Ներքին 3 տարի առաջ - 11:33 22-07-2022

Ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան. ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանումը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Վարչությունից պարզաբանել են՝ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի (Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը) «գ» (գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ) և «զ» (գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ) կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որևէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների և մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան