copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:24 27-06-2022

Լուծումները ներսում պետք է փնտրել՝ Կառավարության անգործության, անճարակության կամ գուցե խիստ նպատակաուղղված գործունեության մեջ

Այն, ինչ այս ամիսներին կատարվում է Հայաստանի գյուղատնտեսությանում, ողբերգական է, որ այսօր ու առաջիկա տարիներին խիստ բացասաբար է ազդելու ոչ միայն գյուղացու սոցիալական վիճակի և գործունեության վրա, այլ երկրի տնտեսության վրա ընդհանրապես։ Գյուղատնտեսությունում պրոբլեմները, հատկապես վերջին տարիներին, իսկ այս տարի առանձնապես, խորացել են բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով․ բնակլիմայական պայմաններ, երաշտ, ոռոգման ջրի քչություն, ցրտահարություն, պարատանյութի, դիզվառելիքի թանկացում, արտահանման հետ կապված դժվարություններ և նման բազում այլ հարցեր։ Առաջին հայացքից տպավորություն է, որ դրանց հիմնական մասը օբյեկտիվ խնդիրներ են, որոնց պարագայում թե՛գյուղացու, թե՛ արտահանող կազմակերպությունների և թե՛ Կառավարության դերակատարությունն այնքան էլ մեծ չէ։ Իրականում այդպես չէ։ Հարցերին փոքրիշատե մասնագիտորեն մոտենալիս պարզվում է, որ դրանք եթե ոչ 100, ապա 70-80%-ով լուծելի են, եթե, իհարկե, պետական քաղաքականություն դրսևորվեր ի սկզբանե և հընթացս։

Արարատյան դաշտում ծիրանի բերքահավաքի ամենաեռուն փուլն է։ Բերքահավաքի երկրորդ շաբաթն է մոտենում ավարտին։ Oragir.news-ը գրել էր, որ ցրտահարության հետևանքով Արարատի մարզում ամենամյա միջինից կրկնակի քիչ բերք է եղել, եղածի մի զգալի մասն էլ մանր է։ Արմավիրի մարզում էլ նույն վիճակն է․ ծառերը շատ են պտղաբերել ու չեն պարատացվել, պտուղն էլ շատ մանր է։ Արդյունքում՝ ամենամյա միջինից արտահանման համար եռակի քիչ բերք կա։ Այդքանով հանդերձ վերջին չորս օրերի արտահանողները ծիրանը գյուղացուց գնում էին կգ-ն 200 դրամով (երեկվանից կարծես չեն էլ գնում)։ Նախկինում ամենաէժանը, որ Արարատի մարզից գնել են, եղել է 350, երբեմն շատ քիչ քանակությամբ՝ 300 դրամով։

1 կգ ծիրանի ինքնարժեքը կազմում է շուրջ 100 դրամ։ Վերջին 1-2 տարիներին ծիրան քաղողները կգ-ն քաղում են 40-ից 60 դրամով։ Արդյունքում գյուղացու մշակած ծիրանի ինքնարժեքը վաճառելու պահին կազմում է միջինում 150 դրամ, վաճառում է 200-ով։
Ստացվում է, որ գյուղացուն «գցում» են։ Բայց սկզբունքորեն արտահանողին էլ կարելի է հասկանալ, որովհետև որպես կանոն՝ Լարսը այս սեզոնին փակ է լինում, այս պահին էլ փակ է, և բոլորովին չի բացառվում, որ դրա արդյունքում արտահանողը ավելի շատ կկորցնի, քան կշահի։ Ռիսկի գործոնը շատ մեծ է, որ օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ փորձում են մեղմել գնման էժան գնով։ Պատահական չի, որ այս գործում փորձառու Սպայկա ընկերությունը ամեն տարվա համեմատությամբ շատ քիչ քանակությամբ ծիրան է հավաքել անգամ նման ցածր գնի պայմաններում։

Հիմա շատ գյուղացիների դաշտերում տոննաներով ծիրան կա, որ թափվում-փչանում է, չի հավաքվում, որովհետև իրացման հնարավորություն չկա։ Հունիսի 17-18-ին Երևանի շուկաներում 1 կգ որակյալ ծիրանը 800-1000 դրամ էր, մեկ օրվա ընթացքում իջավ 400-ի, արդեն քանի օր է՝ մեծածախը 150-200 դրամ է։ Ծիրանի արտահանման առումով իրավիճակը աչք ծակող է, քանի որ այն հայերի ու Հայաստանի համար բրենդի կարգավիճակ ունի, ու մյուս գյուղմթերքների համեմատությամբ՝ սրա քանակություններն անհամեմատ մեծ են։ Բայց նույն վիճակն է նաև արտահանվող լոլիկի, ծաղկի, ելակի, կեռասի պարագայում, երբ արտահանող անհատները, ընկերությունները տասնյակ հազարավոր, նույնիսկ միլիոնավոր դոլարների կորուստներ են ունենում։ Այդ մասին վերջին օրերին շատ է գրվում։

Վերևում արդեն նշվեց, որ առաջին հայացքից դա հիմնականում օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված, Լարսը փակ է, և արտահանողը կամ Կառավարությունը ոչինչ չեն կարող անել։ Տևական ժամանակ Հայաստանի կառավարությունը խոսում էր երկու հզոր բեռնատար ինքնաթիռների մասին, որոնց աշխատեցնելով՝ շուտ փչացող ապրանքների առումով առաջացած արտահանման լարվածությունը պետք է միանգամից մեղմվեր։ Ամեն ինչ վերջացավ սրանց մեկ-երկու թռիչքով։ Խոսվում էր ու խոսվում է լաստանավի մասին։ Ավելի քան մեկ տարի է։ Հիմա էլ րոպե առ րոպե սպասում են, ինչի՞, պարզ չէ։ Խոսում էին Լարսին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին, ՌԴ-ի ու Վրաստանի հետ ինչ-որ բանակցություններ էին ընթանում դրա հետ կապված ու, ․․․այդքանը։ Խոսում էին Լարսում ՀՀ-ի համար առանձնացվող կանաչ գոտու մասին։ Այսօր էլ խոսում են Լարսի անցակետին մոտ կառուցվող նոր գծի մասին, որը 30%-ով կմեծացնի մեքենաների թողունակությունը։ Դարձյալ միայն խոսքի մակարդակով։ Կնշանակի՝ հարցերի լուծման այդքան տարբերակներ կան, ու ոչ մեկը կյանքի չի կոչվում։ Կհետևի, որ մեծ ու հետևողական ցանկություն ունեցողներ չկան։ Իհարկե, կարող է օբյեկտիվ հարց առաջանալ, որ ի վերջո, այդ ամենը մեզանով պայմանավորված չէ, երրորդ երկրի տարածքով ենք անցնում, և շատ բան նրանցից է կախված։ Միտքը կարծես տրամաբանական է։ Այդ դեպքում կարտոֆիլը մեզանում է մշակվում և որևէ երկրից կախված չէ։ Ինչո՞ւ դարձավ 500 դրամ, ու չկասկածեք, որ նոյեմբերից սկսած նույն գինն է լինելու։ Կառավարությունն ամբողջ մի տարի քննարկում է, խոսում են, միջոցներ են ձեռք առել, պատրաստվում են խաղողի մթերումներին, որոշումներ են կայացրել պայմանագրեր կապելու առումով, վերջին ժամկետը հուլիսի 1-ն է, ու հանկարծ հունիսի 22-23-ին էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ Արմավիրի մարզում 43000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան։ Այս մարզում պակաս, քան 6000 հա, խաղողի այգի կա, որ 10 տոննա միջին բերքատվության դեպքում 60 հազար տոննա է անում։ Սրա 15-20%-ը սեղանի սորտեր են, ուտելու խաղող է, որը չի վերամշակվում։ Ստացվեց, որ պետք է պայմանագիր կնքվի 48-50 հազար տոննայի համար, բայց սրանից էլ 43 հազարի առումով խնդիրներ կան։ Փաստորեն Կառավարությունը, «ամբողջ մի տարի աշխատելով», հազիվ 5-6 հազար տոննայի հարց է լուծել։ Առանց որևէ միջամտության էլ այդ 6-10-15 հազար տոննան ԵԿԳ-ն գնելու էր։

Ավելի լավ չի վիճակն Արարատի մարզում։ Գործարաններ կան, որ մինչ օրս չեն սկսել պայմանագրերի կնքումը։ Համենային դեպս, դիմողներին պատասխանում են, որ դեռ չեն սկսել։ Հուլիսի 1-ին էլ կասեն, որ պայմանագրերի կնքումն արդեն վերջացրել են։

Գազարն ու կաղամբ մեզանում են աճում․ ինչո՞ւ են այդքան թանկ։ Այն, ինչ տեղի է ունենում ձվի շուկայում, բերելու է նրան, որ եթե ոչ աշնանամուտին, ապա ձմեռնամուտին ձվի հատը վաճառվելու է 120-130 դրամով։ Լարսում միլիոնավոր դոլարների լոլիկ են թափում, չեն կարողանում արտահանել, իսկ այստեղ ամառվա կեսին, երբ արդեն բաց դաշտի լոլիկը հասունացել է, սրա իրացման գինը 350-400 դրամից չի իջնում։

Թերևս այդքանը բավարար է հասկանալու համար, որ տնտեսության այս աննորմալ վիճակը բոլորովին էլ Լարսով պայմանավորված չէ։ Լուծումները Լարսում փնտրել պետք չէ։ Վրացիների ու ռուսների վրա բարդելը ևս տեղին չէ։ Լուծումները ներսում պետք է փնտրել՝ Հայաստանում գործող Կառավարության անգործության, անճարակության կամ գուցե խիստ նպատակաուղղված քաղաքականության մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի