Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:28 04-07-2022

Այս փուլի համար լավագույն լուծումը

Օրերս կառավարությունում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր, որի ընթացքում անդրադարձել են գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, սրանց բաշխվածությանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը, հողերի չօգտագործման հիմնական պատճառներին, կատարված հողային բարեփոխումների աշխատանքներին: Քննարկվել են հողերի խոշորացման և հողի շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացման, հողերի մշակության և կոնսոլիդացման համար առաջարկվող մեխանիզմների մշակմանը վերաբերող հարցեր: Անդրադարձել են նաև ոռոգման ջրով ապահովված, սակայն չմշակվող հողատարածքների գույքագրմանը, հողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացման խնդիրներին։ Փաշինյանը կարևորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, այդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքում: Նա հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների ճանապարհային քարտեզ:

Առաջին հայացքից անմեղ թվացող այս հաղորդագրոթյունն իրականում բավականին վտանգավոր է ոչ միայն Հայաստանի գյուղատնտեսության և գյուղացու, այլև Հայաստանի համար ընդհանրապես։ Եթե, իհարկե, գործ անելու հերթական «ցուցադրական» ներկայացումը չէ։ Այս պարագայում ավելի մեծ է հավանականությունը, որ Փաշինյանը շահագրգռված է հողային ինչ-ինչ «բարեփոխումներով»։ Հաղորդագրությունն արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս։ Իր վարչապետության հինգերորդ տարում Փաշինյանը նոր միայն անդրադառնում է հողերի մշակման խնդրին, բայց խնդրի ոչ ամբողջական լուծման առումով։

Հարցը այն է, որ մինչ օրս կառավարությունում չունեն հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի վիճակի ընդհանուր պատկերը։ Չնայած ինչ-որ թվեր հրապարակվում են, այդուհանդերձ, կառավարությունը չի տիրապետում, թե ավելի քան 510 հազար հա գյուղնշանակության հողերից իրականում ինչքանն է մշակվում։ Չկան հստակ թվեր, թե նախկինում ոռոգված մինչև 274 հազար հա տարածքներից այսօր ինչքանն է ոռոգվում։ Պաշտոնական տվյալներով խոսվում է մինչև 80-90 հազար հա-ի մասին, ինչն իրականությունից շատ հեռու է։ Եվ ամենակարևորը․ չկա մասնագիտական լուրջ ուսումնասիրության, թե փաստացի այսօր ՀՀ-ում չմշակվող հողերը հիմնականում որ տարածաշրջաններում են, որոնք են չմշակելու (այդ թվում և ոռոգման ջրով ապահովված տարածքներում) պատճառները, ինչ պոտենցիալ ունենք չմշակվող հողերի «վերականգնման» առումով (իրավիճակը գնալով վատանում է)։ Ու նման իրավիճակում սկսում են խոսել հողերի խոշորացման ու կոոպերացիայի մասին (Արտաշատում էլ Փաշինյանը խոսում էր կոոպերատիվներ ստեղծելու մասին), նույնն է, թե ոլորտն ու գյուղն ընդհանրապես տանել կործանման։ Անկախ վերոնշյալից՝ գյուղի, գյուղատնտեսության, հողերի մշակության ռեալ վիճակի մասին պատկերացում ունենալու համար պետք է լուրջ քարտեզագրում իրականացվի, ու ամենակարևորը՝ մասնագիտական ուսումնասիրություններ հողերի բերրիության վիճակի ու դրանց չմշակելու պատճառների վերաբերյալ։

Այդ ամենի փոխարեն կառավարությունը ինչ-որ ծրագրեր է մտմտում հողերի խոշորացման հարցի շուրջ։ Եվ դա այն դեպքում, երբ գյուղացու վիճակն օր-օրի վատանում է։ Հայաստանի գյուղատնտեսությունն ավելի քան 90%-ով սոցիալական է։ Այն հնարավորություն է տալիս ընդամենը գյուղացուն գոյություն պահպանելու և ոչ ավելին։ Արարատյան դաշտում, որ գյուղատնտեսության առումով հանրապետության համեմատաբար եկամտաբեր գոտին է, ամենաարդյունավետ մշակաբույսերի առումով մեկ հա-ի ստացվող շահույթը առավելագույն կազմում է 2 մլն դրամ, որը ընտանիքի երեք անդամներին բաժանելիս ստացվում է ամսական 50-60 հազար դրամ աշխատավարձ։ Դրանով գյուղացին ոչ մի կերպ չի կարող ապրել։ Այդ առումով առաջին պահին տրամաբանական է նայվում հողերի խոշորացման վերաբերյալ կառավարության մոտեցումը։ Բայց միայն առաջին հայացքից, որովհետև վերոնշյալ 2 մլն-անոց «էլիտար» գյուղացին ի վիճակի չէ հող գնելու։ Բանկերն էլ գործնականում, անգամ արտոնյալ վարկերի դեպքում այդ հնարավորությունը չեն տալիս։ Հետևաբար դա անելու են ոչ գյուղատնտես փողատերերը, որ կառավարության մշակած մեխանիզմով առայժմ «չմշակվող» հողերը «կգնեն» տիրոջից կամ պետությունից, հետո արդեն կանցնեն մշակվողին։ Կոոպերացիան Հայաստանում առնվազն առաջիկա 100 տարիներին չի զարգանալու։ Դա միանշանակ է։ Նախկին իշխանություններն էլ շուրջ 20 տարի խոսում էին այդ մասին, ու ոչինչ չստացվեց։

Նիկոլի մտածած խոշորացման արդյունքում էլ վերոնշյալ «էլիտար» գյուղացին, զրկվելով իր հողից՝ եկամտի չնչին աղբյուրից, աշխատանք փնտրելու ակնկալիքով հեռանալու է գյուղից։ Առանց այդ էլ գյուղն արագ տեմպերով դատարկվում է։ Նման ձեռնարկումից հետո մի քանի տարվա ընթացքում ունենալու ենք տասնյակներով լքված գյուղեր։ Մնացածներն էլ դատարկվելու են։ Նման պատկեր է հիմա Ռուսաստանում։ Բայց եթե ՌԴ-ում դատարկված գյուղերը «լցվում» են ՀՀ-ի նման երկրներից գաղթածներով, ապա մեր դեպքում պարզ է, թե ինչ է սպասվում։ Հետևաբար միակը, որ կարելի է հորդորել այս կառավարությանը, հողերի խոշորացման և ընդհանրապես գյուղի հետ կապված ոչին չձեռնարկել։ Դա կլինի այս փուլի համար «լավագույն լուծումը»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից