Ներքին 4 տարի առաջ - 20:27 04-07-2022

Ապաքրեականացում բոլորի համար. Գագիկ Մելքոնյանին «անասուն» անվանած քաղաքացու քրգործը կարճվեց

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր էջում գրել էր, որ դատարանը հրապարակել է 137.1-ով առաջին կարճման որոշումը.

«Վարույթը մեր միջնորդությամբ կարճվել ու քրեական հետապնդումը դադարեցվել է «հանցակազմի բացակայության» հիմքով, այսինքն՝ արդարացնող հիմքով»,- գրել էր նա։

Oragir.news-ը կապ հաստատեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ՝ հարցնելով, թե որ գործի մասին է խոսքը։ Նա պատասխանեց.

«Իմ գործերից մեկն է դա, որը ես էի վարում, կհիշեք երևի, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոյանի հետ կապված գործն էր։ Իր քննադատական գրառումներից մեկում քաղաքացի Վահե Բալբաբյանը հունվար ամսին նրան անվանել էր «անասուն», և դրա համար ծանր վիրավորանքի հոդվածով գործ էին հարուցել։ Ես կարծում եմ, որ իշխանությունները կարող են սա ներկայացնել, որ դե իրենք այսպիսի քայլ արեցին, հրաժարվեցին այդ գործիքից, բայց ես հավաստիացնում եմ, որ այն աստիճան խայտառակ դեպքեր կային, որ եթե դրանք քննվեին, ապացույցների հետազոտություն լիներ, ապա դա իշխանություններին հաստատ քիչ ձեռնտու կլիներ, քան այն լուծումը, որը հիմա տրվեց։ Այս գործը կարճվեց, քանի որ իրավաբանական խրթին հարցեր կային, գործը և քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով, որը հանցակազմի բացակայությունն է։ Դատախազության ներկայացուցիչը՝ մեղադրողը, չառարկեց դրա դեմ, դատավորն էլ որոշումը կայացրեց։ Այդքան բան»։

Հարցին, թե հետագայում արդյոք սպասելի է, որ նմանատիպ գործերը կկարճվեն, պատասխանեց.

«Բնականաբար կարճվելու են այն բոլոր գործերը, որոնք արդեն դատարանում են գտնվում, ես բոլորի համար էի միջնորդություն ներկայացրել, նույն տրամաբանությամբ ես հույս ունեմ, որ մյուս դատավորները և մյուս բոլոր դատախազները նույն մոտեցումը կունենան, տարբություն չի լինի, գործերը կկարճվեն, և քրեական հետապնդում չի լինի։ Ընդ որում, շատ կարևոր եմ համարում, որ դա լինի հնարավորինս շուտ, փաստորեն, գոյություն չունեցող հոդվածով մարդիկ չեն կարող երկար մնալ քրեական հետապնդման ներքո, և եթե նրանց նկատմամբ շարունակվեն կիրառվել խափանման միջոցներ, օրինակ, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, որը արգելում է մարդկանց այս ամառային եղանակին գնալ անգամ հարևան երկիր, օրինակ՝ Վրաստան և մի քանի օր հանգստանալ։ Բազմաթիվ գործեր կան, որտեղ նիստերը նշանակված են օգոստոս ամսին, սեպտեմբեր ամսին։ Մենք միջնորդել են այս գործերով դատարաններին, որպեսզի այս նոր իրավական իրականությունը հաշվի առնելով՝ հրատապ կարգով նիստերն ավելի շուտ գումարվեն, կամ ավելի շուտ՝ եթե նիստեր էլ չգումարվեն, առանց դատական նիստերի արվեն, որովհետև եթե տեղի է ունեցել ապաքրեականություն, դա կարելի է իրականացնել առանց դատական նիստ գումարելու։ Շատերը կարծում են, որ դա պարտադիր է, սակայն ես այս հարցում այլ կարծիք ունեմ, այս հարցն այս պահին ամենակարևորը չեմ համարում։ Առնվազն փաստենք, որ եթե անգամ դատական նիստերի անցկացումը պարտադիր են համարում դատավորները, ապա դրանք, իմ պատկերացմամբ, պետք է ուշ նշանակված նիստերն ավելի շուտ սկսեն, այսինքն՝ նոր ծանուցագրեր ներկայացվեն հեռախոսային ճանապարհով, որպեսզի արագ հնարավոր լինի մարդկանց ապօրինի վիճակից ազատել»։

Հիշեցնենք, որ հուլիսի մեկից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: