Երևան +13°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:01 16-06-2022

«Կոլոտ կամանդիրից» մինչեւ «առանց Սուրբ հոգու հայր-որդի»․ Վանեցյանի թիմակցի գրառումը ե՞ւս «հիմար մեկնաբանությունների» շարքից է

Այն, ինչ տեղի ունեցավ ընդդիմության՝ մարտավարությունը փոխելու մասին հայտարարությունից հետո, իսկապես տհաճ է։ Տհաճ է այդ մասին խոսելը, մտածելը, գրելը, թերեւս կարելի էր մոռացության տալ այս ամենը, եթե իրենք՝ ընդդիմադիր գործիչները, ներողություն հայցելով հեռանային։ Բայց ո՛չ, նրանք չեն պատրաստվում ներողություն հայցել, նրանք շարունակում են հենարան լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ավելին՝ ընդդիմության «առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե «հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ եւ ժամանակ չունի»։

Թերեւս Սաղաթելյանը հիմար է համարում այն բոլոր մեկնաբանությունները, որոնք հարցեր, կասկածներ են պարունակում, անցանկալի կարծիք են հնչեցնում, մեղադրում են, հիասթափություն եւ հուսահատություն են արտահայտում․․․այո՛, մեր բոլորի մեկնաբանությունները ընդդիմադիր առաջնորդը համարում է հիմար մեկնաբանություններ, թերեւս մեզ էլ՝ հիմնարներ։ Իսկ ոչ վաղ անցյալում մենք ամենազոր Լաո էինք, սիրելի եւ ամենակարող ժողովուրդ․․․ այս իշխանության համար էլ մենք սկզբից վարչապետներ էինք, հետո դարձանք պողոսներ։ Տարբերությունը, սակայն, այն է, որ ընդդիմությունը մեր նկատմամբ իր վերաբերմունքը բացահայտեց դեռ իշխանության չեկած, եւ դա հիանալի է։

Ինչեւէ, որպես ժողովրդի մի մասնիկ, ով միամտորեն հավատում էր ընդդիմադիրների խոստումներին եւ այժմ ծայրաստիճան հիասթափված է, պետք է Սաղաթելյանին պատասխանենք, թե ով է ինքը։ Մեր պատասխանելու կարիքն անգամ չկա, ընդդիմադիր գործիչները մեր փոխարեն դա անում են՝ ցուցադրելով միմյանց նկատմամբ «հարգանքը եւ միասնականությունը»։

Արթուր Վանեցյանի քաղաքական թիմի անդամ Խաչիկ Գալստյանը մի «գողտրիկ» գրառում է արել, որի սեմյոտիկ վերլուծությունը իրականացնելիս տեսնում ենք մերօրյա կերպարներին։ Գրառման մեջ, խոսելով պայքարին իր մասնակցության մասին, ազդարարելով հայրենիքի հովանու տակ նոր բարձունքում դիրքավորելը, քաղաքագետ Գալսյտանը գրել է, որ այս ընթացքում «ականատես է եղել մարդկային ճղճիմության և փոքրոգության մաստեր կլասի, բախվել է ինքնահավան ամբարտավանության ու փքված հնդկահավային ամբիցիաների, «հրեշին դեռ չսպանած` նրա մորթին ջանադրաբար կիսելու հիվանդագին մոլուցքի, սովորական անձին կուռք սարքած «ընդդիմադիր» այրերի, տարաբնույթ «կոլոտ կամանդիրների», «հայր-որդի», բայց առանց Սուրբ հոգի էժանագին բեմադրված շոուների»։

Բոլոր համընկնումները, անշուշտ, պատահական են, իսկ Գալստյանը, «կոլոտ կամանդիր» ասելով, ամենեւին Իշխան Սաղաթելյանին նկատի չունի, «հայր-որդի»-ներն էլ ամենեւին Լեւոն եւ Ռոբերտ Քոչարյանները չեն։ Հետաքրքիր է՝ Սաղաթելյանը կպատասխանի այս գրառմանը, թե սա էլ է հիմար մեկնաբանությունների շարքից։

Մենք հավատում ենք ընդդիմադիրների պայքարի նոր փուլին միմյանց դեմ, բայց նաեւ վստահ ենք՝ Փաշինյանը մի օր հեռանալու է այս ընդդիմության հետ միասին։