Երևան +10°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:44 14-07-2022

Կոռուպցիան բարևում է․ ինչպես է Փաշինյանը պայքարում կոռուպցիայի դեմ

Oragir.news-ը հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ խնդրելով ներկայացնել տվյալներ, թե 2022 թ․-ի առաջին 6 ամիսներին քանի հայտարարագիր է ստուգվել, քանիսում են հայտնաբերվել խախտումներ, սուտ հայտարարագրերի ներկայացման կամ իրական եկամուտները թաքցնելու դեպքեր։ Մեզ հետաքրքրում էր նաև, թե ինչ ընթացք են ունեցել հայտարարագրերում արձանագրված խախտումները։ Հարուցվե՞լ են արդյոք վարույթներ կամ քրեական գործեր, քանի՞ անձ է պատասխանատվության ենթարկվել այս դեպքերով։

Հանձնաժողովից պատասխանները ստացանք մի քանի օր ուշացումով։ Ենթադեցինք, որ մարդիկ թվերի հետ գործ ունեն, ու սպասեցինք։ Վերջապես մի քանի օր ուշացումով ստացանք պատասխան հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի անունից, որում վերոհիշյալ հարցերից որևէ մեկի պատասխանը չկար։

«Ի պատասխան Ձեր՝ 05.07.2022թ. հարցման՝ տեղեկացնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) պաշտոնական cpcarmenia.am կայքում առաջիկայում կհրապարակվի Հանձնաժողովի 2022 թվականի կիսամյակային հաշվետվությունը, որտեղ կարող եք գտնել Ձեր գրությամբ բարձրացված 1-3-րդ հարցերի պատասխանները»:

Փոխարենը մեր հարցման պատասխանների մի մասն առկա էր Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում, որը տարօրինակ զուգադիպությամբ համընկավ մեր հարցման պատասխանը ստանալու օրվա հետ։ Ըստ ռեպորտաժի՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու գործով այս պահին երկու հետախուզվող կա, 2022 թ․-ի առաջին կիսամյակում հարուցվել է 7 քրեական գործ, դատարան ուղարկվել՝ 4-ը, այս հանցակազմերով որևէ մեղադրյալ կալանքի տակ չէ։

Հիմա հարց․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ի՞նչ սկզբունքով է ընտրում, թե որ լրատվամիջոցին տեղեկատվություն տրամադրի ու ինչպես պատասխանի։ Կարևորն այստեղ այն է, որ իրենք հանրայինով սեփական աշխատանքին գնահատական հնչեցրեցին ու արձանագրեցին, որ սեփական աշխատանքի արդյունավետությունը բարձրացել է։

Առավել հետաքրքիր էր, թե հատկապես ում նկատմամբ են հարուցվել քրեական գործեր, ովքեր են մեղադրյալները։ Նրանցից մեկը, օրինակ, Մրգավանի ղեկավարի նախկին տեղակալն է, ով թեև դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Մեղադրյալների շարքում են մի շարք նախկին պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը։

Հատկանշական է, որ արձանագրել էին նաև, որ տուգանքից մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսվում դիտավորյալ հայտարարագիր չներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և կեղծ տվյալներ ներկայացնելու համար։

Հետաքրքրիր է՝ այդ դեպքում ինչու, օրինակ, գործող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում այն դեպքում, երբ Քերոբյանի հայտարարագրում բացակայում է կանխիկ և անկանխիկ դրամական միջոցմերի մասին տեղեկատվություն, իսկ Քերոբյանի կինը, օրինակ, առհասարակ հայտարարագիր չի ներկայացրել։

Մեզ հետաքրքրում էր նաև, թե հայտարարագրերում կեղծ տեղեկությունների ստուգման ինչ մեխանիզմներ ունի հանձնաժողովը։ Ինչպե՞ս են ստուգում, օրինակ, օտարերկրյա ընկերություններում կամ օֆշորային գոտիներում գտնվող ընկերությունների կամ բանկային հաշվեհամարների հետ կապը, եթե հայտարարատուն փորձում է այդ կապը թաքցնել, ինչպես դա եղել էր նախկին նախագահ Արմեն Սարգսյանի դեպքում, երբ հանձնաժողովը չէր կարողացել բացահայտել կապը՝ Շվեյցարիայում առկա գույքի և դրամական միջոցների հետ:

Այս հարցին հանձնաժողովից «խիստ հանգամանալի» պատասխան էինք ստացել, որից պարզ էր, թե ինչու սահմանված 5-օրյա ժամկետը հանձնաժողովին չէր բավարարել մեր հարցերին պատասխանելու համար։ Դժվարությունը տարատեսակ օրենքներից ու կարգավորումներից «քոփի-փեյսթ» անելն էր։

Ներկայացնում ենք այս հարցի պատասխանը ստորև․

«Ձեր գրության 4-րդ կետով բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն: Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելը, կամ հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալը, կամ այդ գույքը տնօրինելը ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ։

Ինչ վերաբերվում է օտարերկրյա ընկերություններում (այդ թվում՝ օֆշորային գոտիներում գրանցված) բաժնեմասնակցության կամ արտասահմանյան բանկերում գտնվող դրամական միջոցներին վերաբերվող տվյալներին՝ Հանձնաժողովը տարբեր պետական մարմիններից, լրատվամիջոցներից կամ երրորդ անձանցից ստացված տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ։ Եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն ուղարկում է գլխավոր դատախազություն, ինչի արդյունքում իրավապահ մարմիններն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում (այդ թվում՝ միջպետական համաձայնագրերի շրջանակներում) միջոցներ են ձեռնարկում՝ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու հնարավոր դեպքերը բացահայտելու ուղղությամբ»։

Ոչ մի խոսք այն մասին, թե ինչով է, օրինակ, պայմանավորված այն, որ հայտարարագրերում, որպես կանոն, հայտարարատուները մի քանի անգամ շատ կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրում, քան բանկային հաշիվներն են։ Ինչպե՞ս է հանձնաժողովը ստուգում, թե հայտարարատուն, օրինակ, իր սեյֆում կամ բարձի տակ որքան կանխիկ դրամական միջոցներ ունի։

Եթե, օրինակ, հայտարարագրված է 10 մլն դրամ կանխիկ դրամական միջոց, արդյո՞ք հայտարարատուն իրականում այդ պահին ունի ճիշտ այդքան գումար, հնարավո՞ր է, որ ունի միայն դրա ինչ-որ չափը, փոխարենը ակնկալում է, որ որևէ այլ ճանապարհով կստանա այդ դրամական միջոցները։

Եվ ոչ մի խոսք նաև այն մասին, թե, օրինակ, նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հայտարարագրի առնչությամբ նյութեր ուղարկվե՞լ են դատախազություն, թե՞ ոչ։

Այս լրացուցիչ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանից։ Նա պատասխանեց, որ արձակուրդում է, և խնդրեց իրեն հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված իր հանգստի իրավունքից։