Երևան +22°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:28 22-06-2022

Կարտոֆիլի գների առումով առաջիկայում նույն 500-անոց պատկերն ենք ունենալու

«Կարտոֆիլաէպոպեայի» այս փուլը կարծես թե ավարտվեց։ Շուկայում վաղահաս կարտոֆիլի ծավալներն օր օրի ավելանում են, ինչից ելնելով էլ կարելի է վստահ լինել, որ մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները այն 500 դրամից էժան կլինի։

Այդուհանդերձ, այս տարի էլ կարտոֆիլը էժան, նույնն է թե՝ նախկին 150-200 դրամի շրջանակներում լինի չի կարող բազմաթիվ պատճառներով։ Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փորձել է բացատրել կարտոֆիլի առումով ստեղծված իրավիճակը՝ խեղաթյուրելով մի շարք փաստեր, ինչը, բնականաբար, ոչ միայն չի օգնի հետագայում իրավիճակը շտկելուն, այլև առաջիկայում ավելի կխորացնի «կարտոֆիլային ճգնաժամը»։

«2022 թ․ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության և 2021թ․ ՀՀ ՎԿ տեղեկատվության համեմատությունը ցույց է տալիս, որ կարտոֆիլի ցանքատարածությունները 2022թ․ գրեթե չեն նվազել։ Շուկայում կարտոֆիլի բարձր գինը կարող է պայմանավորված լինել Հայաստանի Հանրապետությունից 2021թ․ ընթացքում արտահանված կարտոֆիլի մեծ ծավալներով, վեգետացիայի ուշացմամբ, ուշ բերքահավաքով, դիզելային վառելանյութի, կարտոֆիլի տնկանյութի, աշխատուժի աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութերի գնաճով, որը նկատի ունենալով՝ իրականացվում է ՀՀ կառավարության հաստատած «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագիրը: Նշենք նաև, որ 2021թ․ ՀՀ-ից կարտոֆիլի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 49 հազար տոննա, որից 25,8 հազարը հունիսի 8-ի դրությամբ (այսինքն՝ դա առավելապես եղել է 2020թ․-ի արտադրության կարտոֆիլ)։ Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տեղեկատվության՝ 2022 թվականի հունիսի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 568 տոննա կարտոֆիլ»,- մանրամասնել է նախարարությունը:

Ընդամենը 3-4 տարի առաջ մեզանում արտադրված կարտոֆիլի ամեն երրորդ կգ-ն օգտագործվում էր որպես անասնակեր կամ թափվում էր։ 2021թ․-ին էլ կարծես կարտոֆիլի գները ամենամյա միջինից շատ չէին շեղվում, մինչդեռ վերջին ամիսներին անցած տարվա աճեցված կարտոֆիլը իրացվում էր կգ-ը միջինում 500-600 դրամով։ Նախարարությունն էլ պնդում է, որ ցանքատարածությունները գրեթե չեն նվազել, և դա չի կարող նման իրավիճակի պատճառ հանդիսանալ։ 2021թ․-ին կարտոֆիլի տունկ է կատարվել 20․1 հազար հա-ի վրա, բերքահավաք է իրականացվել 19․9 հազար հա-ից։ 200 հա-ից բերք չի հավաքվել։ 2020թ․-ին հանրապետությունում կատարված կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 20․5 հազար հա, 2019թ․-ին՝ 20․133հա, 2018թ․-ին՝ 22․ 062հա, 2017թ․-ին՝ 25․311հա, 2011թ․-ին՝ 28․665 հա, 2015թ․-ին՝ 33․3 հազար հա։

Ցանքատարածությունների չկրճատման հաշվով նախարարությունը ճիշտ է վերջին երկու տարիների առումով։ Պարզապես չեն համարձակվում նշել, որ անցած տարի ոռոգման ջուր չլինելու պատճառով շուրջ 200 հա-ից ընդհանրապես կարտոֆիլ չի հավաքվել, մնացած 17-18 հազար հա-ն էլ թերջրվել է, այնպես որ նախկին տարիների 21-22տ/հա միջին բերքատվությունը նվազել է անգամ 18 տ/հա-ից։ Արդյունքում ամբողջ հանրապետությունում հավաքվել է 364․6 հազար տոննա բերք, որից շուրջ 67 հազար տոննան եղել է վաղահաս կարտոֆիլ։ Փաստացի արտադրված 364 հազարից գրեթե 50 հազար տոննան արտահանվել է (2021թ․-ին, 49 հազարից բացի, ևս 570 տոննա արտահանվել է այս տարվա գարնանը)։ Վերջին տասնամյակներում հանրապետությունում արտադրվել է մինչև 650-700 հազար տոննա ու ավել կարտոֆիլ։ Եվ առավելագույնը, որ արտահանվել է, եղել է 24-25 հազար տոննա։ Փաստորեն 2021թ․-ին արտադրության ծավալները կրկնակի նվազել են, արտահանման ծավալները՝ կրկնակի աճել։ 2020թ․-ին, օրինակ, հանրապետությունից արտահանվել է 9․8 հազար տոննա։

Եթե մինչև 2018թ․-ը ՀՀ-ից հազարավոր տոննաներով կարտոֆիլ էր արտահանվում Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Թուրքմենստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա այս տարվա մայիսի վերջերից մինչև հունիսի սկզբները, 10-15 օրվա ընթացքում Հայաստանը Եգիպտոսից, Իրանից, Պակիստանից, ՌԴ-ից և Վրաստանից մոտ 2000 տոննա կարտոֆիլ է ներմուծել։ Վաճառել են կգ-ն 150-160 դրամով, Վրաստանից, օրինակ, 151 տոննա են գնել՝ կգ-ն ավելի քան 180-190 դրամով։
Տրամաբանական էր, որ ունեինք ամենամյա միջինի կեսից էլ պակաս քանակություն և տրամաբանական էր, որ եթե Կառավարությունը գործում էր, ապա պետք է արգելեր կարտոֆիլի արտահանումը, որպեսզի այսօր նման փաստի առաջ չհայտնվեինք։ Չի արվել։

Ցավոք, այս տարվա համար էլ կարտոֆիլի առումով (և ոչ միայն) սպասելիքներն ավելի լավը չեն կարող լինել։ Համաձայն էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2022թ․ հունիսի 6-ի դրությամբ կարտոֆիլի տունկ է կատարվել 15045 հա-ի վրա՝ 25%-ով պակաս, քան 2021թ․-ին։ Բայց հարցը դրանով չի վերջանում։ Պարարտանյութի թանկացումով պայմանավորված՝ շատ կարտոֆիլագործներ սպասում էին սուբսիդավորված պարատանյութի ներկրմանը, ինչը շատ ուշացավ, ու առնվազն առաջին սնուցումը ստիպված էին բաց թողնել։ Այս իրավիճակում ամենալավ արդյունքի դեպքում անգամ քիչ է հավանական, որ 2021թ․-ի 360 հազար տոննա բերքը կլինի։ Պակաս է լինելու։ Մյուս կողմից սերմացուն 20-25%-ով թանկացել է, դիզվառելիքը՝ 100%-ով թանկացել է, պարատանյութը 120%-ով թանկացել է, աշխատուժը 20%-ով թանկացել է, քիմիկատները 30-40%-ով թանկացել են։ Արդյունքում եթե նախկինում 1 կգ-ի ինքնարժեքը կազմում էր շուրջ 60 դրամ, ապա հիմա այն ընդհուպ մոտենալու է 100 դրամի։ Կարտոֆիլագործը պետք է առնվազն 150-170 դրամով վաճառի, որ որոշակի շահույթ ապահովի։ Որոշակի շահույթ էլ պետք է վերավաճառողին մնա։ Հետևաբար տրամաբանական միջին գինը լինելու է մոտ 300 դրամը։ Ցավոք, դա էլ վերջը չի։

ՌԴ-ում հիմա կարտոֆիլի գները կտրուկ բարձրացել են, և մեկ կգ-ն իրացվում է 600-700 դրամով։ Ուկրաինան, որ ՌԴ-ից հետո աշխարհում 4-5-րդ կարտոֆիլ արտադրողն է, շատ քիչ է ունենալու։ Հետևաբար տարածաշրջանում կարտոֆիլի պակաս կա, ու եթե ՌԴ-ում գնանկումը մեծ չեղավ, Հայաստանից կարտոֆիլը արտահանվելու է այնտեղ, ու այս տարվա պատմությունը ավելի ցավոտ տարբերակով կրկնվելու է։