Մենք հիմա ապրում ենք մի տարօրինակ իրավիճակում, երբ տեսանելիորեն պետականություն ենք կորցնում, բայց ոչ ոք չի ուզում տեսնել պետության ակնառու չգոյությունը։ Հիմա մեր երկրում ժողովուրդն այնքան է պառակտված, քաղաքացին այն աստիճան է օտարված պետությունից, իշխանությունը այնպես է բաժանված ժողովրդից, որ պաշտոնյան վաճառում է իր պաշտոնը, պատգամավորը աճուրդի է հանել մանդատը, թավշյա վարչակալը թշնամուն է վաճառում պետությունը, կարգ ու կանոն պաշտպանելու փոխարեն՝ իրավապահը փողոցում սխկում է ժողվրդին, որ իրեն սահմանային գոտի չգործուղեն ու մեկ աշխատավարձ ավել տան։ Հիմա բոլորի ուշադրությունը բևեռված է բարձր պաշտոններ ու կոռուպցիոն արտոնություններ ստացած նախկիններին զոհաբերելու վաղուց սցենարավորված քաղաքական ներկայացումների վրա։ Բայց պարզ է, չէ՞, որ այդ անվերապահորեն հանցավոր ու համբավավոր նախկիններին հենց այդ պարզ նպատակով էլ «բթում» ու «վզներին դնում» էին։
Հերթափոխը ներկաներին` ՔՊ-ականներին, կանցնի շատ շուտով և անվերապահորեն, երբ նախկինները «վերջանան», ու թավշյա վարչակալին նոր զոհեր պետք լինեն։ Կոռուպցիոն սկանդալային «բացահայտումներն» ու պաշտոնակռիվների ձայնագրությունները անչափ հարմար գործիքներ են` մարդկանց ուշադրությունը ամենակործանարարից շեղելու համար։ Այս շոուները բեմադրվում են, որպեսզի ոչ ոք չշեղվի մտապատրանքներից, ու ինքն իրեն չհարցնի՝ իսկ ի՞նչ տարբերություն, թե կործանվող երկրում ով ինչ ու ինչպես է թալանում, երբ պետության վարչակալը թշնամու դրածո է, և ինքն է ջնջել բոլոր օրենքները ու վաճառում է պետությունը։ Մի՞թե կոռուպցիան ու պաշտոնակռիվն են կործանում մեր պետականությունը ու պառակտում ժողովրդին, թե՞ այն, որ ոչ ոք չի ուզում նայել ու տեսնել, տեսնողն էլ անտեսում է, որ հայոց բանակի սպան իր իմացած գաղտնիքը թշնամուն է հայտնում մի քանի օրվա ուտելիքի կամ «թանկանոց օծանելիքի» դիմաց։
Սպայի պատիվն ու թավշյա պաշտոնյայի երդումը աննախադեպ էժան են հիմա։ Այնքան են էժանացել, որ երկրի նախագահն է արդեն դեսպանատներում սերտած անհեթեթությունները բարբաջում ու դրա անունը դնում «մանևրելու հնարավորություն»։ Մինչդեռ սա հենց այն ահազանգն է, որ հնչում է բոլորիս ու ամեն մեկիս համար։ Սա այն աղաղակն է, որ գուժում է պետության` վաղուց մահացած լինելու փաստը, մինչդեռ մեր աչքն ու ականջը փակ են, ուշադրությունը շեղված է, ու գույժն էլ ամեն կերպ խլացվում է։ Պետություն դառնալուց առաջ, նաև պետություն մնալու համար, նախ զորք են ունենում։ Նոր միայն իր տնօրինման, տիրապետության տակ առկա տարածքի վրա այդ տարածքում ապրող ու բանակ ձևավորած ժողովուրդն իր ինքնիշխանությունն է հաստատում։ Այսինքն՝ հռչակում է իր պետությունը։ Հռչակողներն ինքնին դառնում են այդ պետականության առաջին դեսպանները, քանի որ առաջինն են կապերի, հարաբերությունների մեջ մտնում հարևանների, աշխարհի հետ։ Եվ արդեն գործող բանակ ու դիվանագիտություն` իր ժողովրդի կամքը բոլորին լսելի արտահայտող կառույց ու ժողովրդի շահերը պաշտպանել կարողացող զորք ունեցող պետությունը միայն հետագայում ու ըստ անհրաժեշտության՝ դասական ու քրեստոմատիական իմաստով՝ ձևավորում է իր կառավարությունը, իշխանական համակարգը։
Այսինքն՝ պետությունը սկսվում է բանակ ու դիվանագիտություն ունենալուց։ Իշխանական համակարգի ու կառավարության առկայությունը պետականության գոյության համար անհրաժեշտ, բայց բնավ ոչ բավարար պայման են։ Ուստի հիմա թավշյա վարչակալի կառավարած Հայաստանում կառավարություն իբր թե դեռ կա, բայց իշխանություն ու իշխանական համակարգ չկան շատ վաղուց, բանակ, զորք ու դիվանագիտություն չկան, չկա ժողովրդի կամքն արտահայտողը, հենց ժողովրդին ու նրա կամքը, նրա գոյության կենսական տարածքը, ազգային անվտանգությունը, պետականությունը պաշտպանողը։ Այսինքն՝ մենք հիմա արդեն պետություն չունենք։
Հայոց երկու պետությունները` Արցախն ու Հայաստանը, չկան։ Կա միայն դրածո թավշյա ռեժիմ, որն այլևս չունի ապագա։ Մեր պետականությունը չորս տարի շարունակ դանդաղ ու անկասելիորեն վախճանվել է ամեն ինչի ու բոլորի հետևողական արժեզրկումից, իշխանության ու ժողովրդի անհամարժեքությունից, վատի ու վատթարագույնի մոնոպոլ, բացարձակ, անսահմանափակ գերակայությունից և առողջի, ազնիվի, ճշմարիտի, մարդկայինի տոտալ դեֆիցիտից։ Մենք հիմա ապրում ենք ազգային զարգացման այն ցավալի շրջանը, երբ մեր յուրահատուկ, մեզ բնորոշող ու բոլոր ուրիշներից զանազանող արժեքները փչացրել ենք և ուրիշներին թույլ ենք տվել, որ իրենց փչացածությունը դարձնեն արժեք մեզ համար։ Ովքեր գիտակցում են այս իրողությունը, անհապաղ պետք է համախմբվեն ու նոր պայքար սկսեն հանուն մեր ազգի ու պետության նոր կյանքի։
-
Գևորգ Հարությունյան
-
փիլիսոփա
-