Մեր երկրում այսօր դեռ առկա խշխանությունը մեկ, միայն մեկ նպատակ ունի` ոչնչացնել հայոց պետականությունը։ Թավշյա ռեժիմի միակ պարտականությունն ու անելիքը հայեցի ամեն բան ոչնչացնելու նպատակով իրեն ստեղծած օտար թշնամու ծրագիրը սպասարկելն է։ Մնացած ամեն ինչ մեր երկրում անտերության մատնված է։ Միանգամայն բնականոն է, որ երկրում իշխող, բայց իրեն երկրի տերը չզգացող, երկիրը օտարող, ամեն ինչ մաս–մաս, ծածուկ, շտապ վաճառող, փչացածն էլ ավելի փչացնող, առողջը որևէ ախտով վարակող, միտքն ու գործը արգելող, չարն ու վատը խրախուսող, քաղաքացուն նվաստացնող ու մարդուն դեգրադացնող ռեժիմը բարի ու նոր ոչինչ չի ստեղծում կամ նորոգում։
Իրոք, ինչո՞ւ ինչ-որ բան սարքել ու նորոգել մի երկրում, որը քանդելու ես։ Ինչո՞ւ ստեղծել, եթե քեզ վճարում են ոչնչացնելու կամ ապականելու համար։ Իհարկե, մեր երկրում նույնպես բոլորը դեմ են երկիրը քանդելուն, հայկական զույգ պետությունները և հայոց պետականությունը ոչնչացնելուն, բոլորը` բացի ներկա թավշյա ռեժիմից։ Դեմ են միայն տեսականորեն, բայց գործնականում դեմերը չեն համախմբվում ու միասնական ընդդիմություն չեն դառնում, քանի որ ամեն դեմ ինչ-որ մի առանձին բանի է դեմ։ Որովհետև դեմերին համախմբող ու բացատրող չկա, որ եթե չես ուզում ուզածդ քանդվի, եթե ուզում ես վնասվածը նորոգվի, եթե նոր ու բարի բան ես ուզում ստեղծել, եթե ուզում ես երկիր ունենալ, այդ երկրի քաղաքացին լինել ու ապրել այդ երկրում, ուրեմն պետք է ռեժիմը չլինի։ Ոչ ոք չի բացատրում բոլորին բացահայտը, որ դրածո ռեժիմը դեռ կա, քանի որ թավիշը առանձին-առանձին, դժգոհների խմբերից ամեն մեկին առաձին, անջատ է չեզոքացնում, գնում, վախեցնում, լռեցնում։ Ու քանի դեռ ռեժիմը կա, մեր երկրում ոչինչ չի սարքվելու, ու ոչ մի առանձին խնդիր չի լուծվելու։
Բոլորը գիտեն կամ սկսել են հասկանալ, որ պետք է համախմբվել, պետք չէ բաժանված լինել, եթե ուզում են` թավշյա ռեժիմը չլինի։ Մինչդեռ փաստ է, որ չեն կարողանում համախմբվել, քանի որ միավորվելու առ այսօր արված բոլոր փորձերը անհաջող ու անարդյունք են եղել, հեռանկարից զուրկ ու արագ տապալվելու բացիլ են ունեցել միջուկում, հռչակված նպատակի հետ կապ չունեցող հիմքի վրա են կայացել։ Հետ նայենք ու հիշենք, թե ինչ ներքին հակամարտությունների ու շահախնդիր կրավորականության «արդյունքում» կազմվեցին արտահերթ համապետական վերջին ընտրություններին բացառապես «հաղթելու» վճռականությամբ մասնակցող համամասնական ցանկերը։ Նաև, եթե փաստացի պարտությունից հետո դա չենք արել, գոնե հիմա բաց աչքով նայենք ու տեսնենք, թե ինչպիսի ապաքաղաքական կարկատաններ են ընդդիմադիր համարվող խմբակցությունները։ Եթե ժամանակին չենք մտածել, ապա գոնե եկեք հիմա մտածենք, թե այդ ո՞ւմ պարտվեցինք, ինչո՞ւ պարտվեցինք, ինչպե՞ս կարելի էր պարտվել պարտվածներին, ինչո՞ւ պարտությունը ընդունելի լուծում համարվեց, ինչո՞ւ բացառապես հաղթելու, լոկ ռեժիմը տապալելու նպատակ հետապնդածները վերցրին ռեժիմի տված մանդատները ու հիմա չեն ուզում բաժանվել դրանցից։
Այս ամենը եղել է։ Ու հենց այս եղելությունն է պատճառը, որ չկա համախմբող այն հեղինակությունը, որին կլսեն բոլորը, ով կարող է առաջնորդել բոլորին։ Ուստի նաև չկա ասողը, որ երկիրը արտակարգ դրության մեջ է, ինչ է պետք անել` այդ արտակարգ վիճակից դուրս գալու համար, և նրան հետևեն բոլորը։ Ասել կարող է ամեն ոք, մինչդեռ անցած չորս տարիները ու թավշյա ռեժիմի դեռ շարունակվող գոյությունը ապացուցում են, որ կարոևորն այն է, թե ով է ասում։
Հնագետները պնդում են, որ Սպարտայի ժողովրդական ժողովը անփոփոխ կանոն ուներ. եթե վատ համբավ ունեցող մեկը խելամիտ առաջարկ էր անում, այն չէր ընդունվում, քանի դեռ նույն առաջարկը չէր երկրորդում լավ համբավ ունեցող մեկը։ Մենք հիմա լավ համբավ ունեցող մեկի կարիքն ունենք։ Նա պետք է մեզ ասի այն ու առաջնորդի անել այն, ինչը մենք էլ գիտենք, ու ինչը մենք էլ ենք ուզում անել, բայց չենք անում, քանի որ համախմբված չենք, միասնական չենք ու առաջնորդ չունենք։ Սա էլ մեր անտերությունն է։
-
Գևորգ Հարությունյան
-
փիլիսոփա
-