copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:55 14-07-2022

Ձեններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «սենսացիոն» բացահայտումներ է արել կապված դրամի արժևորման ու մեզանում արձանագրվող՝ «աշխարհում ամենահամեստ» գնաճի վերաբերյալ։ Եթե հիշում եք, օրերս այդ մասին թմբկահարում էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Եվ ահա ԿԲ նախագահը, ում ղեկավարած գերատեսչության և էկոնոմիկայի նախարարության (նույնն է, թե երկու ղեկավարների միջև) վերջերս հրապարակային «տարաձայնություններ» կային դրամի արժևորման հետ կապված այն առումով, որ ըստ Քերոբյանի՝ դա խոչընդոտում է մեր արտահանմանն ու ընդհանրապես տնտեսության զարգացմանը։ Դրան ի պատասխան՝ պրն․ Գալստյանը «վարագույրը մի փոքր հետ է քաշել»՝ Քերոբյանին ցույց տալով մեր տնտեսության իրական վիճակը։

«Ռուսաստանի հետ կապված զարգացումների առումով ինչ իրավիճակ ունենք Հայաստանի տնտեսությունում։ Ոչ ռեզիդենտներից ցպահանջ արտարժույթային ավանդները, այն ավանդները, որոնք ոչ ՀՀ քաղաքացիներն ունեն ՀՀ առևտրային բանկերում ընթացիկ հաշիվների կամ ավանդների վրա մարտ-հունիս ժամանակային միջակայքում, կտրուկ աճել են։ Նույնը վերաբերում է վարձակալության գներին, բանկային համակարգով փոխանցված ֆիզիկական անձանց գումարներին։ Ազդեցությունը․ դրամական արտահայտությամբ, զուտ առումով մինչև մայիս կազմել է մոտ 500 մլն դոլար, մայիսից հետո, հունիսին ևս էական աճ է արձանագրվել։ Չենք հրապարակում, որովհետև հունիսի թվերը վերջնական չեն ամփոփվել։ Այդ ներհոսքի արդյունքում արտարժույթի պահանջարկը մնացել է նույնը, բայց առաջարկը շեշտակի ավելացել է։ Տրամաբանական է, որ արտարժույթի գինը պիտի նվազի, ազգային արժույթինը պիտի թանկանա։ Սա ասում եմ, որ միանգամից պատասխանեմ սխալ խոսակցություններին այն առումով, որ ԿԲ-ն արժևորել է հայկական դրամը։ Ոչ թե ԿԲ-ն արժևորեց հայկական դրամը, այլ պայմանավորված վերոնշյալ երևույթներով՝ հայկական դրամը օբյեկտիվորեն է արժևորվել։ Եթե ԿԲ-ն քայլեր պետք է անի, ապա նա պետք է արհեստականորեն արժեզրկի հայկական դրամը։ Այդ հոսքերի արդյունքում մենք ունեցանք անվանական փոխարժեքի արժևորում։ Անվանական, որովհետև իրականում տնտեսական գործընթացները դիտարկելիս ոչ այնքան կարևոր է անվանական փոխարժեքը, որքան իրական փոխարժեքը։ Օրինակ՝ ՀՀ ռեզիդենտը, որը իրականացնում է արտահանում Ռուսաստան, այդտեղ երկու ֆենոմեն է գործում։ Մեկը փոխարժեքն է՝ հայկական դրամ-ռուսական ռուբլի հարաբերակցությունը, մյուսը՝ մեզանում և ՌԴ-ում այդ ապրանքի գների տարբերությունը։ Եթե ՌԴ-ում գներն աճում են ավելի արագ, ինչն այս պահին այդպես է (այնտեղ գնաճն ավելի քան 15% է) և ունեն փոխարժեքի արժեզրկում, այդ դեպքում մենք խոսում ենք իրական փոխարժեքի արժեզրկման մասին։ Երկու գործոնները համատեղ պետք է դիտարկել։ Բայց մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե չունենայինք այս արժևորումը, որը ունեցանք վերջին երեք-չորս ամիսներին, ապա մեր գնաճը մայիսին ապրիլի նկատմամբ կլիներ ոչ թե փաստացի 0․1%, ինչպես կար, այլ կլիներ 0․9%։ Այսինքն՝ կունենայինք իննը անգամ ավել գնաճ։ Այսինքն՝ եթե մեր դրամը չարժևորվեր, ապա մեկ ամսվա ընթացքում մեր գնաճը կլիներ մեկ տոկոս։ Այստեղ ըստ էության կարող ենք փաստել, անվանական փոխարժեքի արժևորում չունենայինք, ապա մեր գնաճը կլիներ ոչ թե զրո, այլ մեկ տոկոս ու նույնը ապրիլը մարտի նկատմամբ, նույնը հունիսը մայիսի նկատմամբ։ Այսինքն՝ աճողական կարգով եթե մոտավոր հաշվարկներ անենք, մենք մոտ երեք տոկոս ավել գնաճ կունենայինք»։

Փաստացի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը շատ ուղղակիորեն խոսքն ուղղում է էկոնոմիկայի նախարարին, գուցեև կառավարության այլ, ավելի բարձր անդամների ու բացատրում, որ աշխարհում «ամենահամեստ» գնաճը, որ վերջին ամիսներին գրանցվել ու գրանցվում է մեզանում, ու կառավարությունը տեղի–անտեղի թմբկահարում է այդ մասին, դա ոչ թե այս կառավարության գործողությունների արդյունքում է, այլ իրենց՝ ԿԲ-ի շնորհքն է, որ ինչքան էլ պրն. Բագրատյանը պնդում է, որ այդ «ավելցուկ» փողերը պետք է ստերիլիզացնել, դնել երկարաժամկետ ծրագրերի մեջ, ԿԲ-ն չի անում, դրանք թողնում է շրջանառության մեջ, փաստացի արհեստականորեն արժևորելով դրամն (որքան էլ որ պրն. Գալստյանը հակառակն է պնդում) ու փաստացի արհեստականորեն, ռուսների փողերի հաշվին սանձելով գնաճը։ Իհարկե, դեռ պետք է հաշվարկվի, թե կարճաժամկետ առումով գնաճի սանձումով, որ առժամանակ հետաձգում է սոցիալական բունտի հավանականությունը, բայց խիստ բացասաբար է անդրադառնում արտահանման ու ընդհանրապես բիզնեսի զարգացման վրա, որքանով է տուժում մեր տնտեսությունը։ Բայց այս ամենում հետաքրքիր է մեկ այլ բան․ խոսվում է Հայաստանի տնտեսության մասին, մինչդեռ ոչ մի դրվագում՝ թե՛ ԿԲ-ի նախագահի խոսքում, թե՛ մյուս առումներում․ ՀՀ տնտեսությունն ընդհանրապես չի երևում, ամեն ինչ բացատրվում է Ռուսաստանի տնտեսության զարգացումների շրջանակներում։ Այդուհանդերձ, Մարտին Գալստյանը, ելնելով իրենց գրեթե հրապարակային վեճի տրամաբանությունից, էկոնոմիկայի նախարարին հասկացնում է, որ ձեններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ, եթե մի բանից չեք հասկանում, գոնե լռեք։ Իսկ թե ինչպիսին կլինի ԿԲ նախագահին ուղղված պատասխանը և որտեղից այն կհնչի, կերևա առաջիկայում։