Երևան +18°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:00 12-07-2022

Ի՞նչն է ավելի բարձր. վարչապետի հրահա՞նգը, թե՞ օրենքը

Վարչապետը երբեմն-երբեմն կամայական հանձնարարականներ է տալիս։ Իսկ նախարարություններն ու գերատեսչություններն անվարան կատարում են այդ հրահանգները՝ առանց հաշվի առնելու օրենքը կամ ողջամիտ տրամաբանությունը, կարծես վարչապետի ասածից վեր ոչինչ չկա։ Սա շատ վտանգավոր է։

Անցյալ հինգշաբթի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղադրույքների թաքնված գովազդն արգելելու վերաբերյալ իր հանձնարարականին։ «Ուր գնում ես, խաղադրույքի թաքնված գովազդ է։ Էդ մարդիկ մեզ մարտահրավե՞ր են նետում, սա ի՞նչ է նշանակում։ Ընդունեք օրենքը, եթե պետք է, կոնկրետ բառերով, օրենքում նշեք, որ կոնկրետ բառերն արգելվում է գովազդել։ Եվ եթե այդ ընկերություններն այդպիսի վերաբերմունք ունեն Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, ուրեմն թող իրենք էլ զգան մեր հակադարձ վերաբերմունքը։ Այսինքն՝ օրենքն ընդունում ենք, առնետի միջանցք են գտնում, այդ միջանցքով գնում են, ամբողջ հանրապետությունը հեղեղում»։

Այս մեջբերման վերջին տողերում պարզ երևում է, որ օրենքով այդպիսի արտաքին գովազդ տեղադրելը թույլատրված է։ Սակայն օրենքը վարչապետի հանձարարականը կատարողների համար խոչընդոտ չէ։ Դա երևաց Կառավարության նիստից 1 օր անց՝ ուրբաթ օրը, երբ մի շարք պետական կառույցներ, առանց իրավական հիմք ունենալու, կազմակերպված ապամոնտաժեցին խաղադրույք կատարելու մասին արտաքին գովազդները Հայաստանի փողոցներից, կազմակերպեցին ամենաթողության այնպիսի ցույց և այնպիսի ավերածություններ, որոնք կարող էին լինել միայն ոչ թավշյա, բռնի, անարխիստական հեղափոխության ժամանակ։

Եթե խաղադրույք կատարելը կամ, ինչպես ասում են, բեթինգը այդքան վատ բան է, ապա Կառավարությունն ինչո՞ւ չի արգելում այն ընդհանրապես։ Այս պարագայում արտաքին գովազդի վահանակները կոտրելու խնդիր չէր էլ առաջանա։ Կամ եթե բեթինգի արտաքին գովազդն օրենքով արգելված է, ապա առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրեն պետական այն կառույցները, որոնք այդպիսի գովազդ տեղադրելու թույլտվություն են տվել։ Իսկ եթե օրենքով թույլատրվում է բեթինգի գովազդ տեղադրել, ապա ուրբաթօրյա ավերածությունների կազմակերպիչներն ու իրականացնողները կարող են օրենքով պատասխանատվության ենթարկվել, քանի որ նյութական վնաս են պատճառել գովազդատու ընկերություններին։

Այստեղ հարցն այն չէ, թե գովազդատուները ինչ փոխհատուցում կպահանջեն կամ կստանան։ Մտահոգիչն այն է, որ կարող է ստեղծվել հակաիրավական ավանդույթ, որով վարչապետի կամայական հրահանգը ավելի կարևոր կհամարվի, քան ՀՀ օրենքը։