Ներքին 4 տարի առաջ - 12:52 08-07-2022

Կիսագրագետներ են․ Երևանում ադրբեջանական որևէ բան չկա. պրոֆեսորների պատասխանը՝ ադրբեջանցի գիտնականներին

Ադրբեջանցի մի խումբ գիտնականներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կապված Երևանում Կոնդ թաղամասի «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգության» դեմ «Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության» գործընթացի հետ։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է մասնագետների հետ՝ հարցնելով, թե ինչ է պատրաստվում անել հայկական կողմը՝ համարժեք պատասխան տալու համար և ինչպիսին է արձագանքը.

Թուրքագետ, Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Հերթական կեղծ հայտարարությունն է։ Ադրբեջանը փորձում է ոչ միայն կեղծել պատմությունը, այլև ստեղծել կեղծ պատմություն ընդհանրապես։ Մեր պատմաբաններն այստեղ մեծ անելիքներ ունեն։ Սա խայտառակություն է, և փորձում են մեր ժողովրդից մեր պատմությունը խլել և յուրացնել։ Այս բնագավառում մեր պատմագիտական միտքը մեծ աշխատանք է տարել։ Մենք պետք է կարողանանք մեր տեսակետներն ու մոտեցումներն աշխարհին հասցնել։ Դա շատ կարևոր է, պետք է ոչ միայն անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակումներ լինեն, այլև այնպիսի մակարդակով, որ դա ընդունելի լինի ժամանակակից աշխարհի համար։ Սա շատ կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ սա այն խնդիրներից է, որը արդեն առնչվում է անվտանգությանը»։

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը պատասխանեց.

«Ինչպես միշտ դա հետևանք է ու հարձակվողական ոճ է, ինչպես պատերազմի ժամանակ, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Այդտեղ չկա գիտական որևէ բան, որին կարելի է հակադարձել։ Առհասարակ Երևանում ադրբեջանական որևէ բան չկա, իսկ օրինակ, պարսկական մզկիթ, կա։ Հայկական իշխանությունները որևէ բան չեն արել ընդդեմ որևէ մշակույթի, եթե չհաշվենք խորհրդային աթեիստական շրջանը։ Թող ադրբեջանցիները բարի լինեն, պատասխան տան հայկական ժառանգության ոչնչացման համար, որովհետև դա շատ անլուրջ է, բայց թշնամին այդ անլրջություններով անընդհատ պղտորում է այդ ամենը։ ՅՈւՆԵՍԿՕ-ն եթե պետք է անլրջությանը հետևի, գիտեք ինչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդարության ապաստան չէ, այլ հակառակը։ Այն քաղաքական կազմակերպություն է, որտեղ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ իրենց դաշնակիցները բավականին լուրջ ներկայություն ունեն։ Այդտեղ գիտական որևէ բան չկա, մերոնք թեմայի վերաբերյալ, թող ասեն, որ դա սուտ է, ադրբեջանական որևէ բան չկա, որ հայերն էլ ոչնչացնեն։ Երևանում ընդհանրապես չկա։ Երևանում քանի՞ եկեղեցի է խորհրդային տարիներին հիմնահատակ ավերվել։ Ուզում եմ ասել, որ անկախ Հայաստանի իշխանությունները որևէ նման նախաձեռնություն, ներառյալ Արցախի իշխանությունները, չեն արել։ Ադրբեջանում գիտնական չկա, որ հայտարարություններ անի, այնտեղ կա դեսպոտի, որը թութակի պես կրկնում է։ Դա գիտական թեզ չէ, ու ամոթ այն գիտնականին, ով դեսպոտի հերյուրանքները լուրջ է համարում։ Որ ասում են ադրբեջանցի գիտնական, գիտեն դրանով որևէ բան լրջանո՞ւմ է։ Դուք չգիտե՞ք, որ աշխարհն անարդար է։ Ուժեր կան, որոնք թելադրում են, նրանք էլ այդ հիմարություններն են մեջտեղ բերում։Թող այդ գիտնականը գա, բանավիճենք իր հետ, կիսագրագետ մարդիկ են, հայերեն չգիտեն ու ասում են, որ այս կամ այն արձանագրությունը հայերեն չէ»։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Հերթական խայտառակությունն է սա, անպտուղ ու անհեռանկար բանավեճի մեջ են մտնում, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք աշխատություններ ենք տպագրել, որոնցից մեկը, օրինակ, «Երևան-2800» աշխատությունն է։ Ցավոք, շնորհանդես չեղավ, բայց շատ լուրջ աշխատանք գրվեց, որով վերջնականապես ցրվեց այն հիմար տեսակետը, թե Երևանը թուրքաբնակ կամ մահմեդաբնակ քաղաք է եղել։ Նման բան գոյություն չունի, այդ սխալը գալիս է ռուս վիճակագիր Օտտոյից, 19 -20-րդ դարերից, և մենք էլ ապացուցել ենք, որ երբ միջնադարում տեղանունների թրքացման գործընթաց էր գնում, էթնիկապես Հայաստանը վերահսկվում էր մահմեդական ցեղերի կողմից՝ նույնիսկ այդ ժամանակ Հայաստանի, այդ թվում նաև Արևելյան Հայաստանի բնակչության գերակա մասը եղել են հայեր, այդ թվում՝ նաև Երևան քաղաքում։ Ինչ վերաբերում է Կոնդ թաղամասին, ամենածիծաղելին այն է, որ ամենամիատարր, հայաշատ թաղամասերից մեկը եղել է հենց Կոնդը, որտեղ ապրել են հայեր և հայ բոշաներ, իսկ այնտեղ եթե ինչ-որ մզկիթի հետքեր են եղել, որոնք ինչ-որ կոյունլու ցեղերի տիրապետության շրջանում հայտնվել են այդ տարածքում, դա բացարձակապես չի նշանակում, թե տարածքը մահմեդական է։ Այդ հերթական քարոզչական գրոհին պետությունը պարտավոր է պետական մակարդակով պատասխան տալ, ինչը որ արվում է ադրբեջանցիների կողմից»։