Երևան +21°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:06 24-06-2022

Երկտարեցին…

Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ՝ մեր օրերում վատ առաջադիմության համար նույն դասարանում մնացողներ կա՞ն, թե՞՝ ոչ, բայց որ խորհրդային ուսումնական համակարգում դաստիարակչական այդ հնարքը կիրառվում էր, փաստ է: «Երկտարեցի» էին կոչում վատ առաջադիմության համար նույն դասարանում մնացողներին: Անգամ մանկական երգիծական կինոհանդեսներում էին թեմայի կարևորությունն ընդգծում: Ու որպեսզի դրա ամոթալիությունն ու մերժելիությունն ավելի շեշտեն, խտացնում էին գույները՝ երևույթը վերածելով զավեշտի: Ասենք, քառասնամյա բեղ ու մորուք ունեցող տղամարդուն նստեցնում էին «համադասարանցու»՝ 5-ի «բ»-ի աշակերտուհու կողքին՝ դրանով իսկ ակնարկելով վերջինիս թանձրամտության մասին…

Հարկ է խոստովանել, որ ոչ միայն դպրոցական պրակտիկայում, այլ ազգերի ու ժողովուրդների մեջ էլ կան երկտարեցիներ: Որպես կանոն՝ դրանք ժամանավրեպ ու լճացած մտածելակերպի տեր, հստակորեն սահմանված արժեհամակարգ չունեցող, պատմությունից այդպես էլ դասեր չքաղող, ավելորդ ինքնավստահություն դրսևորող հանրություններն են: Վերջիններս սեփական սխալների շտկման, ողջամիտ վարքի դրսևորման ու սխալների բացառման պրակտիկայի մերժման փոխարեն, հանրահայտ մուլտֆիլմի ճանապարհորդ գորտի նման շարունակում են անիմաստ սպասել իրենց «կռունկներին»…, ու մեծամտանալ՝ վերհիշելով, թե որտեղ էին «այն ժամանակներում» իրենք, ու որ «ծառերի» վրա մյուսները՝ այսօրվա «դեղնակտուցները»… Իսկ կյանքը վկայում է, որ հիշատակված դեղնակտուցները լռելյայն, առանց ինգնագովության անհարկի դրսևորումների այնքան են առաջ անցել մեզանից, որ դրա մասին խոսելն իսկ անհարմար է: «Ղազախական սինդրոմի» մասին, օրինակ, ակնարկում են շատերը: Ապագայի «ղադրն» իմացող Նուրսուլթան Նազարբաևը՝ Ղազախստանի նախկին նախագահը, մեծաթիվ երիտասարդների ուղարկեց Հարվարդներում և Օքսֆորդներում կրթվելու: Իսկ լավերից լավին ընտրելու ակնկալիքով էլ՝ Ղազախստանի կառավարությունը քաղծառայողների համար նախատեսված քննությունները դարձրեց թափանցիկ ու հրապարակային: Այլ կերպ ասած, ապագայի հերկերում գցված սերմերը, ապագային միտված ձեռնարկներն իրենց պտուղները տալու են արդեն առաջիկայում:

Մենք՝ հայերս, մեր պատմության ընթացքում մի անգամ ունեցել ենք նման լուսավորյալ ժամանակահատված: Վռամշապուհ թագավորի իմաստնության, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի, Ալեքսանդրիայում, Եդեսիայում և Սամոսատում ուսումնառության մեկնած նրանց աշակերտների ու նրանց բերած թարմության շնորհիվ կայացավ մեր հարատևության երաշխավոր Ոսկեդարը, ըստ իս՝ մեր պատմության ամենահանգուցային ժամանակահատվածը, որին պարտական ենք ազգովի:

Ապագան բախում է դուռը…Ի տարբերություն ապագայամետ ճապոնացիների՝ մեր ազգային երազանքը վաղուց անտի շարունակում է «դեգերել» մերօրյա իրականության հետ աղերսներ չունեցող ծովից՝ ծովի անրջային տիրույթում: Թե պատմական ռոմանտիզմը երբվանից բնավորվեց մեզանում ու դարձավ գերակայող, դժվար է ասել, բայց որ նրանից ոչ մի կերպ ձերբազատվել չենք կարողանում, փաստ է: Ո՛չ կորցրածն ենք կարողանում հետ բերել, ո՛չ էլ կարողանում ենք քաղաքակիրթ ազգերին հետ համաքայլ գնալ: Նույն այն ժամանակամիջոցում, երբ ճապոնացիները Լուսնի և Մարսի վրա կառուցվելիք հյուրանոցային համալիրներ են նախագծում, մենք, վիզներս ծուռ, շարունակում ենք խոսել կորսված «էրգրից»՝ մեր հույսը կրկին դնելով ոչ թե մեր, այլ «օրորոցի» վրա: Առկա հայրենիքը շենացնելու փոխարեն՝ մենք շարունակում ենք երգեր հյուսել Հայաստան կոչվող եդեմական դրախտավայրի մասին…

Ձեզ գուցե հետաքրքրի