copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:00 22-07-2022

Հովհաննես Թումանյանի բանտարկության և «Վայրէջքի» մասին

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրականությունից բացի զբաղվել է նաև հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ։ 1905-1906 թվականներին նա հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռվի ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։

Առաջին անգամ Թումանյանին ձերբակալել են 1908 թ. դեկտեմբերի 23-ին։ Ժանդարմները ոստիկանության պետի հետ խուզարկել էին Թումանյանի՝ Բեհբության փողոցում գտնվող տունը, ձերբակալել բանաստեղծին և նրա որդուն` Մուշեղին, ինչպես նաև առգրավել ձեռագրերը։ Ձերբակալությունից մեկ ամիս անց ազատ են արձակել Մուշեղին, իսկ Թումանյանը Մետեխի բանտի N15 բանտախցում մնացել է կես տարի։ Ընտանիքի անդամներն ամեն շաբաթ տեսակցության են գնացել։



Բանաստեղծի դուստրը` Նվարդ Թումանյանը իր հուշերում պատմում է.

«Բանտապետի օգնականը, մի շատ բարի ռուս մարդ, մեզ ազատ տեսակցություն էր տալիս՝ առանց ցանցի։ Գիտեին, որ տասը երեխա ունի և ամեն անգամ, երբ երեխաներով մայրիկի հետ բանտն էինք գնում, թույլ էին տալիս ազատ խոսելու։ Ամենափոքրը Թամարն էր, մայրիկը նրան գրկած էր տանում։ Մի օր տեսակցության ժամանակ, հայրիկը Թամարին գրկելիս բարակ ծխախոտի թուղթ դրեց երեխայի գիրկը։

Եկանք տուն, տեսանք ծխախոտի թղթի վրա գրված «Մի կաթիլ մեղրը» և «Վայրէջքը»։ Վերջինը գրել էր իր ծննդյան 40-ամյակին`1909 թվականի փետրվարին»։



Թումանյանի բանտարկության և այս բանաստեղծության մասին պատմում է նաև Ավետիք Իսահակյանը. «1908 թվի դեկտեմբեր ամսին, ցարական ժանդարմերիան Օհաննեսին և ինձ ձերբակալեց և զանազան հակապետական մեղադրանքներով, վեց ամիս պահեց Թիֆլիսի Մետեխի բանտում: Կամերաներով դրացի էինք իրար: Բանտում լրացավ, փետրվար ամսին, Օհաննեսի 40-ամյակը: Այդ առիթով նա գրեց «Վայրէջք» բանաստեղծությունը: Մենք տխրության ու ուրախության խառն զգացմունքով տոնեցինք նրա տարեդարձը»:

Վեց ամիս անց Հովհաննես Թումանյանին ազատում են բանտից`«Ֆ. Վարդազարյանի տրամադրած 5000 ռ. գրավականով»։

Առաջին ձերբակալությունից երեք տարի անց` 1911 թ. նոյեմբերի 7-ին, նրան բանտարկում են երկրորդ անգամ։ Քաղաքում լուր է տարածվում, որ դեկտեմբերի 19-ի գիշերը բոլոր բանտարկյալներին Մետեխի բանտից փոխադրելու են կայարան, այնտեղից էլ փակ վագոններով տանելու են Պետերբուրգ` դատավարության։ Թումանյանի ողջ ընտանիքը, ինչպես նաև մյուս բանտարկյալների հարազատները, առավոտից մինչև երեկո Մետեխի բանտի մոտ սպասել են բանտարկյալների դուրս բերելուն։

Այս մասին Նվարդ Թումանյանը գրում է.

«Օրը մթնում էր արդեն, երբ բանտի դռները ճռնչալով, զրնգալով բացվեցին…

Մեզ վրա շատ ծանր ազդեց բանտարկյալների ոտքերի շղթաների զրնգոցը. գնում էին շարքերով` շրջապատված հրացանավոր ոստիկաններով։ Հայրիկը և մի երկու հոգի առանց շղթաների էին։ Ասում էին, որպես ազնվական ծագում ունեցողների, ազատել էին շղթաներից։ Մի որոշ հեռավորության վրա ցրված, մթության մեջ, մայթերով գնում էինք նրանց զուգընթաց և հեռվից հետևում հայրիկին, որ գոնե հայացքով հրաժեշտ տայինք նրան։ Քայլում էինք զգուշությամբ, վախենալով ոստիկաններից։ Երբ հասանք Չերկեզովսկայա փողոցը, անզգուշաբար մոտեցա բանտարկյալների շարքին. հայրիկն ինչ-որ բան էր ուզում հասկացնել, ասել, ըստ երևույթին, որ տուն գնանք, ցրտին դուրսը չմնանք։ Ոստիկաններից մեկը նկատեց, հրացանը ուղղեց դեպի ինձ, ես փախա և մտա մոտակա դեղատունը։ Երբ իմ թաքստոցից դուրս եկա` կալանավորներն արդեն շատ էին հեռացել, այլևս չէի կարող հետևել նրանց։

Հիշում եմ, երբ հայրիկին տարան Պետերբուրգ` դատավարության, մայրիկը կատակով ասում էր.

- Է՛հ, ինքը հնարավորություն չունեցավ իր միջոցներով գնալ, գոնե էդպես աշխարհ կտեսնի»։



Երեք ամիս անց` 1912 թ. մարտի վերջին, Թումանյանին ազատ են արձակել, նա Պետերբուրգից ընտանիքին հեռագրել ու տեղեկացրել էր, որ իրեն արդարացրել են։

Այս պատմության լիարժեք ամփոփումն ու ավարտը Հովհաննես Թումանյանի՝ ծխախոտի թղթի վրա գրած «Վայրէջք» բանաստեղծությունն է, որը ոչ այլ ինչ է, քան սեփական կյանքի ինքնագնահատական ու իմաստավորում։

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպի Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից
Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս...

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները