Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:14 17-06-2022

ԲԴԽ-ն կդադարեցնի՞ Վարդազարյանի լիազորությունները․ ինչ մթնոլորտում է անցել վարույթի քննությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ԲԴԽ նիստում քննվում էր ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթը, որը հարուցվել էր ԲԴԽ երեք անդամի նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է ArmDaily.am լրատվական կայքում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Պետք է նշել, որ նիստն աննախադեպ էր, քանի որ դեռ երբեք ԲԴԽ նիստերն այդքան բուռն և լարված մթնոլորտում չէին անցել, թեև ո՛չ Ռուբեն Վարդազարյանը, ո՛չ նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նիստին չէին ներկայացել։ Խորհրդի անդամները նախ մերժեցին Օրբելյանի միջնորդությունը՝ վարույթը կարճելու վերաբերյալ, ապա նաև նիստը հետաձգելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը։ Օրբելյանը նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը հիմավորել էր նրանով, որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստին, չնայած դրան՝ կողմը ցանկություն էր հայտնում մասնակցելու նիստին։ Փաստաբանի այս միջնորդությունը ևս մերժվեց։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Վարդազարյանը նիստին չի ներկայացել վատառողջ լինելու պատճառով։ Այդ պահից սկսված՝ ակնհայտ էր, որ խորհրդի դատավոր անդամների և գիտնական անդամների միջև առկա են խոր տարաձայնություններ վարույթի առնչությամբ։ Նախ նիստերի դահլիճում գտնվող լրագրողներին լսելի էր, թե ինչպես է Ջհանգիրյանը խորհրդակցական սենյակից դեպի նիստերի դահլիճ հրավիրում դատավոր անդամ Անի Մխիթարյանին, ինչից կարելի էր եզրակացնել, որ Մխիթարյանը քվեարկության արդյուքները պարզ դառնալուց հետո պարզապես լքել է խորհրդակցական սենյակը։ Փաստաբանի միջնորդությունը մերժելուց հետո խորհուրդը շարունակեց վարույթի քննությունը՝ առանց կողմի ներկայության և մասնակցության։ Խորհրդի իրավաբան անդամները հարկ չհամարեցին հարուցված վարույթի վերաբերյալ լսել Վարդազարյանին կամ նրա ներկայացուցչի տեսակետները։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Վարդազարյանը և Օրբելյանը որոշակի անակնկալներ են պատրաստել ԲԴԽ անդամների համար։ Մասնավորապես, նրանք ներկայանալու են նիստին և փորձելու են ցույց տալ իր դեմ կարգապահական վարույթ հարուցած գիտնական անդամների իրավական մերկությունը, ու որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար որևէ հիմք չունեն։

Վարույթի քննության ընթացքում մթնոլորտը լարվեց, երբ Անի Մխիթարյանը հարց ուղղեց հանձնախմբի անդամներից Լիպարիտ Մելիքջանյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք վերջինս անաչառ համարում է իրեն, թե ոչ. «Ամբողջ միջնորդության մեջ նշում եք, որ կարծում եք, որ թույլ է տրվել խախտում, տպավորություն է, որ Դուք այնքան էլ վստահ չեք, որ Վարդազարյանը թույլ է տվել կարգապահական խախտում»։ Մինչ Մելիքջանյանն ուշքի կգար ու կհասկանար, թե ինչպես արձագանքի Մխիթարյանին, հարցին պատասխանեց խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա իր միջամտությունը բացատրեց նրանով, թե հանձնախումբը որոշում է կայացրել, որ ինքն է պատասխանելու հարցերին։ Հատկանշական է, որ Անի Մխիթարյանի հարցի ընթացքում Ջհանգիրյանը վերցրել էր խոսափողը, որով ձայնագրվում է նիստը, տեղափոխել այն իր մոտ, սակայն խոսափողը շուտով վերադարձվեց, և Միխթարյանը շարունակեց հարցեր ուղղել։ Ողջ ընթացքում Ջհանգիրյանը փորձում էր հանգստացնել Մխիթարյանին, ում ակնհայտորեն վրդովվեցնում էր այն, ինչ տեղի էր ունենում այդ պահին խորհրդի դահլիճում։

Մխիթարյանին զարմացրել էր նաև հանձնախմբի այն ձևակերպումն, ըստ որի՝ իրենց «թվում է», որ Վարդազարյանը իր հարցազրույցում հեգնել է ՍԴ որոշումը։ Ինչպե՞ս կարելի է վարույթ հարուցել որևէ բան «թվալու» հիմքով։ Նա նշեց, որ այս առնչությամբ հարցեր ունի Վարդազարյանին և միջնորդեց նիստը հետաձգել։ Նրա միջնորդությանը միացան ևս երկու դատավոր անդամ, սակայն ակնհայտ է, որ թվային առավելությամբ գիտնական անդամները հաղթեցին, և միջնորդությունը մերժվեց։

Ակնհայտ էր, որ Ջհանգիրյանին խորապես վիրավորել էր Վարդազարյանի՝ հարցազրույցում հնչեցրած «այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի և ուղարկել ԲԴԽ» արտահայտությունը, որը մի քանի անգամ հնչեց նիստում։ Տպավորություն էր, որ նախկինում Վարդազարյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքին գումարվել էր նաև «95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի» հետ համեմատությունը։ Նշենք, որ ավելի վաղ, մասնավոր մի զրույցում խոսելով վարույթի հարուցման մասին, Վարդազարյանը նկատել էր, որ սա պարզապես պատեհ առիթ է՝ իր լիազորությունները դադարեցնելու համար, և որ այս անգամ Ջհանգիրյանը առիթը պարզապես բաց չի թողնի վերջնականապես իրենից ազատվելու համար։