Գյումրեցի տարեցների եւ «Դիմադրության» շարժման մասնակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալները, դատավոր Ռոման Սմբատյանի որոշմամբ, մնացին կալանքի տակ։
Աբգար Պողոսյանը
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը ստացել են, այն բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։ Փաստաբանի խոսքով` դատավոր Սմբատյանն այդ որոշմամբ գտել է, որ ավելացել է տղաների կողմից խոչընդոտելու ռիսկը։ «Նա արդեն իսկ կողմնակալ վերաբերմունք է ցույց տվել», - նշեց Աբգար Պողոսյանը։
Հարցին, թե դատախազը ևս կարծում էր, որ կարող են խոչընդոտել, ասաց` կարծում էր, բայց միայն մի երկու բառով, այդքանը ասեց, և վերջ։ Մնացածը «դատարանն» է իմպրովիզ արել։
Նա նշեց, որ դատարանը իրավական առումով կատաստրոֆիկ որոշում է գրել` մի քանի տող պատճառաբանությամբ։ Նիստին տուժողի ներկայացուցիչը ասել է, որ ուզում են՝ ամբաստանյալներն ազատ արձակվեն, քանի որ պատերազմի մասնակից են, սակայն դատարանն անգամ այդ հանգամանքը հաշվի չի առել։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման 5 մասնակիցների նկատմամբ մոտ 1 ամիս առաջ քրեական գործ էր հարուցվել գյումրեցի տարեց մարդկանց ծեծի ենթարկելու համար: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով, որը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում: Դեպքը տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի՝ Գյումրիում հանրահավաք իրականացնելու ընթացքում՝ մայիսի 8-ին: Խուլիգանության համար մեղադրվում են Գոռ Մաթևոսյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը և Գևորգ Մուրադյանը: Դատական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ 5 ամբաստանյալներից 4-ը 44-օրյա պատերազմի մասնակից են, ոմանք կռվել են նաև 2016-ի քառօրյայի ժամանակ, դիպուկահարի կրակոցից վիրավորվել, նաև մարտական սխրանքների համար Հայաստանի և Արցախի հանրապետության պետական պարգևների արժանացել: