Ներքին 3 տարի առաջ - 18:36 22-07-2022

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Եթովպիայի դեսպանը քննարկվել են հայ-եթովպական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուին (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, փոխնախարարը ողջունել է պարոն դեսպանին և կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-եթովպական կապերի զարգացման:

Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է Հայաստանի և Եթովպիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ մատնանշելով երկու ժողովուրդների հազարամյա մշակութային առնչությունները և ընդհանրությունները:

Որպես երկկողմ հարաբերությունների զարգացման բարենպաստ նախադրյալներ՝ նախարարի տեղակալը նաև առանձնացրել է Եթովպիայի՝ Աֆրիկայի առանցքային երկիր լինելու հանգամանքը, Եթովպիայում թեկուզ սակավաթիվ, բայց ազդեցիկ հայ համայնքի առկայությունը, ինչպես նաև Խորհրդային Միության ժամանակներում սկզբնավորված կրթական համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպան Ալեմայեհու Տեգենուն իր ներդրումը կունենա Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Կողմերը քննարկել են կրթության, գիտության մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Առաջարկվել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ի դեմս ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի, գիտության և մասնավորապես հնագիտության ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով երկու երկրների և ժողովուրդների բացառիկ մշակութային ժառանգությունը։ Արծարծվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես ուսումնամարզական հավաքներին ու մարզումներին փոխադարձ մասնակցությունն այնպիսի մարզաձևերում, որտեղ կողմերն ունեն համաշխարհային մակարդակի հաջողություններ։

Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում ավելի մեծաթիվ եթովպացի ուսանողներ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու հնարավորություն կունենան: Կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով հնարավոր հուշագրի ստորագրման հարցը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու դեսպանը համակարծիք են եղել, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկու երկրները փոխգործակցության հսկայական ներուժ ունեն, և անհրաժեշտ է, որ այն լիովին իրացվի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպան Ալեմայեհու Տեգենուին նաև ներկայացրել է սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի մանրամասները՝ վստահություն հայտնելով, որ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կրթության և մշակույթի նախարարների մասնակցությունը նոր խթան կհանդիսանա կրթության, մշակույթի, սպորտի և գիտության ոլորտների զարգացման համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում