Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:29 17-06-2022

Քնի՛ր, Լա՜ո, ընդդիմադիրները խորհրդարան էլ են գնալու, «վոյաժների» էլ են մասնակցելու

Ամենամեծ հիասթափությունը թերևս գիտակցումն է, որ ամեն ինչ հանուն հայրենիքի, Արցախի զոհաբերելու մասին ճառող խորհրդարանական ընդդիմության համար անձեռնմխելիություն, ստատուս ապահովող մանդատը շատ թանկ է։ Առհասարակ 8-րդ գումարման ԱԺ-ի ձեւավորումից հետո պարբերաբար քննարկվել է այդ հարցը՝ վայր դնե՞լ մանդատները, թե՞ ոչ, քանի որ կարծես ԱԺ-ում ընդդիմության աշխատանքը ինքնանպատակ է, իշխանությունը ինչ ուզում, անում է։ Սակայն եթե մինչեւ «Դիմադրության» շարժման մեկնարկը մանդատները դնելու հարցը սուղ չէր դրված, ապա պայքարից հետո իսկապես իրավիճակ է փոխվել։

Ընդդիմադիր պատգամավորները այժմ գոնե կարող էին քննարկել մանդատները վայր դնել եւ ամբողջությամբ փողոցային պայքարին, մարզից մարզ գնալուն նվիրվել՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենց համար մանդատը ոչինչ է։ Վերջիվերջո, ընդդիմադիրները կարող էին մանդատները վայր դնել՝ իբրեւ սեփական անձի ինքնախարազանում, պատժիչ միջոց փողոցային պայքարը ձախողելու համար։ Օրինակ՝ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ինքը խորհրդարան չի վերադառնալու, անելիք չունի այն մարդկանց հետ, ովքեր ԱԺ ամբիոնից հայտարարում են, թե Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։ Հիմա՝ «Դիմադրության» շարժման ինստիտուցիոնալ փոփոխություններից հետո, Վանեցյանը դեռ չի հայտարարել՝ երբ է վայր դնելու մանդատը։ Ամեն դեպքում պարզ է, որ եթե այս ընդդիմադիր գործիչներից մեկնումեկը մանդատը վայր դնի, դա կլինի Արթուր Վանեցյանը։

Չէ՞ որ հենց շարժման ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ խորհրդարան վերադառնալու են իրենց օրակարգով։ Իհարկե, հետո մենք տեսանք, թե ընդդիմության օրակարգը, օրինակ՝ արտահերթ նիստ հրավիրելու տեսքով, ինչպես է տապալվում ԱԺ-ում։ Բայց Սաղաթելյանը եւ նրա քաղաքական թիմը առհասարակ մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, մտքներով անգամ չի անցնում այդ զոհողությանը գնալ, նա երեկվա ասուլիսում ևս վերահաստատեց, որ մանդատները վայր չեն դնելու, քանի որ դրանք ճիշտ օրերին եւ ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու։ Թե որոնք են ճիշտ օրերը եւ ճիշտ պահերը, ում են անհրաժեշտ այդ մանդատները, դատելով այս խորհրդարանի մեկամյա գործունեությունից՝ նույնիսկ քննարկելու իմաստ չկա։

Համենայն դեպս, «դավաճան» իշխանությունների հետ մեր ընդդիմադիրները պատրաստ են ոչ միայն խորհրդարանում աշխատել, այլեւ «վոյաժների» մեկնել։ Մենք տեսանք, որ շարժման պիկ օրերին՝ ապրիլի 25-28-ը, Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող Անվտանգության ոլորտի կառավարման ժնեւյան կենտրոնի (DCAF) հրավերով «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով համաժողովին Անդրանիկ Քոչարյանի եւ մյուս ՔՊ-ականների հետ մասնակցեց նաեւ նախկինում իշխանության, այժմ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Բայց նա միայնակ չէ, օրերս դատավոր Աննա Դանիբեկյանը բացառիկ մեծահոգություն դրսեւորեց եւ թույլատրեց Արմեն Գեւորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից՝ մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։

Սա նշանակում է, որ մի կողմից ընդդիմադիրները բոյկոտում են ԱԺ աշխատանքները, բայց չեն կարողանում դիմանալ «վոյաժներին» չմասնակցելու գայթակղությանը, չէ՞ որ միջազգային կառույցների հետ աշխատանքը խորհրդարանական աշխատանքի մի մասն է։ Ցավալի է գիտակցել, որ պատգամավորական մանդատները այնքան թանկ են ընդդիմության համար, ինչքան իշխանությունը՝ ՔՊ-ի համար։ Իսկ մնացած պատճառաբանությունները հեքիաթասացության ժանրից են։ Ափսոս էին այն գործիչները, երիտասարդները, որոնք բռնության են ենթարկվել այս պայքարի ընթացքում, շինծու քրեական գործերի զոհ դարձել եւ այսօր անազատության մեջ են։