Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:34 15-06-2022

Բոլոր քաղաքական գործընթացներն այսօր ուղղակիորեն կառավարվում են դրսից․ քաղաքագետ

«Նախորդ օրերին Հայաստանի վարչապետի ու մի մեծ պատվիրակության Կատար այցի հետ կապված՝ որպես ի գիտություն՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Կատարը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է։ Կատարում Թուրքիան ռազմաբազա ունի, որի անձնակազմն արդեն հազարներով է հաշվվում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Սարո Սարոյանը։

Նա հավելում է․ «Ինչպես Ռուսաստանը, Կատարն այն երկիրն է, որը 2016 թ․ միանգամից օգնության շտապեց Էրդողանին, երբ թուրքական բանակի ղեկավար շատ դեմքեր գրեթե հաջողել էին հեղաշրջում իրականացնել ու տապալել Էրդողանին։ Թե՛ Թուրքիան եւ թե՛ Կատարը ակտիվ աջակցում են մուսուլման եղբայրներին։ Այդ համատեքստում ու նաեւ քաղաքական, տնտեսական, էներգետիկ այլ ոլորտներում Կատարի շահերը չեն համընկնում Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի ու ավելի փոքր արաբական երկրների շահերի հետ։ Կատարն արաբական մյուս երկների հետ իր դիմակայությունը կարողանում է ապահովել հենց Թուրքիայի միջոցով։ Թուրք-կատարական համատեղ ձեռնարկությունները հարյուրների են հասնում, իսկ շրջանառությունն էլ միլիարդավոր դոլարներ է կազմում։ Աֆղանստանում թալիբների քաղաքական ղեկավարության վերադարձը Կատարի միջոցով իրականացվեց, ու հիշում եմ, թե ինչպիսի ակտիվություն էր ցուցաբերում Թուրքիան այդ գործում՝ Կատարի միջոցով ստանալու համար Աֆղանստանում իր ռազմական ներկայության համաձայնությունը։

Երբ խոսվում է Կատարի կողմից ներդրումների մասին, մեր աչքի առաջ պետք է ունենանք թուրք-կատարական ներդրումային ու ֆինանսական երկուստեք փոխգործակցությունները։ Այս ամենն ասում եմ, քանի որ լավ գիտեմ Հայաստանի կառավարիչների մեծամասնության տգիտության աստիճանը, ինչպես նաեւ որոշների ուղղակի խամաճիկությունը՝ խաղացվող Մոսկվայից ու Անկարայից։ Այսքանը, իհարկե, ամենը չէ՝ նկարագրելու համար, թե ուր ենք շարժվում, ու ինչ մութ այլ խութեր կան։ Անվտանգային մարտահրավերները բազում են, քանի որ Հայաստանի անվտանգային միջավայրն ուղղակի կառավարվում է արտաքին որոշակի սուբյեկտների կողմից։ Ու որպեսզի դա չերեւա, վերջին ամիսներին գործարկվել է պրիմիտիվ, բայց հայ հանրության համար ազդեցիկ մի գործընթաց։ Ցույց տալու համար, թե իբրեւ մենք ունենք անվտանգային համակարգ, պլանային կարգով ՀՀ ԱԱԾ-ն բացահայտում է պետական դավաճանության դեպքեր։ Ինչ-որ մանր զինվորականներ, պարզվում է, զորամասի ու հրազենի ինչ-որ ցուցակներ են փոխանցել այլ երկրների։ Ստացվում է մի պատկեր, որտեղ հանրությունը ստանում է պաշտպանվածության զգացում, Հայաստանի հատուկ ծառայությունն ամրագրում է իր գործունակ ու պրոֆեսիոնալ դիրքերը, իսկ արտաքին սուբյեկտները սահուն Հայաստանը մտցնում են արտաքին ազդեցությունների մի նոր գոտի։

Որոշակի փակագծեր բացելով՝ ասեմ, որ Հայաստանում գործող գործակալալական ցանցերի, գործակալների ու լրտեսների ցուցակները վաղուց հայտնի են ու գտնվում են այն կաբինետներում, որտեղից ղեկավարվում են լրտեսության դեպքեր բացահայտողները։ Հայկական գավառամտությունն է միայն խանգարում՝ հասկանալու համար, որ բոլոր քաղաքական գործընթացներն այսօր ուղղակիորեն կառավարվում են դրսից, եւ որեւէ բան փոխելու համար ինքնիշխան մոտեցում է պետք։ Այդպիսի որոշումներ կայացնող անհատներ կառավարության մեջ չկան։ Այդպիսիք չկան նաեւ փողոցում վերջին ամիսներին դիմադրության գործընթաց ձեռնարկողների շրջանում։ Երկու այդ շրջանակները օգտագործվում են քաղաքական դաշտը լցնելու եւ անվտանգային խնդիրների լուծման կամ պայքարի իմիտացիա ստեղծելու համար։ Ցանկանում ենք փոխել իրավիճակը, նախ մեր մոտեցումը՝ հանդեպ քաղաքական գործիչների, պետք է փոխենք։ Ինքնիշխան որոշում կայացնող անհատը իր էությամբ պետք է այլ հոգեբանություն ունենա։ Կամային գործիչների պահանջարկը հանրությունը պետք է ստեղծի»։

Ձեզ գուցե հետաքրքրի