Երևան +16°
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:03 09-07-2022

Խանջյանը մեր վերջին հերոսն էր, որին սպանեց Բերիան․ Չարենց

1936 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսիում սպանվեց Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Խանջյանը ինքնասպան է եղել։ Մահվան լուրի հրապարակումից հետո տարածվեց Խանջյանի սպանության վարկածը։

Թբիլիսի մեկնելու նախորդ օրը Խանջյանը այցելել էր իր սիրելի ընկերոջը` բանաստեղծ Եղիշե Չարենցին։ Իզաբելլան` Չարենցի կինը, հետագայում գրել է.

«Երեկոյան մեզ մոտ եկավ Խանջյանը։ Մտավ Չարենցի աշխատասենյակ, մոտ կես ժամ նրանք զրուցում էին… Ես նրանց թեյ բերեցի ու տեսա, որ լուռ ու տխուր նստած են։ Որոշ ժամանակ անց դուրս եկան։ Չարենցը ճանապարհեց Խանջյանին մինչև դուռը․ գնում էր Խանջյանի հետևից՝ ձեռքերը մեջքի հետևը պահած, դեմքը վար իջացրած՝ դեմքին մեծագույն դարդով։ Կարծես գնում էր հարազատ մի մարդու դագաղի հետևից։ Նա դուռը փակեց ու նույն դեմքի արտահայտությամբ հետ գնաց աշխատասենյակ։ Երեք օրից Խանջյանին հետ բերեցին Թիֆլիսից՝ դագաղի մեջ»։



Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Իզաբելլան լսել է Չարենցի ձայնը կողքի սենյակից․

«Աղասի, մի գնա»։

Խանջյանը Թբիլիսի մեկնել է 1936 թվականի հուլիսի 8-ին։

Կնոջը՝ Ռոզա Գինզբերգին, նա ասել էր, որ Թբիլիսիում կտրուկ դնելու է իր հրաժարականի հարցը՝ ՀԿ(բ)Կ Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար Լավրիենտի Բերիայի ճնշումների պատճառով։ Բացասական պատասխան ստանալու դեպքում նա պատրաստվում էր հասնել Մոսկվա ու այդ պատճառով նույնիսկ վերցրել էր իր հետ բոլոր անհրաժեշտ իրերը`երկար ճանապարհորդության համար։ Ըստ կնոջ ցուցմունքների՝ Խանջյանը իր հետ էր վերցրել նաև իրեն պատկանող Լիգնոզե ատրճանակը։ Ինքնասպանության մասին մտքերը կինը բացառել է։



Ըստ Վրաստանում լայն տարածված տարբերակի՝ Բերիայի աշխատասենյակում Խանջյանը առաջ է քաշել Ջավախքը Հայաստանին փոխանցելու պահանջ, սկսել է սպառնալ Բերիային։ Վերջինս էլ, ի պատասխան, վերցրել է իր ատրճանակը ու սպանել Խանջյանին։ Սակայն ըստ թեման ուսումնասիրած Ամատունի Վիրաբյանի՝ չկա որևէ փաստ, որը հաստատի այս վարկածը։

Ըստ պաշտոնական վարկածի, որը հրապարակել է Անդրկովկասյան տարածքային կոմիտեն, Խանջյանը ինքնասպանություն է գործել՝ Թբիլիսի գործուղման ժամանակ սեփական քաղաքական սխալներից ճնշված։

Հայկական ու վրացական կինոարտադրության հիմնադիրներից մեկը՝ Դանիել Դզնունին, որը ձերբակալվել էր 1937 թվականին, դատախազությանը հայտնել էր, որ իր հետ նույն խցում գտնվում էր պրոֆեսոր-վիրաբույժ Հարություն Միրզա-Ավագյանը։ Ըստ նրա՝ Խանջյանի մարմինը Երևան տեղափոխելուց հետո իրեն կանչել են մարմինը զննելու։ Միրզա-Ավագյանը արձանագրել է վնասվածք՝ գլխի ձախ կողմում՝քունքից վերև, և որ կրակոցը իրականացվել է հեռու տարածությունից ու եզրակացրել, որ մահը չէր կարող վրա հասնել ինքնասպանության հետևանքով։ Նա, ինչպես նաև Հայաստանի հակատուբերկուլյոզային ծառայության հիմնադիր Գրիգոր Սաղյանը, հրաժարվել են ստորագրել Խանջյանի ինքնասպանության մասին արձանագրությունը՝ պնդելով, որ նա առնվազն պետք է ունենար երկումետրանոց ձեռք ու չլինելով ձախլիկ՝ կրակեր ձախ կողմից։

Բժշկական այս եզրակացությունից հետո՝ 1938 թվականին, Միրզա-Ավագյանը մահացավ բանտում` սուր երիկամային անբավարարությունից, իսկ 1937-ին գնդակահարվեց Սաղյանը։

Աղասի Խանջյանի թաղման մասին շատ պատկերավոր ու տեսանելի գրել է գրող Վահրամ Ալազանը.

«Հուլիսի 12-ին նշանակված էր թաղումը։ «Խորհրդային Հայաստան» թերթում տպվեց Խանջյանի փոքրադիր մի նկար եւ Անդրերկրկոմի եւ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի մահազդերը, որոնք ոչ թե մահազդեր, այլ քաղաքական եւ դատական մեղադրանքներ էին։



Շատ սրտաճմլիկ էր տեսնել Աղասուն՝ պառկած դագաղում։ Նրա աջ եւ ձախ քունքերին դրված էին թփից նոր քաղված երկու խոշոր վարդեր։ Ամբողջ դագաղը ծածկված էր թարմ ծաղիկներով, իսկ մելամաղձիկ սգո մեղեդու նվագի տակ «քնած» էր ժողովրդի մեծ ու սիրելի զավակը։

Բերիայի գործակալ Խաչիկ Մուղդուսին՝ կանգնած դահլիճի մի անկյունում, Արգոսի աչքերով դիտում էր իր չորս կողմը։ Ոչ ոք ռիսկ չարեց պատվո պահակ կանգնել...

Չնայած որ առանձնատունը շրջապատված էր միլիցիայի խիտ ջոկատներով, բայց ժողովուրդը պատռեց այդ շղթան եւ մտավ առանձնատուն՝ հրաժեշտ տալու իր սիրելի ղեկավարին...

Տեսնելով ժողովրդի հուզումները՝ Մուղդուսին վրդովված կարգադրեց դագաղը վերցնել։ Չորս հոգի մոտեցան, որ դագաղը վերցնեին, Խանջյանի հայրը՝ ժողովրդական ուսուցիչ Ղեւոնդ Խանջյանը, տեղից վեր կենալով, ձեռքը վեր բարձրացրած ասաց.

- Կացե՛ք, կացե՛ք։

Հայրական այս ազդու խոսքերից հետո ոչ ոք չհամարձակվեց դագաղը տեղից շարժել։ Մոտենալով որդու դագաղի գլխամասին և որդուն դիմելով՝ ասաց.

«Իմ սիրելի՛ Աղասի, դուն, որ ապրեցար Սուլթանի լուծի տակ, ցարի լուծի տակ, նստեցիր դաշնակցության բանտը, բնավ երբեք ոչ մի անգամ չհուսահատվեցար, չմտածեցիր ինքնասպանության մասին, հիմա Խորհրդային ազատ երկրին մեջ ի՞նչը կարող էր դրդել քեզ ինքնասպան ըլլալ…»։

Այդ դամբանական կարճ խոսքով Ղեւոնդ Խանջյանը հրապարակավ կասկած հայտնեց, որ իր որդին ինքնասպան չի եղել»։

Խանջյանի մահից հետո նրա գերեզմանը երկար ժամանակ հսկել ու խնամել է նկարիչ Տաճատ Խաչվանքյանը, որն անընդմեջ սպիտակ ծաղիկներ է բերել Խանջյանի գերեզմանին որպես նրա անմեղության խորհրդանիշ։ Երկու տարի անց Խաչվանքյանը ձերբակալվել ու աքսորվել է Մագադան, որտեղ և մահացել է։

Մտերիմ ընկերոջ ու սիրելի ղեկավարի սպանությունից հետո Եղիշե Չարենցը ստեղծեց «Դոֆին նայիրական» սոնետների շարքը։ Իսկ մինչ այդ իր թղթերից մեկում նա գրել էր․ «Խանջյանը մեր վերջին հերոսն էր, որին սպանեց Բերիան»։