Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:33 21-06-2022

Ամեն ինչ նորմալ է․ կարևորը, որ առաջնորդը պինդ կենա

Հայաստանում շուրջ 10 հազար հա ծիրանի այգի կա։ Հանրապետությունում ծիրանի միջին բերքը կազմում է շուրջ 10 տոննա/հա։ Հետևաբար վերջին տարիներին մեզանում 100-120 հազար տոննա ծիրանի բերք է ստացվում։ Շուրջ 50 հազարական տոննա Արարատում և Արմավիրում, մնացածը՝ Աշտարակում, Կոտայքում և Վայոց Ձորում։ Այս տարածաշրջաններում ծիրանը հասնում է Արարատյան դաշտից հետո։ Ծիրանը ամենաշուտը հասնում է Արարատի մարզի Սուրենավան-Արմաշի տարածաշրջանում, հունիսի 10-ի կողմերը (2019թ․-ի մայիսի 28-ին Սուրենավանում ծիրանի բերքահավաք էր), մի քանի օրվա տարբերությամբ՝ տարածաշրջանի մյուս գյուղերում, իսկ հունիսի 25-ից հետո՝ արդեն Արմավիրի մարզում։

Այս տարի, պայմանավորված գարնանային ցրտահարությամբ, պաշտոնական տվյալներով սպասվում է շուրջ 50 հազար տոննա բերք։ Արարատի մարզում՝ 10-15 հազար տոննա, հիմնականում Արարատի և Վեդու տարածաշրջաններում, Արմավիրում՝ մինչև 30 հազար տոննա։ Բերքի հետ կապված կա երկրորդ խնդիրը ևս․ ցրտահարություն չեղած տարածքներում բերքը չափից դուրս շատ է, բայց շատ մանր, քանի որ պարարտանյութը շեշտակի թանկացավ, Կառավարության խոստացած սուբսիդավորված սելիտրայի մի մասն այդպես էլ տեղ չհասավ, գյուղացին չկարողացավ ծառերը պարարտացնել ու հանրապետությունում եղած բերքը հիմնականում մանրապտուղ է։

Բերքահավաքը սկսվում է Սուրենավանից, հասկանալիորեն գինն էլ որոշվում է այդտեղ։ Վերջին երևի թե 20 տարիներին, որոշակի շեղումներով, բեռնատարների համար քաղը սկսվել է կգ-ն 800 կամ 700 դրամից։ Մի շաբաթվա տարբերությամբ գինը նվազել է 600-500-ի և գրեթե ամբողջ Արարատի մարզում ծիրանի բերքահավաքն ավարտվել է կգ-ն 400 դրամով։ Արմավիրի մարզի Արմավիրի ու Էջմիածնի տարածաշրջաններում գինը նվազում էր մինչև 200 դրամի։ Բաղրամյանի տարածաշրջանում, պայմանավորված ուշ հասունանալով, գինը բաձրանում էր 700-800-ի։ Խոսքը արտահանվող ծիրանի մասին է։

Այս տարի բերքահավաքի (կգ-ն 600 դրամով) արդեն երրորդ-չորրորդ օրը գնման գներն իջեցրին կգ-ի դիմաց 400 դրամի։ Առայժմ ծիրանը գյուղացուց գնում են 400 դրամով։

Վերջին տասնամյակում հանրապետությունում ծիրանի արտահանման գործում ամենամեծ դերակատարությունն ունի Սպայկա ընկերությունը, որը տարեկան մի քանի հազար տոննայի արտահանում է իրականացնում։ Այս տարի ընկերությունն ավելի քան 10 օրվա ուշացումով է սկսել ծիրան հավաքել, ընդ որում՝ չթաքցրած դժկամությամբ։ Դրսի գործընկերների հետ ունի պայմանագրեր, որ չկատարել չի կարող։ Ընկերությունն ընդամենը 10 օր առաջ հայտարարեց Լարսի փակ լինելու պատճառով 3 մլն դոլարի թարմ լոլիկ թափելու մասին։ Ընկերության փոխտնօրենն էլ օրերս հայտարարեց, որ ռուբլու, դրամի կուրսերի անկայունությունն ու Լասի անցակետը մեծ վտանգներ են ստեղծում արտահանման առումով, և իրենք չեն ուզում նոր, լուրջ կորուստներ ունենալ։

Երկու-երեք օր առաջ Մոսկվայի շուկաներում ծիրանը վաճառվում էր կգ-ն 2800-3500 դրամի համարժեք ռուբլով, սուպերմարկետներում՝ ավելի թանկ։ Հայկական ծիրանին հիմնական մրցակից հանդիսացող ուզբեկականը ցրտահարության պատճառով գրեթե չկա, այլ տեղերից չի գալիս, այնպես որ մոնոպոլ վիճակում ենք։ Ինչն է ուրեմն խանգարում մերոնց՝ եղած նման բարենպաստ իրավիճակից չօգտվել։

Հիմնականում երկու գործոն․ դրամի անհասկանալի արժևորումն ու Լարսի անցակետի «անանցանելիությունը»։ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ «անհասկացող գյուղացին» ռեպերտուարից դուրս Լարսի անցակետի վերաբերյալ հարց ուղղեց Փաշինյանին, որին առաջնորդը պատասխանեց կարճ ուչթաքցրած դժգոհությամբ․ «Զբաղվում ենք»։ Այս ընթացքում էկոնոմիկայի նախարարն էլ հանդիպեց ռուս գործընկերոջը, քննարկեցին անցակետի հետ կապված խնդիրները։ Հավելեմ նաև, որ մի քանի ամիս շարունակ Կառավարության մակարդակով խոսվում էր լաստանավի գնման, լաստանավով արտահանումների մասին։ Խոսվում էր լրացուցիչ կանաչ գոտու բացման մասին, ու քանի որ այդ անցակետով դեպի ՌԴ արտահանող երկրներից միայն Հայաստանն է ԵԱՏՄ անդամ, Հայաստանի համար արտոնյալ գիծ բացելու մասին։ Ոչինչ չարվեց։ Հիմա Լարսով դեպի ՌԴ են տեղափոխում շատ մեծ ծավալներով թուրքական, ադրբեջանական, վրացական և հայկական գյուղմթերքներ։ Ականատեսների ներկայացմամբ՝ առաջնարհերթ բաց են թողնվում թուրքական և վրացական մեքենաները, հետո ադրբեջանական և վերջում միայն հայկականները, հաճախ լուրջ գումարների դիմաց։ Վերջին երկու օրերին խոսակցություններ շրջանառվեցին, որ շուտ փչացող ապրանքներով բարձված մեքենաները առաջնահերթ են անցնում, բայց հետո անմիջապես էլ հերքվեցին առաջնահերթության մասին խոսակցությունները։ Մյուս կողմից էլ միայն Սպայկայի պասիվությունը, որը վերջին 15 տարիներին Անդրկովկասի թերևս ամենամեծ արտահանողն է, փաստում է բոլորովին հակառակի մասին։

Երևանի շուկաներում, սուպերմարկետներում փոքրիշատե ապրանքային տեսք ունեցող ծիրանը վաճառվում է սկսած 700-800 դրամից։ Գյուղացին բնականաբար զբաղված է բերքահավաքի աշխատանքները կազմակերպելով, ելնելով ստեղծված իրավիճակից՝ դաշտից էժան վաճառում է վերավաճառողին, սա մեծածախով տալիս է երրորդ ձեռքին, և սպառողը նոր միայն սրանից է գնում ծիրանը ֆանտաստիկ թանկ գներով։

Վերոնշյալը ամենապարզ ներկայացումն էր այն բանի, թե ինչպես է Կառավարության ապիկարության պատճառով տնտեսությունը փլուզվում։ Ապրիլի 14-ի լուսաբացին ցրտահարություն արձանագրվեց։ Մինչ այդ համապատասխան մարմինների կողմից գյուղացուն չնախազգուշացվեց, որ գոնե ծխահարության կամ այլ միջոցներով փորձեին մեղմել սրա հետևանքները։ Երկրորդը՝ այդպես էլ սուբսիդավորված սելիտրան չհասավ գյուղացուն, որ գոնե կարողանային սրա կիրառմամբ խոշոր ապրանք ունենալ, իրացման համար պիտանի։ Երրորդը՝ ամիսներ ի վեր խոսվում է, որ դրամի այսկերպ արժևորումը բացասաբար ազդելու է մեր արտահանողների և ընդհանրապես արտահանման վրա, բայց վերևներում դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Հաջորդը՝ արդեն փետրվարից խոսվում էր, որ ծիրանի արտահանման սեզոնին Լարսի անցակետի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանալու, միջոցներ ձեռք առեք, դարձյալ ոչինչ չարվեց։ Եվ այն, ինչ ունենք, շատ տրամաբանական է։ Տրամաբանական է նաև մեկ այլ տեսանկյունից։ Հաշված օրեր առաջ, երբ առաջնորդը Արարատի մարզում էր, նույն գյուղացին, դիմելով նրան, ասում էր․ «Ոչինչ, մենք կդիմանանք, չենք մեռնի, դուք պինդ կացեք, մեջքիդ կանգնած ենք»։

Ուրեմն ամեն ինչ նորմալ է, կարևորը, որ առաջնորդը պինդ կենա։