Երևան +11°
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 19:46 23-07-2022

Հրդեհ շոգենավում կամ Սարյանի մոխրացած նկարները

1928 թ. ապրիլի 11-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը նամակով դիմում է Հայաստանի Լուսժողկոմ Ա.Մռավյանին և Կերպարվեստագետների ընկերության անունից խնդրում նյութական միջոցներ` Մարտիրոս Սարյանի «անհայտացած գործերի լուսանկարները առանձին ալբոմով հրատարակելու համար»։

Ի՞նչ գործեր էին դրանք և ո՞ւր էին անհետացել Սարյանի նկարները։



Բանն այն է, որ 1928-ի հունվարին Փարիզի Շարլ-Օգյուստ Ժիրար պատկերասրահում բացվել էր Սարյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել էին նկարչի՝ Փարիզում ստեղծած մոտ 40 աշխատանքները։ Արվեստների մայրաքաղաքում մեծ հաջողության արժանացած այս գործերը ցուցահանդեսից հետո բռնել էին հայրենիքի ճամփան, սակայն, ցավոք, տեղ չէին հասել։

1928 թվականի մարտի 15-ին՝ ժամը 4-ին, ֆրանսիական «Պակե» նավային ընկերությանը պատկանող «Ֆրիժի» շոգենավում հրդեհ էր բռնկվել։ Շոգենավը կանգնած էր Սիրքեջիի նավահանգստում․ Մարսելից բերած ապրանքն էր դատարկում Բաթումի մեկնելու համար։ Ականատեսների վկայությամբ՝ ժամը 4-ին շոգենավը շարունակական սուլել է շչակը ու գրավել Պոլսի կամրջով անցնողների ուշադրությունը։ Մարդիկ հեռվից տեսել են, որ շոգենավից ծուխ է բարձրանում, անմիջապես օգնության են հասել փոքր շոգենավերն ու հրշեջ խմբերը։ Օգտագործել են գրեթե 7000 տոննա ջուր, բայց անօգուտ։ Երկու ժամ անց շոգենավը սկսել է մի կողմի վրա հակվել, որպեսզի չընկղմվի, օգնության եկած շոգենավերը «Ֆրիժը» հրել են ավելի ապահով վայր, դեպի ավազները։ Հրդեհը մարել է ուշ գիշերին, այն ծագել էր ձվի սնդուկների համար դիզված տաշեղներում հայտնված կայծից։ Շոգենավում 1200 տոննա զանազան տեսակի ապրանքների հետ այրվել են նաև Մարտիրոս Սարյանի 37 նկարները։



Հրդեհի ու այրված նկարների մասին մամուլին տված հարցազրույցում նկարիչը պատմել է.

«Այրված 37 նկարները, բացառությամբ հինգի, որը Երևանից էի տարել, Փարիզի մի տարվա աշխատանքներս էին, որոնցից ամենահետաքրքրականները հետևյալն էին` «Հայուհի», «Արևելյան ծաղիկներ», «Ծաղիկներ», «Գյուղի փողոց», «Պարսկական գյուղ» և մի քանի պորտրետներ։ Այս աշխատանքները հետաքրքիր էին մանավանդ այն տեսակետից, որ կրում էին ֆրանսիական նկարչության առանձնահատկությունները, որ չափով որ ես կարողացել էի յուրացնել այն...



Փարիզը մի քաղաք է, ուր արվեստի պահանջներն այնքան են նրբացել, որ շատ նկարիչներ մնում են բոլորովին անուշադիր։ Դժվար էր այդ պայմաններում ուշադրություն գրավել, իմ նկարները շնորհիվ իրենց արևելյան կոլորիտին որոշ հետաքրքրության և ուշադրության նյութ դարձան»։

Հետագայում այրված ու մոխրացած կտավների վերարտադրումն ու վերստեղծումը նկարիչը անհնար է համարել։ Նա խոստովանել է, որ գույներից շատերը չի հիշում, և այն, ինչ կարելի էր նկարել Փարիզում, ֆրանսիական արվեստի անմիջական ներշնչման ազդեցության տակ, դժվար է վերարտադրել Երևանում։ Սարյանը վստահեցրել է, որ «ստեղծագործությունը, ներշնչումը դժվար բան է, չի կրկնվում, ստեղծագործող արվեստագետն ինքն էլ փոխվում է»։

Բնականաբար կտավների կորուստը մեծ ցավ է պատճառել նկարչին, սակայն ցավն ու վիշտը բազմապատկվել են հատկապես նկարների ծննդավայրի պատճառով։ Փարիզը, որտեղ ստեղծվել էին նկարները, նոր ու կարևոր փուլ էր Սարյանի ստեղծագործական կյանքում։



«Ես արդեն իմ քննությունը բռնել էի, արվեստի տեսակետից հիմնավորվել էին իմ աշխատանքները», -խոստովանում է նկարիչը ու հավելում. «Սկզբում ես մի տեսակ շշմած դրության մեջ էի և կարծես չհավատալով կատարվածին՝ այնքան խորը չէի զգում կորստի պատճառած վիշտը, սակայն հետզհետե, երբ անդրադառնում եմ նրան և պատկերացնում ստեղծագործության այն աննախընթաց և եզակի թափը, որով ես համակված էի Փարիզում այդ նկարները ստեղծագործելիս և որը չի կրկնվում այլևս ինձ համար, նոր եմ զգում, թե ինչ մեծ կորուստ ունեցա ես»։

Ըստ նախնական պայմանավորվածության՝ այրված նկարներից երեքը ձմռանը պետք է մասնակցեին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվող ցուցահանդեսին, որից հետո թանգարանը կտավները գնելու էր։ Նկարների մյուս մասը Սարյանը նախատեսել էր նվիրել Հայաստանիպետթանգարանին։ Սակայն, երկու թանգարաններն էլ, ցավոք, զրկվել են Սարյանի փարիզյան շրջանի աշխատանքներից։ Այս չարաբաստիկ հրդեհի պատճառով նկարչի արվեստի այս կարևորագույն շրջանը գրեթե դատարկ է մնացել։



Մարտիրոս Սարյանի` 1928 թվականին տված հարցազրույցում կարդում ենք.

«Փարիզի իմ նկարներից մնացել են ընդամենը 10 հատ, նրանցից վեցը ծախված է Փարիզում, իսկ չորսը մնացել են այնտեղ, սակայն այդ նկարները կորածների համեմատությամբ պակաս արժեք ունեն, իմ տեսակետով»։

Ամենից շատ դիտված