copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:00 16-07-2022

Չերչիլը` նկարիչ

Բրիտանացի պետական և քաղաքական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ, լրագրող, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուինսթոն Չերչիլը առաջին անգամ ներկ ու վրձին է վերցրել ձեռքը քառասուն տարեկանում, սակայն դա չի խանգարել նրան դառնալ նկարիչ՝ իրենից հետո թողնելով ստեղծագործական հսկա ժառանգություն:



Դեռևս 1915 թվականին, լինելով շոտլանդական հրետանային գումարտակի հրամանատար, Չերչիլը պատերազմի առաջին գծում՝ թշնամու գնդակոծության տակ, նկարում է չորս կտավ և բազմաթիվ ճեպանկարներ։ Նրա անսասան հանգստության մասին գիտեին բոլորը։ Թեև հետագայում հայտնի քաղաքական գործիչը խոստովանել է, որ նկարչության հանդեպ կիրքը իրեն փրկել է խորը դեպրեսիայից: Ամբողջովին տրվելով նկարչությանը՝ Չերչիլը կարողանում էր մոռանալ ամեն ինչի մասին, ներառյալ «մեծ քաղաքականության» պատճառած տհաճությունները։ Նա մի անգամ նույնիսկ անկեղծացել է իր զարմիկի ներկայությամբ՝ ասելով. «Երբեմն ես պատրաստ եմ հրաժարվել համարյա ամեն ինչից՝ հանուն նկարչության»:

Չերչիլի նոր հոբբին շատ ավելին էր, քան սովորական հրապուրանքը: Նրա ուղևորությունները դեպի պլեներ (նկարչություն՝ բաց երկնքի տակ) մի ամբողջ պրոցես էր: Դիմացից գնում էին այգեպանները` մոլբերտով, ենթաշրջանակի վրա ձգված կտավով, վրձիններով և ներկապնակով, իսկ նրանց հետևից Չերչիլն էր՝ կոպիտ բաճկոնով, լայնեզր գլխարկով և բերանում՝սիգար: Գտնելով հարմար մի վայր, որտեղից հետաքրքիր բնապատկեր էր բացվում, Չերչիլը հանձնարարում էր ճիշտ ռակուրսով տեղադրել մոլբերտը և արևից պաշտպանող հովանոցը: Հետո աշխատողները նրան մենակ էին թողնում, և նա սկսում էր նկարել:



Իր անվերջանալի ուղևորությունների ժամանակ նկարչի բոլոր պարագաները միշտ Չերչիլի հետ էին: Բոլոր հյուրանոցներում ստեղծվում էին հարմար գեղարվեստական ստուդիաներ, որտեղ Ուինսթոնը օրական նկարում էր մի քանի ժամ:
Եթե քաղաքական գործերում ու գրական ստեղծագործություններում Չերչիլը 100 տոկոս վստահ էր ինքն իր վրա, ապա կերպարվեստում շատ համեստորեն էր գնահատում իր տաղանդը: Նա բաց էր քննադատության առաջ և կասկածանքով էր վերաբերվում գովասանքին, քանի որ գիտեր, թե ինչի համար էին իրեն գովում:



Նա հաճախ էր կրկնում. «Իմ նկարները չափազանց վատն են՝ վաճառելու, և չափազանց թանկարժեք՝ նվիրելու համար»:
Այնուամենայնիվ, 1921 թվականին Չերչիլն իր մի քանի աշխատանքներն ուղարկեց Փարիզ՝ միջազգային ցուցահանդեսի: Նկարների վրա ստորագրել էր կեղծ անունով՝ Չարլզ Մորինա: Ի զարմանս նրա՝ ժյուրին ընտրեց վեց նկար՝ աճուրդին մասնակցելու համար: Իսկ 1925-ին լոնդոնյան պատկերասրահի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսում նրա կտավն արժանացավ առաջին մրցանակի: Հեղինակները ժյուրիին ներկայացվել էին անանուն:

Պրոֆեսիոնալ ժյուրին, բարձր գնահատելով Չերչիլի աշխատանքը, վստահեցրեց. «Ով էլ լինի հեղինակը, բացահայտ զգացվում է, որ նա հանգստյան օրերի նկարիչ չի»: Իսկ իրականում քաղաքական գործիչն իր կտավները ստեղծում էր հենց հանգստյան օրերին, երբ ազատ էր լինում պետական գործերից:



Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլը դադարեց նկարել, սակայն պատերազմի ավարտից հետո կրկին անցավ իր սիրած զբաղմունքին:

Նա շարունակում էր չցուցադրել ու չխոսել իր նկարների մասին: Ինչպես ընկերոջն էր խոստովանում. «Անհարմար եմ զգում նկարներս հանրային ցուցադրել, քանի որ դրանք երեխաների պես են, նույնիսկ, եթե իրենց վատ են պահում, միևնույնն է, շարունակում են մնալ սիրելի»:



Այնուամենայնիվ, 1958-ին Կանզաս-սիթիում բացվեց Ուինսթոն Չերչիլի առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին նրա 35 աշխատանքներ: Ցուցահանդեսը ուղևորվեց ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ և ունեցավ ավելի քան կես միլիոն այցելու։

Չերչիլի հին ընկերը՝ ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը, ցուցահանդեսից հետո հայտարարեց, որ «նկարներն անչափ լավն են: Համենայն դեպս, հստակ տեսնում ես, թե ինչ է պատկերված այնտեղ: Ինչը չես ասի ժամանակակից մյուս նկարիչների մասին»:



Իսկ մարշալ Ալեքսանդրը, վերլուծելով Չերչիլի արվեստը, գրել է. «Նա շատ էր սիրում ներկեր և դրանք չափազանց շատ էր օգտագործում: Նա չէր հանգստանա, մինչև ողջ ներկապնակը չօգտագործեր: Կերպարվեստում, ինչպես և ամեն ինչում՝ սկսած քաղաքականությունից մինչև ուտելիք, Չերչիլը մաքսիմալիստ էր»:
Արվեստի գիտակները ջերմորեն են խոսում և բարձր են գնահատում բրիտանացի գործչի արվեստը՝ խոստովանելով, որնրա կտավներից մոտ տասը գլուգործոցներ են։ Ի դեպ, 2006-ին Ուինսթոն Չերչլիլի բնանկարներից մեկը աճուրդում վաճառվեց 2 միլիոն դոլարով: