copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:00 05-07-2022

Թոշակների բարձրացումից հետո կառավարության վարկանիշն էլ ավելի է ընկնելու

Համաձայն կառավարության ծրագրի՝ քաղաքացիների նպաստների և կենսաթոշակների աճը պետք է գերազանցի գնաճի չափերը։ Չնայած որ 2021թ․-ի տարեսկզբից գնաճային կայուն բարձր տեմպեր են արձանագրվում, գների աճի միտումները առաջանցիկ են, երբ գրեթե ամեն հաջորդ ամիս, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, հատկապես սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում գրանցվում է էական աճ, շատ դեպքերում՝ երկնիշ, այդուհանդերձ 2022թ․-ի պետական բյուջեում դրան համապատասխան վերաբերմունք չդրսևորվեց կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձերի բարձրացման տեսքով։

Թոշակներն ու աշխատավարձերը նույնն են, անփոփոխ։ Ընդամենն այս տարվա հունվարի 1-ից 585 հազար թոշակառուից 100 հազարի համար նվազագույն կենսաթոշակը 26500 դրամից հասավ 28600-ի։ Հասկանալիորեն այդ 2100 դրամն էլ էական ազդեցություն ունենալ չէր կարող իրական գնաճը «կոմպենսացնելու առումով»։ Բացարձակապես նույնը վերաբերում է նվազագույն աշխատավարձին, որի պարագայում ևս որևէ աճ չարձանագրվեց։ Հետևաբար, կառավարության ծրագիրը չի համապատասխանում կառավարության ստանձնած քաղաքականության դրույթներին և դրանք չի բավարարում։ 2021թ․ հունիսին նվազագույն սպառողական զամբյուղը պաշտոնական տվյալներով 66600 դրամ էր (մասնագետների գնահատմամբ՝ ավելի քան 75 հազար դրամ), կենսաթոշակի միջին չափը՝ 43 հազար 590 դրամ, նվազագույն թոշակը՝ 26․500, աշխատավարձը՝ 68 հազար դրամ։ 2022թ․-ի մարտի տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղը 76.300 դրամ էր, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ։ Ստացվում է, որ մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել, քանի որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը: Տրամաբանական է, որ աշխատող աղքատների թիվը, որ կազմում է ընդհանուր աշխատողների թվի 25%-ը, օր օրի կայունորեն աճել ու աճում է, աղքատության մակարդակը ևս կայունորեն աճում է։

Կառավարությունը բացատրում է, որ 2020-2021թթ․-ին ունեցել ենք բավականին բարդ իրավիճակ, որն ազդել է իրականացվող քաղաքականության վրա։ Հետևաբար, արդյունքները գնահատելիս պետք է ելնել այդ հանգամանքներից։ Ավելին, կառավարությունը, իր գործելաոճին հարազատ, փաստում է, որ իր շնորհիվ 2018թ․-ից հետո նվազագույն կենսաթոշակը 18 հազար դրամից բարձրացել է 28 հազարի։ Բացատրում է, որ այն ժամանակ հնարավորություն կար, արել են, հիմա, այդ հնարավորությունը չկա։ Կառավարությունը մատնացույց է անում իր հնգամյա ծրագիրը՝ ասելով, որ բարձրացումներ լինելու են։ Փաշինյանն էլ այդ առթիվ տվել է «ավելի հանգամանալից պարզաբանում»․ «Կան շահարկումներ և քննադատություններ, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացրել կենսաթոշակները: Այո՛, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550000 հոգու թոշակը: Կամ 600000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար»:

Փաշինյանի այս «հանգամանալից մեկնաբանություններից» հետո նախագծով ավելացվեցին ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը (իսկ ոստիկաններինը՝ ոչ): Ըստ այդմ, ՊՊԾ կրտսեր տեսուչների աշխատավարձը արդեն 5 օր անց, ապրիլի 1-ից 190552 դրամից դարձավ 320000 դրամ։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը 198565 դրամից հասավ ամսական 402181 դրամի։ Եվ այդպես շարունակ։ Միլիարդներով պարգևատրումներ տրվեցին բարձրացված աշխատավարձեր ստացող ոստիկաններին, օրինապահ համակարգի մյուս ոլորտներում ևս բարձրացվեցին աշխատավարձերը, որ նույնպես միլիարդավոր դրամների են հասնում։ 2022թ․ բյուջեով կառավարման ապարատի պահպանման ծախսերը ավելացվել են 1․55 մլրդ դրամով։ Տնտեսագետներն էլ գտնում են, որ տնտեսական վիճակը 2020թ․-ի իրադարձությունների վրա բարդելը մանիպուլյացիա է։ Միայն վերոնշյալ գումարների 10-20%-ը կենսաթոշակների ավելացմանն ուղղելու դեպքում հնարավոր կլիներ 585 հազար կենսաթոշակառուի թոշակը բարձրացնել գրեթե 20-25%-ով։

Հիմա՝ քաղաքական ու սոցիալ-տնտեսական այս լարված իրավիճակում, կառավարությունը հայտարարում է, որ հաջորդ տարվանից ավելացնելու է կենսաթոշակները։ Բայց ոչ մի խոսք, թե ինչ չափով են դրանք բարձրանալու։ Տրամաբանական է, որ եթե այնքան բարձրանար, որ արձանագրված գնաճի գոնե 60-70%-ը մարեր, կառավարությունն աշխարհով մեկ կթմբկահարեր աննախադեպ բարձրացումների մասին։ Եթե չի խոսում, թիվ չի նշում, կհետևի, որ այս երկու տարիների աննախադեպ գնաճային ֆոնին կենսաթոշակները բարձանալու են ոչ ավել, քան 10%-ով։ Նույնը թերևս կարող է վերաբերել նվազագույն աշխատավարձին։ Կառավարության նիստում գումարներ չհրապարակելը բացատրվեց արվող ու արվելիք ճշգրտումներով։ Խաբում են։ Ինչպես արդեն նշվեց, նվազագույն աշխատավարձը շատ հեռու է նվազագույն սպառողական զամբյուղից։

Կենսաթոշակների մասին խոսելը բացարձակապես անիմաստ է։ Ու այս իրավիճակում, եթե հայտարարվի 3-4 հազար դրամ թոշակի բարձրացման մասին, որը գոնե մասնակիորեն չի փակելու վերջին երկու տարիների գնաճի արդյունքում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, թերևս ավելի շատ դժգոհությունների տեղիք կտա։ Անկախ ամեն ինչից՝ մարդիկ, այնուամենայնիվ, ներքին հույս ունեն, որ այդքանից հետո կառավարությունը որոշակիորեն կբարձրացնի թոշակներն ու նվազագույն աշխատավարձերը՝ մարդկանց ինչ-որ չափով կաշառելու, դժգոհությունները մեղմելու նկատառումով։ Մինչդեռ ամենամոլի նիկոլականն էլ 3-4 կամ 6 հազար դրամով չի կարողանալու մեղմել թանկացումների արդյունքում մարդկանց մոտ առաջացած ու մեծ սրությամբ խորացող բյուջետային դեֆիցիտը։ Հետևաբար, թոշակների ու նվազագույն աշխատավարձերի բարձրացումից հետո մարդկանց, այդ թվում և հավատացյալ նիկոլականների մոտ կառավարության վարկանիշն էլ ավելի է ընկնելու։ Եվ ամեն ինչից զատ՝ միայն սոցիալական խնդիրների առումով առաջիկայում Նիկոլի կառավարությանն ավելի երջանիկ օրեր չեն սպասվում։