Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:06 29-06-2022

Դրամի արժևորմամբ՝ Կառավարությունը «շահում» է արտաքին պարտքը մարելու առումով, պետական այրերը՝ «ձեռքերը տաքացնելու»

Ֆինանսների նախարարությանը հրապարակել է Հայաստանի պետական պարտքը 2022 թ․-ի մայիսի 31-ի դրությամբ։ Այն կազմում է 4 տրիլիոն 307 մլրդ դրամ կամ մոտ 9 մլրդ 580,5 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ արտաքին պարտքը կազմում է 6 մլրդ 533 մլն դոլար (ընդհանուր պարտքի գրեթե 70%-ը), ներքին պարտքը՝ 3 մլրդ 47 մլն դոլար։ Կառավարության ընդհանուր պարտքը կազմում է 4 տրիլիոն 80 մլրդ դրամ կամ 9 մլրդ 75․4 մլն դոլար, արտաքին պարտքը՝ 6 մլրդ 27․8 մլն դոլար։

Տարեսկզբի համեմատությամբ՝ 5 ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքի գումարն աճել է 355 մլն դոլարով կամ գրեթե 4%-ով։ Այն տնտեսական ու ֆինանսական զարգացումները, որ այսօր ընթանում են Հայաստանում, միանշանակ համոզմունք են ստեղծում, որ պետական պարտքի ծավալները գնալով աճելու են։

Արտաքին պարտքը բնականաբար մարվում է դոլարով։ Հետևաբար, երբ դոլարը էժանանում է, պետության համար պետական պարտքի բեռը որոշ չափով թեթևանում է և պետությունը համեմատաբար քիչ միջոցներ է ուղղում պետական պարտքի մարմանը։ Սա թերևս այն կարևորագույն գործոններից է, ինչից ելնելով էլ մեր զկառավարությունը, անտեսելով մի շարք կարևորագույն տնտեսական ու տնտեսագիտական օրենքներ, անտեսելով արտահանման համար սրա ստեղծած անբարենպաստ հետևանքները, ամեն ինչ անում է դրամի արժևորված վիճակը երկարաձգելու համար։ Որպեսզի կարողանա ավելի քիչ դրամով ավելի շատ արտաքին պարտք մարել։ Մյուս կողմից․ եթե տարեսկզբի համեմատ տարեվերջին դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի, հետևաբար Կառավարության՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված 60.2%-ից ցածր կլինի։

Դրամի արժևորումը մեզանում սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմական գործողություններից որոշ ժամանակ անց ու որոշակի տատանումներով շարունակվում է մինչ օրս, և որքան էլ «զարմանալի է», դրա հետևանքով մեզանում ոչ միայն գնանկում չի լինում, այլ հակառակը՝ դրամի արժևորմանը զուգահեռ գնաճը շարունակվում է, ինչը տնտեսագիտության օրենքներից ու օրինաչափություններից դուրս է։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստան ժամանեցին ավելի քան 120-130 հազար ռուսաստանից IT ոլորտի ներկայացուցիչներ, զուգահեռ՝ հատկապես ՌԴ-ից դեպի ՀՀ տրանսֆերային փոխանցումների հոսքն էապես մեծացավ, իսկ արդեն ապրիլին այն 210-220 մլն դոլարով ավելին էր նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում արված փոխանցոմների համեմատությամբ։ Եվ փոխանակ Կառավարությունը այդ գումարները ստերիլիզացներ, թողեց շրջանառության մեջ, ինչն էլ շուկայում տարադրամի ավելցուկ ստեղծեց ու դրամի արժևորում։

Որոշ ժամանակ առաջ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում էր արել Հայաստանի շուրջ սպասվող զարգացումների մասով, համաձայն որի՝ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները: Մասնավորապես, կանխատեսվում էր, որ Հայաստանի համար ռիսկային է հատկապես այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, չնայած որ երկիրը առաջիկայում վճարունակության խնդիրներ չի ունենա։ Սա ևս հաստատում է վերոնշյալը, որ դրամի ոչնչով չհիմնավորված աճը նպատակ ունի մի կողմից Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը «թույլատրելիի» սայհմաններում պահել, իսկ մյուս կողմից՝ արտարժույթային պարտքը հնարավորինս «հեշտ» մարել դրամի արհեստական արժևորման հաշվին, նույնն է թե՝ գործարար միջավայրի ու բնակչության հաշվին։

Պարզվում է, որ կա հարցի այլ՝ ստվերային կողմ ևս, ինչը բավականին լուրջ լարվածություն է ստեղծել Կառավարության և ԿԲ հարաբերություններում։ Օրերս հայաստանյան օրաթերթերից մեկը, անդրադառնալով խնդրին, նշել էր, որ արտարժույթի շուկայում ընթացող տարօրինակ գործընթացների ու նույն կերպ տարօրինակ գնաճի ֆոնին առանձին իշխանական ու իշխանամերձ շրջանակներ «ձեռքերն են տաքացնում»՝ գումարներ աշխատելու տեսքով, ու դրա հետ կապված՝ գործադիրը փորձում է «մեղադրանքի սլաքներն ուղղել դեպի ԿԲ»։ Փորձագետ Լիլիա Ամիրխանյանն էլ դրա հետ կապված նշել էր, որ առնվազն իրավիճակի դեմ պայքարի մասով հակասություններ են զգացվում՝ հավելելով, որ Կառավարությունն այս իրավիճակից դուրս գալու միասնական քաղաքականություն չունի, իսկ նշյալ հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին: Նա կարծիք էր հայտնել, որ համապատասխան մարմինների կողմից արվում է ամեն ինչ՝ այս իրավիճակը հնարավորինս երկար ժամանակով պահպանելուն նպաստելու համար։ Ստացվում է, որ Կառավարությունն առաջնորդվում է «երկուսը մեկում» հայտնի տրամաբանությամբ․ դրամի արհեստական արժևորմամբ՝ Կառավարությունը «շահում» է ընդամենը արտաքին պարտքը համեմատաբար հեշտ մարելու առումով (մնացյալը՝ ջհանդամին), պետական այրերը՝ «ձեռքերը տաքացնելու»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի