copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:36 30-06-2022

Հայաստանի ֆոնդային բորսան վաճառվեց լեհերին

Հունիսի 28-ին Երևանում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրել են Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը:

«Այս ներդրումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ և ռազմավարական գործընկերություն։ Մեր նպատակն է համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան և մեր բիզնեսը տարածաշրջանում: Մենք նաև ակնկալում ենք զարգացնել կապիտալի շուկայի ենթակառուցվածքները, ինչը բիզնեսին հնարավորություն կընձեռի ներգրավել կայուն և մատչելի կապիտալ, իսկ հասարակությանը՝ ավելի մասնագիտացված կերպով կառավարել խնայողությունները և ներդրումները»,- ասել է ՎՖԲ կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը:

«Մենք հավատում ենք, որ սա կարևոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով: Վարշավայի ֆոնդային բորսայի նման գործընկեր գտնելով ու գիտակցելով, որ ունենք նույն տեսլականը, կարծում ենք, որ այս գործարքը շրջադարձային կարող է լինել Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ: Օգտագործելով Վարշավայի ֆոնդային բորսայի փորձն ու գիտելիքները՝ ՀՖԲ-ն ունի ընդլայնվելու և հզոր ֆոնդային շուկա դառնալու լիարժեք ներուժ, որն ունակ կլինի դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին»,- ասել է Մարտին Գալստյանը:

ՎՖԲ-ի կողմից Հայաստանի բորսայի գնման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020թ.-ի սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա 5 տարվա զարգացման ծրագիր, և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։ Արդյունքում մեկ ամիս առաջ՝ մայիսի 24-ի նիստում, ՀՀ ԿԲ խորհուրդը համաձայնություն է տվել գործարքի իրականացմանը։

Ըստ կայացած համաձայնության` ՎՖԲ-ն ձեռք է բերում Հայաստանի բորսայի բաժնետոմսերի 65.03%-ը (967 հատ), ՀՀ ԿԲ-ին է մնում բաժնետոմսերի 25.02%-ը, իսկ 9.95%-ը ինչպես կար, շարունակում է մնալ ՀՖԲ-ի սեփականությունը։ Գործարքի արժեքը շուրջ 873 մլն ՀՀ դրամ է, որի մի մասը՝ մոտ 499 մլն ՀՀ դրամ, կվճարվի արդեն այս օրերին, իսկ մնացածը՝ բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։

2001 թվականին հիմնադրված Հայաստանի ֆոնդային բորսան երկրում գործող միակ ֆոնդային բորսան է, որն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ընկերությունը նաև ղեկավարում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան։

ՎՖԲ-ը կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով և այլ գործիքներով։ Այն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ շուկաներից է: 2022 թ. մայիսի վերջի դրությամբ ցուցակված 376 տեղական ընկերությունների շուկայական կապիտալիզացիան կազմել է 585.8 մլրդ զլոտի (128 մլրդ եվրո), իսկ 421 տեղական և արտասահմանյան ցուցակված ընկերությունների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան՝ 1,165.2 մլրդ զլոտի (254.6 մլրդ եվրո)։

«Ցանկացած նոր համագործակցություն բորսայի համար կարող է նոր հնարավորություններ բացել։ Այն աստիճանի խորը համագործակցությունը, ինչպիսին է բորսայի կապիտալում խոշոր բաժնեմաս ձեռք բերելը, դրական է Հայաստանի Ֆոնդային բորսայի, ինչպես նաև ողջ ֆինանսական համակարգի համար, սակայն խոշոր ակնկալիքներ պետք չէ ունենալ` հաշվի առնելով բորսայի ներկա վիճակն ու նախկինում «Նասդաք ՕԷՄԷՔՍ» բորսայի առկայությունը Հայաստանում։ Դա կարող է բերել նոր ներդրողների, նոր ծառայությունների, մասնավորապես՝ փոխադարձ ցուցակումների հնարավորություններ, տեխնոլոգիաներ, նոր ճանաչելիություն։ Բայց ես խոշոր սպասելիքներ չունեմ, որովհետև մեզ մոտ չկա արժեթղթերի առաջարկ, շատ քիչ է այն, հիմնական մասը (150 ցուցակված արժեթղթերից շուրջ 140-ը) պարտատոմսերն են, դրանք հանդիսանում են պարտքային գործիք և այլընտրանք են բանկային վարկերին ու ավանդներին։ Ինչ վերաբերում է բաժնետոմսերի շուկային, ցուցակված շուրջ 10 թղթերով գործարքներ գրեթե չեն կատարվում։ Վերջիններիս գները էապես չեն փոխվում, շոշափելի շահաբաժիններ չեն նկատվում։ Կարծես թե սիմվոլիկ բնույթ է կրում այդ թղթերի ցուցակումը։ Դա Հայաստանի տնտեսական միջավայրի անմիջական արտացոլումն է»,- գործարքի վերաբերյալ կարծիք է հատնել ներդրումային խորհրդատու Կարեն Միքայելյանը։

«Վարշավային ֆոնդային բորսայի մուտքը Հայաստան չի լավացնելու հայկական կապիտալի շուկայի վիճակը, որովհետև բորսայի թույլ վիճակը և կապիտալի շուկայի ցածր զարգացվածությունը ավելի խորքային պատճառներ ունեն։ Բանկային համակարգը բավականին ուժեղ է ու թելադրող։ Բանկերը կարողանում են առկա ազատ միջոցները փոշեկուլի նման կլանել և թույլ չտալ, որ կապիտալի շուկան զարգանա։ Ավանդների համար առաջարկվող տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ բաժնետոմսերի շուկան հետ են մղում։ Որոշակի հավասարակշռություն պետք է մտցնել շուկայում, որ ձեռնտու լինի բաժնետոմս գնելը։ Նաև մշակույթի հարց է։ Մեզ մոտ չկա բաժնետոմս գնելու մշակույթ։ Այստեղ հավի, ձվի պատմությունն է՝ պետք է պահանջա՞րկը լինի, որ բաժնետոմսերն ու արժեթղթերը հայտնվեն, թե՞ պետք է արժեթղթե՞րը լինեն, որ ներդրողները հայտնվեն»,- այդպիսին է տնտեսագետ Սուրեն Պարսյանի տեսակետը Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի վերաբերյալ։

Իսկ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ ՀՀ ֆոնդային բորսայի 65%-ի վաճառքը լեհերին իսպառ կվերացնի ռուսական, չինական ու իրանական ընկերությունների ցուցարկումը հետայսու։ Մինչդեռ այդ 3 երկրների հետ ՀՀ տնտեսական կապերի 50%-ն ունենք։ Ասվածից կարելի է հետևություն անել, որ այս գործարքը ոչ այնքան տնտեսական շահ է հետապնդում, որքան քաղաքական՝ ուղղված վերոնշյալ երկրների՝ ՀՀ-ի վրա ունեցած և ունենալիք դերակատարությունների սահմանափակմանը, ծանրության կենտրոնը դեպի Արևմուտք տեղափոխելուն։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան