Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:00 14-07-2022

Ինչպես Շոպենի «Նոկտյուրնը» փրկեց դաշնակահարուհու կյանքը

1993 թ. մեծ էկրաններին հայտնվեց ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերիգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր մարդկային կյանքեր փրկած Օսկար Շինդլերի մասին։

Նրանք, ովքեր տեսել են այս ֆիլմը, անպայման կհիշեն այն դրվագը, երբ մահվան ճամբարի բանտարկյալը Շոպենի «Նոկտյուրն» է նվագում գերմանացի զինվորական պաշտոնյայի ծննդյան տոնակատարության ժամանակ։ Զինվորականը, հիացած դաշնակահարուհու արվեստով, որոշում է փրկել նրա կյանքը։

Ֆիլմի այս դրվագը հիմնված է իրական իրադարձությունների վրա։

Լեհական ու հրեական ծագմամբ հայտնի, բրիտանացի դաշնակահարուհի Նատալյա Կարպը համակենտրոնացման ճամբարի բանտարկյալ էր, որին մյուսների պես սպասվում էին կտտանքներ ու մահ, սակայն Կարպի կյանքը անսպասելիորեն «փրկեց» Շոպենի «Նոկտյուրնը»։

Պատերազմի ժամանակ Նատալյա Կարպը քրոջ հետ եղել էր Տարնոու գետտոյում, որտեղից նրանք իրենց երկու ընկերների հետ ծրագրել էին փախչել Վարշավա, այնտեղից էլ` հարևան Սլովակիա։ Սակայն չորսին էլ՝ կեղծ փաստաթղթերով ձերբակալել էին և ուղարկել Կրակովից ոչ հեռու գտնվող Պլաշուվ համակենտրոնացման ճամբար։

Քույրերին դատապարտելով մահապատժի՝ թողել էին բունկերում՝ մինչև դատավճռի իրականացումը։ Բայց որքան էլ որ զարմանալի է, այնուամենայնիվ ձերբակալման հաջորդ առավոտյան Նատալյային հրամայում են ներկայանալ ճամբարի կոմենդանտ Ամոն Գյոտի ծննդյան օրվա տոնակատարությանը։ Գյոտը հայտնի էր իր անմարդկային դաժանությամբ, որի հետևանքը խոշտանգված ու սպանված 50 հազար հրեական կյանքերն էին։ Սակայն, այս արյունարբուն զարմանալիորեն դասական երաժշտության մեծ երկրպագու էր, և նրա ծննդյան օրը՝ 1943 թվականի դեկտեմբերի 9-ին, Նատալյան պետք է «երաժշտական ​​անակնկալ» մատուցեր։



Դաշնակահարուհին տարիներ անց հիշում է. «Վարսավիրը հարդարեց մազերս և ինձ բունկերից տարան կոմենդանտի առանձնատուն: Երբ ինձ բերեցին այնտեղ, տոնն արդեն իր բարձրակետում էր՝ գեղեցիկ հագնված հյուրերը գինի էին խմում ու օրվա հերոսին նվիրված կենացներ ասում։ Ես մահու չափ վախենում էի, քանի որ պատերազմի սկզբից ի վեր, այսինքն՝ գրեթե չորս տարի, դաշնամուր չէի նվագել։ Այդ ժամանակ մատներս թմրած էին և գրեթե չէին ծալվում, բայց ես ստիպված էի նստել գործիքի առջև. դա իմ կյանքը փրկելու միակ հնարավորությունն էր»:

Չնայած տոնակատարության բարձր տրամադրությանը ու թևածող ուրախությանը՝ այնուամենայնիվ, Նատալյան որոշում է նվագել իր սիրելի Շոպենի «Նոկտյուրնը», որը հագեցած էր խորը թախծով ու տխրությամբ։ Դա Նատալյայի հոգեվիճակի արտացոլանքն էր։ «Ինչ լինում է, թող լինի»,- մտածում է դաշնակահարուհին։

-Արի, նվագի՛ր, Սառա,- հրամայում է Գյոտը։

Նացիստները «Սառա» անվանում էին բոլոր հրեա կանանց՝ անկախ նրանց իսկական անուններից։

Նատալիան ահը սրտում նվագում է ու ավարտելով ստեղծագործությունը՝ տիրող ճնշող լռության մեջ հանկարծ լսում է Գյոտի ձայնը.

- Նա ողջ կմնա...

Այս խոսքերից ապշած ու հուզված՝ Նատալյան համարձակվում է հարցնել.

-Իսկ քո՞ւյրս:

- Նա էլ,- դժկամությամբ պատասխանում է կոմենդանտը։



Այդ օրվանից Կարպ քույրերը 1943 թվականի դեկտեմբերի 9-ը համարում էին իրենց ծննդյան նոր օրը, քանի որ հրաշքով կարողացան փրկվել։

Իհարկե սա փրկություն էր մահից, բայց ոչ ճամբարից։ Նատալյան քրոջ հետ տեղափոխվում է Օսվենցիմ։ Այստեղ նրան կոչում էին «համար A27407», որը դաջված էր թևին։ Թեև կյանքը մահվան ճամբարում ծանր էր ու դաժան, բայց դաշնակահարուհին ուրախ էր, որ քրոջ հետ ողջ էին ու միասին էին կիսում վախն ու ցավը:

«Ես և քույրս կառչած էինք միմյանցից,- հիշում է Նատալյան,- ամեն օրը կարող էր վերջինը լինել: Մենք նույնիսկ ուժ չունեինք այլ բանտարկյալների հետ շփվելու։ Մենք մտածում էինք միայն գոյատևելու մասին»:

Նրանք Օսվենցիմում մնացին մինչև 1945 թվականի սկիզբը, ապա տեղափոխվեցին Արևմտյան Չեխոսլովակիայի Հոլիշովի ճամբար, որտեղ էլ պատերազմի ավարտի լուրն առան։

Նատալյա Կարպի հետպատերազմյան առաջին ելույթը կայացավ 1946 թվականի մարտի 17-ին, որը հեռարձակվեց Լեհաստանի ռադիոյով։ Նատալյան Կրակովի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեց Չայկովսկու 1-ին կոնցերտը։



«Ես ընտրեցի այս ստեղծագործությունը, որովհետև այն տեխնիկապես շատ դժվար էր։ Ես ուզում էի գերմանացիներին և լեհերին ցույց տալ, որ ես ողջ եմ»,- հիշում է նա հարցազրույցներից մեկում։

1950-ականներին Նատալյա Կարպը Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հաջողությամբ համերգային շրջագայություններ է ունեցել Եվրոպայում։ Նա նաև ելույթ է ունեցել Գերմանիայում։

1967 թվականին, երբ Օսկար Շինդլերին հանդիսավոր հանձնում էին Մարտին Բուբերի անվան մրցանակը, այս արարողությանը հրավիրված էր նաև Նատալյա Կարպը, թեև նա Շինդլերի ցուցակից չէր։ Նատալյան բեմ է բարձրացել կարճաթև զգեստով` հատուկ ցուցադրելով իր թևին դաջված «A27407» համարը, որպեսզի բոլորը տեսնեն, հիշեն և իմանան, որ ինքը կարողացել է ողջ մնալ։

Դաշնակահարուհին այս երեկոյի ժամանակ կրկին նվագել է իր կյանքը փրկած շոպենյան նոկտյուրնը։