Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:21 11-06-2022

Նիկոլենք ու էս սորոսականները շատ պուճուր են, որ ինձ վրա կոմպրոմատներ ունենան․ ինչու Վահագն Չախալյանը դադարեց ակցիաներ անել  

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Վերջին 1-2 շաբաթների ընթացքում ընդդիմադիր այն ուժերից շատերին, ովքեր դեռ ապրիլի վերջին ու մայիսի սկզբին հավաքվում էին Ազատության հրապարակում ու տարբեր ակցիաներ էին անում մայրաքաղաքի տարբեր համայնքերում՝ դադարել են մասնակցել «Դիմադրության» շարժման հավաքներին։ Միաժամանակ, իրենք նույնպես դադարել են առանձին ակցիաներ իրականացնել։

Մասնավորապես, շարժման սկզբում բավական ակտիվ էին նաև «Զարթոնք» կուսակցության անդամները։ Կուսակցության վարչության անդամ Վահագն Չախալյանին գրեթե ամեն օր ակցիաներ իրականացնելիս կարելի էր տեսնել, որոնց ընթացքում նրան ոստիկանությունը բերման էր ենթարկում։ Արդեն տևական ժամանակ է այս կուսակցությունը նույնպես դադարել է ակցիաներ իրականացնել։

Oragir.news-ին տեղեկություններ էին հասել, որ իշխանությունը կոմպրոմատների լեզվով խոսելու պրակտիկան կիրառում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին պայքարից հետ պահելու համար։ Մասնավորապես, նման կոմպրոմատների թղթապանակ են դրել նաև Չախալյանի առջև ու սրանով վերջինիս հետ են պահում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնելուց։ Մեզ հասած տեղեկություններով՝ դրանք կապ ունեն Վրաստանում Չախալյանի իրականացրած գործության հետ։

Այս առնչությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք Չախալյանից։ Նա նշեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Ո՞վ կարող է իմ դեմ կոմպրոմատներ ունենալ՝ Նիկո՞լը։

Ես 5 տարի վրացական բանտում եմ եղել, ևս 105 տարի էլ կմնայի։ Ես էստեղ էլ եմ ձերբակալվել, բայց էստեղ նրա համեմատ սանատորիա էր, նա կոնսլագեր էր։ Ես էդ բանտից դուրս չէի գա, եթե Սահակաշվիլին իշխանության լիներ։ Ես պետական պաշտոնյա չեմ եղել, որ իմ դեմ կոմպրոմատներ լինեն։ Նիկոլենք ու էս սորոսական գլոբալիսները շատ պուճուր են, որ իմ վրա կոմպրոմատներ ունենան»։

Նա նշեց, որ վերջին մի քանի օրերին իր բացակայությունը անձնական խնդիրների հետ է կապված։

«Բայց, ընդհանուր առմամբ, ճիշտ եք նկատել, որ այնքան էլ ակտիվ չենք հիմա, ինչպես շարժման առաջին օրերին։ Ամեն դեպքում՝ ասեմ, որ հենց առաջին օրվանից մեր ունեցած ռեսուրսներով փորձել ենք աջակցել Նիկոլի տապալման գործընթացին։

Անձամբ ես շատ համաձայն չեմ այսօրվա շարժման կազմակերպիչների մեթոդաբանության հետ։ Ուղղակի ափսոս են էդ ռեսուրսները, նաև երբ շարժումը սկսեցինք՝ շատ մեծ էր ժողովրդի դժգոհությունը, որ կուտակված էր։ Իսկ էսօր թեև կան 30-40 հազար հոգի, ովքեր ակտիվ ուզում են Նիկոլի հրաժարականը, բայց մնացածը, ովքեր դժգոհ էին՝ նրանց մոտ այդ դժգոհությունը թուլացել է։

Ես այսօր չեմ քննադատում փողոցի ընդդիմությանը միայն նրա համար, որ իմ քննադատությամբ հնարավոր հաջողությանը չխանգարեմ, չնայած, ի սկզբանե իրենց մեթոդաբանության հետ կապված հարցեր եմ ունեցել, որոնց մասին ասել եմ։

Ուղղակի շատ բան հասկանալն էլ մի բան չէ։ Իմ կյանքի անցած փորձով ես հասկանում եմ, թե ով՝ ինչ է անում ու ինչ խնդիր է լուծում»։