copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:48 08-06-2022

Կառավարությունը ԱԺ նախագահի համար ավտոմեքենա գնելու փող ունի, իսկ պետպատվերի համար՝ ոչ․ բժիշկ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Սա մեր հայրենակիցների համար շատ մեծ բեռ է դառնում, որովհետև պետպատվերով բուժվող մարդիկ, դեպքերի գերակշիռ մասով, հնարավորություն չունեն սեփական գրպանից վճարել, որպեսզի ստանան մասնագիտացված բուժօգնություն։ Դա բերում է մարդու առողջության վատթարացմանը»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում պետպատվերով բուժվող մարդկանց հաճախ տրվող պատասխանին, թե պետպատվերի գումարն սպառվել է։

Իսկ մեր այն հարցին, թե ինչի պատճառով առողջապահական համակարգը կանգնեց այս խնդրի առաջ, առողջապահության կազմակերպիչն ասաց. «Որպես առողջապահության կազմակերպիչ կարող եմ ասել, որ առողջապահության նախարարության բացթողումներից առաջացավ։ Այս խնդիրը առաջին անգամ չէ, որ պատահում է։ Սա հիմնականում ոչ ճիշտ ռազմավարության մշակումն է, և ֆինանսների ոչ ճիշտ բաշխման արդյունք է։ Անկեղծ ասած՝ ինձ համար սա նորություն չէ, նախորդ տարի էլ նման խնդիր կար, վիրավոր զինծառայողների բուժօգնությունն էր վտանգված, բավական մեծ աղմուկ բարձրացավ, և Կառավարությունն իր պահեստային ֆոնդից գումար փոխանցեց, որպեսզի մարդկանց բուժօգնությունը հնարավոր լինի ապահովել։ Այս տարի հիմա չգիտենք՝ ինչպես կլինի, շատ դեպքերում պացիենտները ուղղակիորեն չեն դիմում բժշկի, առանց դրա էլ մեր մոտ դիմելիությունը ցածր է, դրա համար էլ տարբեր հիվանդացություններից մեր մոտ մահացությունը բարձր է, և նման վիճակին հաջորդելու է մահացությունների էլ ավելի շատացումը»,- ասաց բժիշկը։

Մատնանշելով նախարարության սխալ ռազմավարություն իրականացումը՝ Գրիգորյանն ասաց. «Դեռևս 2018թ-ին, երբ որ մինչև 18 տարեկան բոլորի բուժումը սարքեցին անվճար, ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, որ դա երկարատև, հարատև ծրագիր չի կարող լինել, քանի որ առանց լուրջ տնտեսական աճի հնարավոր չի ավելացնել կոնկրետ ոլորտի ֆինանսավորումը, դա արվում է մեկ այլ բանի հաշվին, որովհետև եթե փողի քանակը նույնն է, մենք չենք կարող ուղղակիորեն վերցնել ու մի ոլորտի ֆինանսավորումը ավելացնել, բայց պոպուլիզմը իր գործն արեց։ Իրենք որոշումը ընդունեցին, մի տարի ձգվեց դա, հետո արդեն սկսվեցին պրոբլեմները»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով,- «պետությունը գրանտային ծրագիր չէ, ես հասկանում եմ, որ այսօր պետության ռեժիմի մոտ կանգնած անձինք սովոր են հիմնականում գրանտային միջոցների վատնմամբ զբաղվել և ինչ-որ ծրագիր անել, վերջացնել, բայց սա ծրագիր է և պետական կառավարման տեսանկյունից պետք է իր հարատևումը ունենա, եթե մենք այսօր որոշում ենք ընդունում, ապա պետք է կայացնել այնպիսի որոշում, որ մեր համաքաղաքացիները իմանան, որ պետությունը իրենց համար հուսալի քաղաքականություն է իրականացնում, ոչ թե նման կերպ։ Որոշումը ընդունում են, կեսից ասում են՝ գումար չկա։ Եթե գումար չկա, որոշումը չընդունեիք, քաղաքացին էլ ձեր վրա հույս չդներ»։

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ շատ պետպատվերով սպասարկվող հիվանդներն այս խառնաշփոթ իրավիճակում, սպասելով իրենց բուժմանը կամ վիրահատության հերթին, այդպես էլ չեն հասցնում օգտվել պետպատվերից, Գրիգորյանն ասաց. «Մենք խոսում ենք այնպիսի մի պետության մասին, որտեղ առողջապահության նախարարը իրավաբան է, պաշտպանության նախարարը ՝ պատմաբան, վարչապետն էլ լրագրող է, և դուք ուզում եք, որ խառնաշփոթ չլինի։ Դուք խոսում եք ոչ կոմպետենտ Կառավարության, ոչ կոմպետենտ կադրերի և ոչ կոմպետենտ ղեկավարման ձևին մասին։ Դուք խոսում եք այն մարդկանց մասին, ովքեր չեն պատկերացնում՝ պետական կառավարումն ինչ է, նրանց համար պետական կառավարումը ոնց որ դուքան լինի։ Պետությունը նման ձևով չեն կառավարում։ Սա ընտրության մասնակցած մեր բնակչության մեծամասնության ընտրությունն է, իրենք պետք է վայելեն դա, և այն մարդիկ, ովքեր ձայնը տվել են ՔՊ-ին, պետք է ոչ թե հիմա բժշկներից պահանջեն, որ իրենց անվճար բուժեն, այլ գնան մտնեն ԱԺ և պահանջեն․ մեր գործը բուժելն է, ոչ թե նման հարցերով զբաղվելը։ Առանց իշխանափոխության այս խնդիրը չի լուծվելու»։

Իսկ պատասխանելով մեր այն հարցին, թե շատ բուժհաստատություններ պետպատվերի շրջանակներում հրաժարվում են սպասարկել պացիենտներին՝ պատճառաբանելով, որ արդեն իսկ կան կուտակված պարտքեր բուժհաստատություններում, Գրիգորյանն ասաց. «Դա արդեն բուժկենտրոնների ղեկավարության խնդիրն է, թող դատի տան պետությանը և պահանջեն որ իրենց հասանելիք գումարը տան։ ԱԺ նախագահին ավտոմեքենա գնելու համար 90 մլն դրամի ունի, զրահապատ 9 մեքենա շարասյունով վարչապետին ուղեկցելու համար փող ունի, բայց առողջապահության փող չունի Կառավարությունը։ Պետք է ուղղակի իրենց ընտրած Կառավարությունից պահանջեն իրենց գումարները»։