի անկեղծորեն խոստովանենք, որ ամենադժվար իրագործելին հենց նրանց՝ անկախ Հայաստան փափագողների երազանքն է: Եթե Գագիկ Ծառուկյանի համար Փրկչի բարեհաճությանն արժանանալը կապված է ընդամենը ֆինանսական շոշափելի ներդրումների ու ճարտարապետական ինքնատիպ լուծումների հետ, եթե Ռոբերտ Քոչարյանի ու իր ադեպտների փրկիչը միս ու արյուն առնել փորձող ԽՍՀՄ-2-ն է, ապա հայ տեսակի բաղձանքը հիրավի անկախ Հայաստանն է, անփրկիչ, բացառապես սեփական ուժերին ու շրջահայեցությանն ապավինող Հայաստանը: Եթե Քոչարյանի, Ծառուկյանի՝ իբրև ընդդիմություն ներկայացողների համար փրկության գինն է առաջնայինը, ապա անկախության խորքային էությունը հասկացածների համար՝ արժեքը: Հենց անկախության արժեքն իմացող տեսակն էլ, ի հեճուկս հինգերորդ շարասյան ներկայացուցիչների, պատրաստ չէ այն դարձնել մանրադրամ, վճարամիջոց: Ցավն այն է, սակայն, որ իշխանության ղեկին հայտնվողների, իշխանության համը ճաշակողների համար Անկախ Հայաստանը կարճ ժամանակ անց դառնում է ընդամենը տիտղոսաթերթ, ներքին բովանդակությունից զուրկ պատյան, ֆիկցիա, որի հետագա ճակատագրի տնօրինումը, «որպես կանոն», նրանց ցանկությունից ու ուժերից վեր է լինում: Իսկ այդպես է լինում, քանի որ նրանք մետրոպոլիայի «գլխավոր գծից» շեղվել չեն կարող, քանի որ հենց նրանց օժանդակությամբ են հայտնվել կառավարման ղեկին: Իշխանավորների արժանապատվությունն էլ է խիստ առաձգական: Նրանք իրենց իրավունքները բանեցնում են բացառապես տանը՝ խեղճուկրակ յուրայինների վրա: Մինչդեռ դրսում, միջազգային հարթակներում հնչեցրած, գառների մայուն հիշեցնող նրանց վախվորած խոսքն ու գերկաշկանդված պահվածքը նվաստացնում է հայաստանաբնակներին: «Արշակ և Շապուհ» ավանդազրույցը ասես առկա իրավիճակի հայելապատկերը լինի:

Վերջին իրադարձություններն ու տարածաշրջանային գերտերությունների թեհրանյան հանդիպումը վերահաստատեցին այն պարզ իրողությունը, որ տեր դառնալու համար, նախևառաջ ծառա է պետք լինել: Ծառա՝ յուրայինների շրջապատում, անկեղծ՝ յուրայինների հետ, առանց ձևացնելու, թե քեզնից ինչ-որ բան է կախված: Թե չէ, ինչպես կյանքն է վկայում, դրսում՝ նոքար, ներսում՝ տեր տարբերակը երևակման ու ժամկետանց լինելու պատճառով կորցնում են երբեմնի արդյունավետությունը: Վաղ թե ուշ մարդիկ սկսելու են հասկանալ, որ անհատական փրկության համար իրենք բնահումք լինել այլևս չեն ցանկանում լինել: Երբ այդ պահը գա, երբ այդ գիտակցումը արմատներ ձգի, այդ ժամանակ էլ կհայտնվի ազգային իղձերի կյանքի կոչմանը պատրաստ իրական Դանկոն…

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա