Երևան +13°
copy image url
Մշակույթ Ավելին 1 տարի առաջ - 21:41 15-06-2022

Ավելի լավ է` էդ պարանով կախվես, քան նրա հետ ամուսնանաս

Քանդակագործ Երվանդ Քոչարի կյանքում կանայք կամ մուսաներ շատ են եղել։ Կանայք, որոնք ներշնչել, ոգեշնչել, սատարել, օգնել ու ոգևորել են մեծ արվեստագետին։

Քոչարն առաջին անգամ ամուսնացել է 1925 թ. Փարիզում։ Պոլսեցի Վարդենին էքսցենտրիկ, բանաստեղծական հովերով տարված մի աղջիկ էր, որի մասին խոսելիս Քոչարը միշտ պատմում էր իր երազ-հալյուցինացիան.

«Վարդենիի հետ ծանոթացա Համլիկի տանը։ Նույն երեկոյան եկա տուն, կեսգիշեր էր, երազ տեսա, որ Վարդենին եկավ, դուռը թակեց, ներս մտավ, նստեց մահճակալիս։ Շատ կարճատև զրույցից հետո ասաց. «Ես այստեղից այլևս չեմ գնա»։

«Երդվում եմ,- ասում էր Քոչարը,- աչքս բաց արեցի, տեսա` երազ էր, դեռ երազի ազդեցության տակ էի, դուռը բախեցին, բաց արեցի, տեսա Վարդենիին. ներս մտավ, նստեց մահճակալիս և ասաց, որ այլևս չի գնալու… Ու այդպես ամուսնացանք…»։

Երվանդ Քոչարը երկրորդ անգամ ամուսնացել է Մելինեի հետ`1930 թ.։

Մելինեն քանդակագործին գրավելու համար ոչինչ չի խնայել։ Դժվարությամբ ու մեծ ջանքերի գնով Փարիզում ցուցահանդես է կազմակերպել և Քոչարին հրավիրել արվեստների մայրաքաղաք…

Քոչարի վերջին կինը՝ Մանիկ Մկրտչյանն իր հուշերում պատմում է.

«1966 թ. մարտ ամսին Մելինեն կազմակերպեց Քոչարի` Փարիզում թողած գործերի մի փայլուն ցուցահանդես, որից հետո աճուրդի ներկայացնելով Քոչարի` իր մոտ եղած գործերը` ցրեց չգիտենք՝ ուր և շատ չանցած` ինքնասպան եղավ…»։

Իր երրորդ ամուսնության մասին պատմում է Քոչարը.

«1938թ. գնացքով մեկնում էի Մոսկվա։ Նույն վագոնում էին Երևանի կոնսերվատորիայի մի քանի ուսանողուհիներ, որոնց մեջ և Թամարա Իսահակյանը։

Եկավ իմ կուպեն, ծանոթացանք, իմացավ` ուր եմ գնում, ինչ նպատակով։

Մոսկվայում հանդիպեցինք, գնում-գալիս էր։ Այնուհետև ես մնացի Մոսկվայում, ինքը վերադարձավ Երևան։ Մեկ-երկու անգամ նամակ գրեց, իմացել էր նաև մեր Թիֆլիսի հասցեն և նամակագրություն սկսել քրոջս աղջկա` Ռուզանի հետ։
Ու ահա, Մոսկվայից վերադառնում եմ Երևան, կայարանում ինձ դիմավորում է Թամարան Հովիկ Հաբեթյանի հետ։ Ինձ հրավիրում է տուն` ճաշի, չեմ հրաժարվում։ Ճաշից հետո ուզում եմ գնալ հյուրանոց, չեն թողնում։

«Մնացեք, կընթրենք, հետո կգնաք»․ սրան էլ եմ համաձայնվում։

Ընթրիքից հետո ճամպրուկս ուզում եմ վերցնել, մայր ու աղջիկ թե` «Ուշ է արդեն, մինչև գնաք, հերթապահ, գրանցում, հոգնեցուցիչ է, մնացեք այս գիշեր մեզ մոտ, վաղը կգնաք»։

Համաձայնվեցի և այս առաջարկին։ Առավոտյան վաղ նախաճաշը պատրաստ էր, նախաճաշեցինք, ուզում էի գնալ, մեկ էլ տեսա, Թամարան մի կողմից, մայրը` մյուս՝ ինչ կասեն հարևանները, եկար, գիշերը մնացիր… Ես ապշել էի, սա ինչ ներկայացում է, շանտաժ… Մնացի մեկ օր, երկու օր… Երրորդ օրը, թե` «Երվանդ, քեզ մի հետաքրքիր բան եմ ցույց տալու», -ես էլ կարծում եմ, թե Լեոնարդոյի, Միքելանջելոյի կամ որևէ կլասիկի հետաքրքիր ռեպրոդուկցիա կամ որևէ այլ նկար է ցույց տալու… Եվ ի՞նչ… Իմ առաջ կանգնած է 8-9 տարեկան մի տղա. «Էմիլն է… իմ տղան…»։ Ես զարմացա, նա ինձ ներկայացել էր «օրիորդ», հիմա ոչ միայն տիկին է, այլև մայր և ունի որդի…

Մնացի որոշ ժամանակ, 1939 թ. օգոստոսի 31-ին ծնվեց տղա, և քանի որ «Սասունցի Դավթի» 1000-ամյակի օրերին ծնվեց, անունը դրեցինք Դավիթ։ Դավթի ծնվելուց մի քանի ամիս անց սկսվեցին մեր ընդհարումները… Չէր թողնում որևէ մեկին նկարեի, ում խանդում էր, նկարը պատռում էր…

Ձեղնահարկում մի թեթև արվեստանոց էի կառուցել, ապրում էի արվեստանոցում…Հայրենական պատերազմի առաջին օրն ևեթ ինձ բանտ նետեցին։ Միայն Ժենյայի ջանքերով 2 տարի 4 ամիս հետո ազատվեցի բանտից…

Ու՞ր պիտի գնայի, փող չունեի, ազգական չունեի։ Գնացի իմ արվեստանոցը և ի՞նչ տեսա․ Թամարան հղի էր` ծննդաբերելու օրերն էին… Բայց ներեցի` մտածելով՝ գրեթե բաժանված էինք, երբ բանտարկվեցի, միայն ասացի. «Ներում եմ, սակայն այլևս կապեր չունենաս նրա հետ, ումից որ պիտի ծնվի երեխադ և երեխային պիտի հանձնես հորը»։ Համաձայնվեց, ծննդաբերեց` աղջիկ էր…

Հայրը Կոմիտասի անվան կվարտետի առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանն էր, իսկ նրա կինը` Լյուսի Թարգյուլը։ Նրանք զավակ չունեին, սիրով համաձայնեցին ընդունել-որդեգրել Թամարայից ծնված երեխային…Կարծես թե ամեն ինչ կարող էր հարթ ու խաղաղ վերջանալ, բայց… Նորից կապվեց Ավետ Գաբրիելյանի հետ.. Թողեցի գնացի Դերենիկ Դանիելյանի մոտ։ Թամարան հույս ուներ, որ պիտի զայրույթս անցներ, վերադառնայի… Հազիվ էի ազատվել»։

Երվանդ Քոչարը չորրորդ անգամ ամուսնանում է 1946-ին` Մանիկ Մկրտչյանի հետ։ Մանիկն իր հուշերում գրում է իրենց ամուսնության մասին.

«Պարանը ձեռքիս գնում էի Քոչարի իրերը կապկպելու, հանդիպեսցի Աշխեն Հովհաննիսյանին, որին ճանաչում էի պետական կապելլայից.

-Բարև Մանիկ ջան,- ասաց Աշխենը,- էդ ու՞ր։

-Գնում եմ Քոչարի մոտ, գրքերը կապկպելու. ամուսնանում ենք։

-Վայ, ափսոս քեզ, ավելի լավ է` էդ պարանով կախվես, քան նրա հետ ամուսնանաս…

-Հրաշք պիտի լինի, որ Քոչարը Մանիկի հետ տևական ամուսնական կյանք ունենա,- ասում էր քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։

-Քանի չէր ամուսնացել, հետաքրքրվողներ քիչ կային, այդ ինչ եղավ, որ բոլորն ափսոսում են Մանիկին,- ասում էր պրոֆ. Արսեն Տերտերյանը` իմ սիրելի դասախոսը։

-Ափսոս ես, Մանիկ, -ասում էր Աճառյանը,- նա մի ամսից ավելի քեզ հետ չի ապրի…»։

Երվանդ Քոչարն ու Մանիկ Մկրտչյանը միասին ապրել են 39 տարի` մինչև Քոչարի մահը։ Իր հուշերը Մանիկն ամփոփում է այսպես.

«Գիտակցական կյանքիս 2/3-ը անցկացրի Քոչարի հետ։ Ես այդ բոլորն արեցի իմ ժողովրդի համար, թեև զրկվեցի անձնական կյանքից, տոկացի, տառապեցի՝ երբեմն արժանապատվությանս նսեմացման գնով…»։

Այսօր հայ մեծ քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է։

Ֆոտոշարք