Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Նա նաեւ նշել է. «Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել և նոր վիրահատել։
Առողջական խնդիրներով պայամանվորաված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվել էին։ Կալանավորման մեջ Ն․ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է»:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը հինգ ամիս է՝ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Օրերս Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը ծանրացել էր: Կոչուբաեւը հայտնել էր, որ Նարեկի առաջնային ախտորոշումը շաքարային դիաբետն է, որը բարձրացել է մինչեւ 27 նիշ: Նարեկ Մանթաշյանն ունի երիկամների հետ որոշակի խնդիր, որովհետեւ մեզի մեջ ացետոն է ախտորոշվել: Իրավիճակը նրան էր հասել, որ հիվանդանոցը չէր ցանկանում հոսպիտալացնել Նարեկ Մանթաշյանին, եւ միայն ՄԻՊ–ի եւ իմ միջամտությամբ հնարավոր եղավ հոսպիտալացնել նրան:
Այս պահին Նարեկ Մանթաշյանին հոսպիտալացրել են Էրեբունի ԲԿ-ում: