Երևան +17°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:47 18-07-2022

Սրանք չե՞ն հասկանում՝ ինչ են անում, թե՞ հասկանալով հանդերձ՝ միտումնավոր են անում

Չնայած անցած տարվա համեմատությամբ հանրապետության ջրամբարներում այս տարի ավելի շատ ջուր է կուտակվել, այդուհանդերձ, վերջին օրերին Արարատյան դաշտում ոռոգման ջրի շուրջ կրքերը օր օրի լարվում են։ Մինչև հուլիս ամեն ինչ բավականին սահուն էր ընթանում, չնայած որ ջրի ավել քանակությունների առկայությամբ ջրամատակարարումների օրերով ընդհատումները ավելի շատ էին (ու՝ են) լինում։ Երեք-չորս օր Արտաշատի տարածաշրջանի գյուղերին ջուր տալուց հետո մատակարարումը դադարեցվում էր, սլյուժները փակվում էին (ու՝ են) և ջուրն ուղղվում էր դեպի Արարատի տարածաշրջանի գյուղերը։ Հասկանալիորեն խառնաշփոթ վիճակ էր ստեղծվում այն առումով, որ մարդիկ այգու կեսը չջրած ջրազրկվում են ու մի քանի օր անց գործընթացը սկսում նորից։ Այգետերը հողամասի 70-80%-ը ջրած վիճակում դադարեցումից հետո ստիպված է 4-5 օրից այն նորից ջրել զրոյից։ Եվ այդպես տասնյակ-հարյուրավոր դեպքեր միայն մի տարածքում։ Մյուս կողմից էլ այս շոգին բանջարը պետք է ջրել ու ջրամատակարարման դադարեցումից հետո գյուղացին ստիպված է ևս 4-5 օր սպասել, որ միանշանակ բերքատվության էական կորուստ է։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ջրամբարներում կուտակված ավելի շատ ջուր կա, քան նախկինում, բայց այս տարի նախկինի համեմատությամբ ավելի քիչ ջուր են տալիս գյուղերին։ Այնքան որ ջուր կա, բայց շատ քիչ է ու սղությունը լարվածություն է առաջացնում։ Մինչև վերջերս մարդիկ մտածում էին, որ իշխանությունները, ոլորտի պատասխանատուները, աչքի առաջ ունենալով անցած տարիների փորձը, վախենալով հերթական ձախողումից, փորձում են առայժմ քիչ ջրով հարցերը լուծել, որպեսզի շատ շոգերին կարողանան առանց լուրջ միջադեպերի ոռոգման սեզոնն առաջ տանել։ Բայց վերջին օրերին մարդիկ, որ տեղյակ են Մարմարիկից էլ, Ազատի ջրամբարից էլ, Ախուրյանում կուտակված ջրից էլ, կարծիքները փոխել են այն առումով, որ ջրի քիչ քանակներով մատակարարումը խնայողությունների և խնդիրներից զերծ մնալու նպատակ չի հետապնդում։ Գյուղերում օր օրի ավելի շատ են խոսում այն մասին, որ ջուրը միտումնավոր են քիչ տալիս, լարվածություն են ստեղծում, որ մարդիկ «ի վերջո հասկանան», որ ապագան կաթիլային ոռոգմանն է ու անցնեն կաթիլային ոռոգման։ Վարչապետ Փաշինյանն ասել է, որ ճիշտը կաթիլային ոռոգումն է, ուրեմն «պայմաններ պետք է ստեղծել կաթիլային ոռոգման համար»։ Եվ քանի որ այս իշխանական թիմը ամեն ինչ, որպես կանոն, մի քիչ այլ կերպ է հասկանում, «պայմաններ ստեղծելն էլ» հասկացել են այս կերպ․ ջուր քիչ տալ, լարվածություն ստեղծել, որ մարդիկ ստիպված լինեն անցնելու կաթիլայինի, կոկորդիլոսն էլ մեկ տարի անց «բացերես հայտարարի», որ Վեդիի խոշորացված համայնքում 40 հազար հա-ի վրա կաթիլային ոռոգում է իրականացվում։

Որոշ գյուղացիներ այս լարվածությունից խուսափելու համար գուցե կանցնեին կաթիլային ոռոգման։ Նրանցից շատերն այս օրերին հաշվարկներ են կատարում դրան անցնելու ծախսերի առումով, ու բոլորը միանշանակ հրաժարվում են դրանից։ Բանն այն է, որ կաթիլային ոռոգման փաշինյանական տարբերակով Կառավարությունը ոչինչ չպետք է անի, ուղղակի ջրային տնտեսությունը նույն այս առվակներով ոչ մեծ քանակությամբ ջուրը պետք է հասցնի գյուղացու հողին, իսկ վերջինս բենզինով կամ սոլյարայուղով աշխատող պոմպերով այդ ջուրը մղի դեպի բույսը։ Համակարգն անցկացնելու ծախսերը մեկ հա-ի համար նվազագույնը կազմում են 600-700 հազար դրամ։ Ամենամեղմ հաշվարկներով այս դեպքում միայն մեկ ոռոգման համար ավելի քան 15-20 լիտր բենզին կամ սոլյարայուղ է օգտագործվում։ Տարվա ընթացքում պտղատուների համար 6-7-8 ոռոգում է կատարվում, իսկ բանջարեղենի համար՝ կրկնակի ավելին։ Ստացվում է, որ համատարած այս թանկացումների պայմաններում, երբ գյուղմթերքի ինքնարժեքը 40-50%-ով բարձրացել է, իսկ իրացման գինը նույնիսկ իջել, ինքնարժեքի բարձրացմանը ավելանում է ևս մեկ գործոն․ կաթիլայինի բենզինի կամ սոլյարայուղի արժեքը, որ միջինում կազմելու է 150 մինչև 250 հազար դրամ։ Իսկ եթե սրան էլ գումարում ենք 500-600 հազար դրամ նվազագույնը, որն անհրաժեշտ է բանջարեղենի (իսկ պտուղների համար եռակի-քառակի թանկ) դաշտը կաթիլային ոռոգում անցկացնելու համար, գյուղացին, որ առանց այդ էլ սնանկացած վիճակում է, լրիվ կործանվելու է։ Այդքանով հանդերձ, իշխանությունները այնպիսի պահվածք են դրսևորում, որ գյուղացին գնա այդ ճանապարհով։ Պնդել, որ նրանք այդ տարրական հաշվարկները չեն արել, միամտություն կլինի։ Բայց ոչ հեռու անցյալում նույն այդ իշխանությունների ներկայացուցիչները հրապարակավ հաշվարկում էին, որ գյուղացին մեկ հա ցորենից համարյա թե աստղաբաշխական եկամուտներ է ստանում (մեկ հա ցորենից ստացվող շահույթը կազմում է 50-60 հազար դրամ), ու զրկեցին նրան պետական չնչին սուբսիդավորումից, ինչի արդյունքում վտանգվել է մեր երկրի պարենային ապահովությունը։ Նույնը կարող է այստեղ տեղի ունենալ։ Միակ հարցը, որի պատասխանը չկա․ այնուամենայնիվ, սրանք չե՞ն հասկանում, թե իրականում ինչ են անում, թե՞ հասկանալով հանդերձ միտումնավոր են անում։