copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:40 11-07-2022

Ճիշտը դանդաղ շտապելն է

Արմստատը հրապարակել է բնակչության թերևս ամենաշատը հետաքրքրող վիճակագրությունը՝ հունիս ամսվա գների ինդեքսը։ Համաձայն հրապարակման՝ հունիսին սպառողական գները Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ հատել են երկնիշ աճի սահմանագիծը՝ կազմելով 10․3%։ Խոսքը սննդամթերքին վերաբերող ցուցանիշի մասին չէ, այլ ընդհանուր բոլոր ապրանքատեսակներին՝ միասին վերցրած։ Սպառողական գների աճը մայիսի համեմատությամբ կազմել է 0․3%, ինչը ցույց է տալիս, որ հանրապետությունում գնաճային միտումները պահպանվում են։ Բայց քանի որ հանրապետության բնակչության առնվազն 30-40%-ը վաղուց արդեն կոմունալներից ու սննդից բացի հագուստի կամ այլ ոչ առաջնահերթ սպառման ապրանքների վրա ծախսումներ գրեթե չի անում, և նրանց առաջնահերթ հետաքրքրում են սննդամթերքի գները, ներկայացնենք սպառողական գների վիճակը սննդի առումով։

Հունիսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձրացել են 17․1%-ով։ Նախորդ ամսվա համեմատությամբ գրանցվել է սննդամթերքի գների 0․2%-ոց անկում, բայց դա պայմանավորված է ընդամենը սեզոնայնությամբ, քանի որ թարմ բանջարեղենի ծավալները վաճառքում շեշտակի աճել են, ու արտահանման ծավալներն էլ հայտնի պատճառներով նվազել են։ Արդյունքում պայմանական վաղահաս կարտոֆիլի գինը 600-700 դրամից նվազել է 300-350-ի, կամ լոլիկինն ու կանաչեղենինը։

Մյուս կողմից 2021թ․-ի հունիսին սննդամթերքի գները նախորդ տարվա հունիսի համեմատությամբ աճել են 9%-ով։ Ստացվում է, որ համաձայն պաշտոնական վիճակագրության՝ վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի գներն աճել են ավելի քան 26%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 17-18%-ով։ Կահույքի, էլեկտրատեխնիկայի կամ մեքենաների հաշվին Արմստատը «սանձում» է ընդհանուր սպառողական գների աճը։ Այդքանով հանդերձ՝ այս կառավարությունը խախտում է գնաճի հետ կապված բոլոր գործող ու չգործող օրենքները։ Տարեկան թույլատրելի առավել գնաճը պետք է լինի 4%։ Երկու տարում՝ 8%։ Հայաստանում երկու տարում դա ավելի քան 18% է, առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես սննդամթերքի դեպքում՝ ավելի քան 26%։ Ինչպես արդեն նշվեց, համաձայն Արմստատի՝ գնաճային միտումները կայունորեն պահպանվում են։ Հետևաբար կանխատեսելի է, որ արդեն տարեվեջին կունենանք վերջին 2 տարիների համար ավելի քան 30%-ոց գնաճ։ Մինչդեռ այդ ընթացքում աշխատավարձերի կամ թոշակների բարձրացում չի եղել։

Եկող հունվարից նախատեսվում է (առայժմ միայն նախատեսվում է) թոշակների ու նվազագույն աշխատավարձերի բարձրացում։ Որքան էլ որ կառավարությունը շարունակաբար խոսում է բարձրացման մասին՝ այդպես էլ որևէ կերպ չհրապարակելով, թե որքանով են բարձրանալու թոշակներն ու նվազագույն աշխատավարձը, գերադասելով առայժմ այդ մասին լռել, այդուհանդերձ, համաձայն որոշ կանխատեսումների՝ սպասվում է, որ ամենահավանականը նվազագույն աշխատավարձի ու թոշակների 10%-անոց բարձրացումն է, որի դեպքում 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձը կդառնա 74-75 հազար դրամ, 40 հազար դրամ թոշակը՝ 44 հազար։

2020 թ․-ին մանրածախ հացի կգ-ը վաճառվում էր 470-480 դրամով։ Հիմա այն վաճառվում է 570 դրամով։ Մեկ ամսվա ընթացքում մեկ անձը միջինում օգտագործում է 10-11 կգ հաց։ Ստացվում է՝ բարձրացած թոշակի կամ աշխատավարձի 25%-ը գնում է միայն հացի գնաճի մարելուն։ Հացից հետո հայերիս սննդակարգում ամենաշատն օգտագործվողներից է պանիրը։ Այս ընթացքում 450-500 դրամով էլ բարձրացել է ամենաէժան պանրի գինը։ Մարդն ամսական սպառում է մոտ մեկ կգ պանիր, 3-3․5 կգ կարտոֆիլ, 2-2․3 կգ մսամթերք։ Ավելացվելիք կենսաթոշակը կամ նվազագույն աշխատավարձը մասնակիորեն փակելու է ընդամենը վերոթվարկյալ 3-4 անուն սննդամթերքի գների ճեղքվածքը։ Մինչդեռ մարդու նվազագույն կենսապահովման համար հաշվառվում է 25 անուն սննդամթերք, որ առաջնահերթ են սպառման տեսանկյունից՝ ձու, ձկնեղեն, մակարոնեղեն, շաքար, բուսական յուղ, կաթ, մածուն, կարագ, հատիկաընդեղեն և այլն։

Եթե այս ամենին գումարում ենք նաև կոմունալ վճարումները, որ նույնպես այս ընթացքում կայունորեն աճում են, ապա այս գնաճի պայմաններում մեր քաղաքացու կյանքում դրական առումով բացարձակապես ոչինչ չի փոխվում։ Ավելին, 600-700 հազար դրամ աշխատավարձ ստացող պատգամավորները, սրանցից շատ ավել ստացող կառավարության անդամները, որ եռամսյակը մեկ կայուն պարբերականությամբ պարգևավճարներ են ստանում, նույն կերպ 400-500 հազար դրամից սկսվող և գրեթե այդքան էլ պարգևավճար ստացող գույնզգույն բերետավորներն ու ուժային մյուս կառույցների ներկայացուցիչները, մյուս իրավապահները իրենց «համեստ» աշխատավարձերի ու պարգևատրումների պայմաններում ոչ մի կերպ չեն կարողանում «գոյատևել»։ Մինչդեռ միջինում՝ 40, տասնյակ հազարավոր դեպքերում 27-28 հազար դրամ կենսաթոշակ ստացողները լավ էլ ապրում են, այլապես կդժգոհեին։ Ոչ մի նման բան։ Հետևաբար շտապել պետք չէ, կարելի է սպասել․ պատերազմը կվերջանա, համաշխարհային միտումները կկայունանան, այդ թվում՝ նաև գնաճային, հետո միայն անդրադառնալ գնաճին համապատասխան թոշակ ու աշխատավարձ սահմանելուն։ Թերևս սա այն դեպքն է, երբ ճիշտը դանդաղ շտապելն է։