Երևան +15°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:00 02-07-2022

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ստորացնում լավագույն իրավաբաններին. էլի՞ խնդիր չեք տեսնում

Հայաստանում վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, կործանարար լինելով հանդերձ, ամեն դեպքում նաեւ կարեւոր նշանակություն են ունեցել։ Մասնավորապես, այս իրադարձությունների «շնորհիվ» մենք բացահայտեցինք ինքներս մեզ՝ որպես մասնագետների, հասարակության, ժողովրդի, բացահայտեցինք այն կարմիր գծերը, որոնք չկան, այն սկզբունքները, որոնք կարող ենք վաճառել թանկով եւ այն խոր անդունդը, որում կարող ենք հայտնվել։ Հիմա հասարակ քաղաքացիների մասով ամենեւին էլ սին պատրանքներ չկան, որ բոորը պետք է լինեն սուպերհայրենասեր, սուպերգրագետ եւ այլն։

Այլ էին պատկերացումները մասնագիտական հանրության մասին՝ հասարակության սերուցքը, էլիտան, որը պարզվեց նույնքան փչացած է, ինչքան մենք բոլորս՝ չնչին բացառություններով։ Նախկինում լսարան մտնող եւ իրավաբանություն սովորեցնող հազար տարվա դոկտորները իսկապես պատվարժան գիտնականներ էին, իսկ այսօր նրանք հանցակից են, իրավաբանությունը եւ երկրի իրավական համակարգը ոտնակոխ տված շարքային կամակատարներ։ Եւ դժվար է ասել՝ մի շարքային հանցագործի արա՞ծն է ավելի ծանր, թե՞ գրագետ, պրոֆեսիոնալ մասնագետի՝ հոգին սատանային ծախելը, չէ՞ որ երկրորդը բառիս բուն իմաստով պետության եւ նրա իրավակարգի դեմ հանցագործություն է, վատ բարքերի արմատավորում, նոր հակառակորդների սահմանում։

Երեկ, ինչպես եւ գրել էինք, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց, պաշտոնական պատճառը՝ առողջական խնդիրները։ Հայաստանում ընդունված է որևէ բողկ ուտելուց հետո առողջական խնդիրների «ատմազկայով թռնելը»՝ չդատվելու դիմաց, թեև նորմալ երկրում մարդը, պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի, պաշտոնից ազատումը դեռ պատիժ չէ, քրեաիրավական, կարգապահական գնահատական պետք է տրվի արարքներին։ Բայց այս արատավոր երևույթի կնքհայրը Սերժ Սարգսյանն է, ում հոգեզավակը՝ Փաշինյանը, շարունակում է նույն կերպ։ Այդպես է լինում, երբ պետություն եւ համակարգ չեն աշխատում, ամեն ինչ իրականացվում է մեկ անձի որոշմամբ։

Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ եթե Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր լիներ, ամբիոնից մատ թափ կտար եւ կասեր․ «Պարո՛ն Ջհանգիրյան, Ձեր վիզը ո՞նց է, ինչո՞ւ եք ծանր բեռ վերցնում Ձեր վզին»։ Իսկ ապագա ԲԴԽ անդամին անպայման կհարցներ․ «Ի՞նչ առողջական խնդիրներ ունեք, մեջքից, վզից գանգատներ հո չկա՞ն»։ Ինչևէ, այս ամենի մեջ այժմ մեզ հետաքրքրում է ԲԴԽ այն պատվարժան անդամների որոշումը, ովքեր մերժել են կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը, քանի որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Այս գիտնականները թերեւս Մարսից են և անտեղյակ են, որ Հայաստանում տասնյակ, հարյուրավոր գործեր են հարուցվում մոնտաժված ձայնագրությունների հիման վրա, մարդիկ ամիսներով հայտնվում են անազատության մեջ, իսկ ինչո՞ւ այս բոլոր դեպքերում գեթ մեկ անգամ մտահոգություն չեն հայտնել, չէ՞ որ երկրի իրավական համակարգի կերտման գործում անչափ կարեւոր դեր ունեն հայտնի իրավաբանների դիրքորոշումները։ Եւ ինչպե՞ս են զգում այժմ այս իրավաբանները, որոնք արդարացնում էին կամ առնվազն որեւէ խնդիր չէին տեսնում հրապարակված սկանդալային ձայնագրության մեջ։

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը ավելի բարոյակա՞ն է, ավելի մտահո՞գ է մեր իրավական պետություն ունենալու գաղափարով, որ ստիպեց Ջհանգիրյանին հրաժարական տալ, քան իրենք՝ Ֆեմիդայի առաքյալները։ Պատկերացնո՞ւմ եք՝ մասնագետը ինչքան է պատվազրկվում, երբ որևէ սկզբունք, որակ չունեցող վարչապետի հետ մրցության մեջ է անգամ պարտվում։ Այս մասնագետները հասկանո՞ւմ են, որ իրենց կարիերան հավիտյանս կործանված է, ինչպե՞ս են ապրելու այս երկրում, դուրս գալու փողոց, լսարան մտնելու, քննարկումների մասնակցելու։ Եվ արժե՞ր որևէ օրվա իշխանություն՝ այսքան գիտելիք, կենսագրություն «վարի տալու» համար։ Լավագույն լուծումը թերևս՝ պատռել դիպլոմը, ուտել այն, մոռանալ անցած ճանապարհը և զբաղվել գյուղատնտեսությամբ։

Ի դեպ, ասվածը վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանի այն անդամներին, ովքեր ամենախայտառակ օրենքի մասով սահմանադրականության խնդիր չեն տեսնում, բայց եվրոպական կառույցների ճնշման արդյունքում իշխանությունը փոխում է այդ օրենքը։ Խոսքը, իհարկե, ծանր վիրավորանքի քրեականցման մասով ՍԴ որոշման եւ հոդվածը ապաքրեականացնելու մասին է։ Դուք էլ կարող եք ձեր դիպլոմը ուտել, սահմանադրական արդարադատությունը բռնաբարողներ։

Ամենից շատ դիտված